Դասագրքերի մասին

Դասագրքերի մասին
Հավանաբար բավական արտառոց կդիտվի այսօրվա խմբագրականը. մեզանում դպրոցն ու դասագիրքն այնքան չեն կարեւորվում, որ քաղաքական օրաթերթերից որեւէ մեկն անդրադառնա դասագրքերի թեմային եւ վերլուծություն անի: Սակայն ես ուզում եմ մեջբերել մեր թերթի 5-րդ էջում զետեղված Լիլիթ Տեր-Գրիգորյանի հոդվածի այն միտքը, թե ողջ մամուլը զբաղված է ընդունելության քննությունները լուսաբանելով, իսկ դասագրքերի թեմային ոչ ոք չի անդրադառնում, մինչդեռ այն երկրի համար մի քանի կարգ ավելի կարեւոր է: Արդեն մեկ ամսից ավելի է, որ մեր թերթը պարբերաբար տպագրում է դասագրքերի հեղինակների հոդվածները, որոնք մասնակցել են այս տարվա մրցույթին, պարտվել եւ իրենց դժգոհությունն են հայտնում դրա վերաբերյալ: Հարգված, ողջ կյանքում գիտությամբ, դպրոցով ու մատաղ սերնդի կրթությամբ զբաղվող մարդիկ են հոդվածագիրները, որոնց խոսքը պարզապես պարտվածի նեղացկոտություն չէ: Արժեր, որ նրանց լսեին: Մինչդեռ այս ընթացքում ընդամենը կրթության եւ գիտության նախարարի մի քանի տողանոց արձագանքն է հետեւել եւ կուլիսային բացատրություններ, թե Աշոտյանը դասագրքերով չի զբաղվում, այս գործն իր ձեռքն է վերցրել վարչապետը՝ իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի եւ նրա մտերիմ, կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ: Վերցրել են, եւ արդյունքում մրցույթի շահողներն էլ նրանց «մտերիմներն» են: Տեր Աստված, մտածում ես՝ այս ուր է գլորվում մեր երկիրը, եթե անգամ դասագրքերի ընտրության մեջ է մենաշնորհ ու կոռուպցիա մտել: Եթե փող աշխատելու այս մի հնարավորությունն էլ չեն թողել իրական մասնագետներին: Եթե դասագրքի ընտրության հարցում էլ են կեղծիքներ անում: Եվ դասագրքերի հեղինակների հույսն այն է, որ երկրի նախագահը կկարդա իրենց հոդվածներն ու կշտկի դրությունը: