Արարատում արշալույսները խաղաղվեցին

Արարատում արշալույսները խաղաղվեցին
Ընտրակեղծի՞ք, թե՞ ոչնչից մեծ աղմուկ....



Արարատի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Հակոբ Թովմասյանը քվեարկության ավարտից մոտ 30 րոպե առաջ ահազանգեց, որ 18/04 տեղամասում իբրեւ ընտրակեղծիք է գրանցվել: Ըստ Հակոբ Թովմասյանի, Գարիկ Հովսեփյանը եկել է քվեարկության, բայց նրա տեղը ստորագրված ու քվեարկված է եղել:



Սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ տվյալ ընտրողի մայրն է սխալվել ու ստորագրել որդու տեղը: Ըստ ԸՕ-ի` լրագրողներին չի թույլատրվում լուսանկարել ընտրացուցակները: Նման իրավունք ունեն միայն թեկնածուները կամ նրանց վստահված անձինք, այն էլ ոչ թե լուսանկարել, այլ քաղվածք անել ընտրացուցակներից:



Հ. Թովմասյանը նշեց, որ ինքը պատրաստվում է դիմել ՀՀ ԿԸՀ-ին ու գլխավոր դատախազությանը: Ի պատասխան մեր հարցմանը` հանդիպելու այդ ընտրողին` Հ. Թովմասյանը ասաց, որ «Գարիկ Հովսեփյանը վախենում է վերադառնալ ընտրատեղամաս», իսկ թե ինչու` նա չպարզաբանեց: Ամեն դեպքում, մեզ հաջողվեց Արարատի թաղամասերից մեկում հանդիպել Գարիկ Հովսեփյանին:



27-ամյա երիտասարդը չթաքցրեց, որ չի քվեարկել գործող քաղաքապետի օգտին: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա, ըստ Գ. Հովսեփյանի, ինքը պատահաբար Հ. Թովմասյանին որպես հարևան`պատմեց, որ մայրը սխալմամբ ստորագրել էր իր տեղը: Գ. Հովսեփյանի պատմելով, այս խոսքերից հետո, թեկնածուն` Հ. Թովմասյանը միանգամից «իրեն տարավ նախընտրական շտաբ, սկսեց զանգահարել ամեն տեղ` հայտարարելով, որ ընտրակեղծիք է եղել: «Սա ընտրակեղծիք չի, ես չեմ բողոքում, ես քվեարկել եմ իմ ուզած մարդուն, եւ ոչ մեկը ինձ չի ճնշել ու ոչինչ չի ասել»,-ասաց նա:



Ավարտ



Քվեարկությունը Արարատում ավարտվել է, ու ըստ նախնական տվյալների` 12800 ընտրողներից մասնակցել է 5680-ը: 5259-ը քվեարկել է Աբրահամ Բաբայանի օգտին, 230-ը Հակոբ Թովմասյանի օգտին:



Չի  շնորհավորի



Հակոբ Թովմասյանը հայտարարեց, որ ինքը  չի շնորհավորելու ընտրված քաղաքապետին,  քանի որ Աբրահամ Բաբայանը լեգետիմ չէ: Ըստ Հ. Թովմասյանի, ինքը ամեն ինչ կասի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսում: