Ծիծաղ արցունքների միջից

Ծիծաղ արցունքների միջից
Երբ կեղծիքի օրինականացման փորձերը շարքային քաղաքացին է անում, իրավապահները փորձում են օրենքի ուժով դրա դեմն առնել: Քրեական օրենսգրքում բազում նման հոդվածներ կան՝ խարդախության, կեղծ սնանկության, ապօրինի վաշխառության կամ անօրինական ձեռնարկատիրության մասին: Իսկ երբ կեղծիքն օրինականացվում է օրենսդիր մարմնի մակարդակով, ի՞նչ է արվում՝ ոչինչ: Մենք բոլորս տեղյակ էինք, իսկ օրերս Հայ ազգային կոնգրեսի հրապարակած ցանկից համոզվեցինք, որ թվով առնվազն 76 պատգամավորներ բիզնես գործունեություն են ծավալում՝ անկախ Սահմանադրության արգելքից: Ընդ որում, այդ ցանկի դեմ գրեթե առարկություններ չեղան, այնպես մի քանի թույլ քրթմնջոցներ, որոնք ավելի շատ հաստատեցին, քան հերքեցին ասվածը: Եվ այսպես, ի՞նչ ունենք: Ունենք օրենք գրող եւ օրենքը խախտող, ոչ՝ ավելի շուտ օրենքի տառը ոչնչացնող օլիգարխների մի բանակ, որը ջայլամի նման գլուխը մտցրել է ավազի մեջ եւ մեզ էլ ստիպում է չնկատել իր կատարած ապօրինությունները: Թերեւս կառարկեք, թե նրանք բիզնեսի հիմնադիրներ են կամ կառավարման խորհրդի նախագահներ, կամ փայատերեր, այլ ոչ թե գործարարությամբ զբաղվող անձինք: Ահա հենց այստեղ է թաղված շան գլուխը՝ իրականում այս բոլոր անձինք կեղծիք են կատարում, ձեւացնում, թե իրենք ձեռնարկատեր չեն: Խաբում ու ֆռռացնում ոչ միայն ընտրողին, այլեւ օրենքն ու Սահմանադրությունը: Նրանցից ոմանք այս հարցում հասել են զավեշտի աստիճանի: Ասենք՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն առանց թաքցնելու հայտարարում է, որ «Դար-21»-ը պահելու համար այն գրել է կնոջ անունով եւ կեղծ ամուսնալուծություն ձեւակերպել (տես էջ 3): Չէ, չէ, մի մտածեք՝ ինքը լավ ամուսին է, կնոջ հետ է ապրում, բայց դե որ օրենքը պահանջում է՝ ամուսնալուծվել է: Սրան ռուսն ասում է՝ ի սմեխ, ի գրեխ: