Այսպիսի երկիր

Այսպիսի երկիր
Ինչ տպավորություն է թողնում այս օրերին Հայաստանը դրսից մեզ հետեւող մարդկանց վրա: Մի խումբ տաքգլուխ երիտասարդների ոստիկանները պարբերաբար ծեծում են ու տանում ոստիկանություն: Ողջ երկիրը խոսում է սրանց վնասվածքների մասին, նրանց հարազատներն ու ընկերները օրերով հավաքվում են ոստիկանության առաջ, բողոքի ակցիաներ անում, փաստաբաններ վարձում, լրագրողների ու քաղաքական գործիչների հետ պայքարում, որ նրանց ազատեն: Իսկ մինչ այդ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները ձեւ են անում, թե բանակցում են, երկխոսում եւ պետության ու ազգի խնդիրներն են համատեղ լուծում: Հաջորդ տեսարանը. մեծ խումբ մարդիկ պայքարում են, որ օրվա հացից չզրկվեն: Նրանց ընտանիքները կերակրող կրպակները իշխանությունը որոշել է ապամոնտաժել՝ իբր ՀՀ մայրաքաղաքում ամեն ինչ գեղեցիկ է, աչք շոյող ու բարեկարգ, եւ միայն այդ կրպակներն են տեսքը փչացնում ու տուրիստներին Երեւանից վանում: Եվ ինչ է մտածում օտարերկրացին մեր մասին՝ այս ի՞նչ պետություն է, որ իր քաղաքացու շահը ստորադասում է ինչ-որ հորինված գեղագիտական պահանջների: Այս ի՞նչ երկիր է, որտեղ մարդիկ մաքառելով են ապրում, եւ իշխանությունը, փոխանակ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, փակում է դրանք: Մի տեսարան էլ մենք ավելացնենք. շենքը, որտեղ տեղավորված են «Հրապարակի», «Հետքի», «Ա1+»-ի խմբագրությունները, պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Այստեղ են տեղավորված նաեւ քաղաքապետարանի մի շարք վարչություններ: Ահա այս շենքը երկու օրից ավելի է՝ հոսանքազրկված է: «Հրապարակն» այս օրերին տպագրվում է մեծ ճիգերով՝ «արտագնա» ռեժիմում: Իսկ քաղաքապետը, փոխանակ իր ենթակա վարչությունների եւ իրեն պատկանող շենքի բարեկարգման ու տարրական պայմանների ստեղծման մասին մտածի, կրպակներ է ապամոնտաժում: