Թացը չորի հետ

Թացը չորի հետ
Մարդիկ բաժանվել են 2 բանակի՝ մի մասը ոստիկաններին է մեղադրում, մյուս մասը՝ ՀԱԿ երիտասարդներին: Օգոստոսի 9-ի միջադեպի 2 տարբեր մեկնաբանություն է շրջում: Ըստ մեկի, որի ամենավառ կրողը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է, երիտասարդներն իրենց լկտի են պահել, վիրավորել, հայհոյել ու քաշքշել են ոստիկաններին: Ըստ երկրորդի՝ երիտասարդները դաժանաբար ծեծվել են եւ վիրավորանքից անցել ինքնապաշտպանության՝ իրենք էլ են հայհոյել ու քաշքշել: Երկու մեկնաբանությունն էլ «կյանքի իրավունք» ունի: Շատ հնարավոր է, որ երիտասարդներն իրենց վատ են պահել: Դե, երիտասարդ լինելը նաեւ տաքարյունություն, սխալներ անելու հավանականություն, աղջիկների առաջ աքլորանալ է ենթադրում: Եվ եթե անգամ այդպես է, ապա բոլորովին պարտադիր չէ, որ կովկասցուն վայել պահվածքի համար նրանք նստեն, դատվեն ու պատժվեն: Բայց մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, չգիտես ինչու, ավելի հակված ենք կարծելու, որ մեղքը ոչ թե երիտասարդներինն է, այլ ոստիկաններինը, որոնք, իրենց սովորույթի համաձայն, ապօրինի են գործել՝ ծեծել են, վիրավորել, հրահրել միջադեպը: Ես փորձեցի «Յութուբում» տեղադրված ու ոստիկանության ցուցադրած կադրերից հասկանալ, թե ինչ է իրականում կատարվել, եւ ամենակարեւորը՝ ով է մեղավոր: Ցավոք, այդ կադրերից միայն հասկացվում է, որ դրանք 1. կիսատ են կամ մոնտաժված, 2. ցույց են տալիս տղաների սարսափելի ջղագրգիռ ու հուզված վիճակը, ինչը կարող է դրան նախորդած դեպքերի արդյունք լինել, 3. անգամ այդքան նյարդային վիճակում տղաներն առանձնապես սարսափելի բան չեն անում, հակառակը՝ փորձում են կառավարել իրենց: Հետեւություն՝ այսքան տարի տեսանկարահանումներ անող ոստիկանները ոչ կարողանում են նորմալ տեսագրել, ոչ էլ իրենց ծառայողական պարտականություններն են լիարժեք կատարում: