Կարծես ինքն էր բանդան վնասազերծել

Կարծես ինքն էր բանդան վնասազերծել
Այս շաբաթվա թեժ թեման Մյասնիկյանի պողոտայում սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդան էր: Վերջին շրջանում բացառապես վարկաբեկիչ փաստերով աչքի ընկնող ոստիկանությունը հպարտորեն շահարկեց այս բացահայտումը: ԶԼՄ-ները ողողվեցին ոստիկանական համակարգի հերոսական ներկայի մասին նյութերով:



Ակտիվորեն հանդես եկան եւ դափնիները վայելեցին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները: Հատկապես ջանք չխնայեց Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Նրա պահվածքից տպավորություն ստեղծվեց, թե նա ոչ թե հանրապետության ոստիկանության ղեկը ստանձնելու հավակնություններ ունի, այլ լրատվական գործառույթներ իրականացնելու:



Պարզվեց, որ լրատվության նման «անկառավարելի» հոսքը խիստ զայրացրել է Ալիկ Սարգսյանին, եւ նա նախատրամադրված եկել էր թերեւս ոչ այնքան կառավարության նիստին մասնակցելու, որքան լրագրողներին անձամբ իրազեկելու: Բայց ափսոս, որ ասելիքը էքսկլյուզիվությունը կորցրել էր, եւ այն կրկին վերածվեց էմոցիոնալ բռնկումների:



Լրագրողների «գրկում» հայտնված ոստիկանապետն առանց դիմադրության ենթարկվեց նրանց եւ հարմար տեղավորվեց բրիֆինգների սրահում: Բնականաբար, կրքեր բորբոքվեցին, երբ հնչեց պաշտոնյաների որդիների՝ բանդային մասնակցության չարչրկված հարցը: Ալիկ Սարգսյանն այս «թյուրիմացությունը» պայմանավորեց ինֆորմացիայի ազատ հոսքով: Ճիշտ է՝ ինքն է պնդել, որ բաց ու թափանցիկ  աշխատեն, բայց դա իր դեմ ուղղվեց:



«Մարդիկ, որոնք ուղիղ առնչություն չեն ունեցել ձերբակալման եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման հետ կապված, առավոտ գիշերով սկսեցին պարզաբանում տալ: Ես առավոտյան նայեցի մամուլում ու շատ զարմացա: Այն շատ վնասել է ճիշտ լրատվությանը: Սա ինձ վնաս բերեց, եւ ես հիմա կարող եմ ուղղակի հրաման արձակել եւ արգելել բոլորին լրատվության հետ շփվել, որ այսպիսի դեպքեր չլինեն, ու ավելորդ հերյուրանքներ չտարածվի մամուլում եւ ինչու չէ՝ տարբեր մարդկանց, պաշտոնյաներին վարկաբեկիչ նյութեր չտպագրվի… Թող զանգեն մեր լրատվության վարչության պետին»,- վիրավորված կոչ արեց նա: Իսկ ավելի  խորամուխ լինելով հարցի մեջ, ասաց, որ տարբեր մարդկանց անուններ կարող են հնչել. քանի որ մի անգամ հաց են կերել կամ առնչվել են որեւէ հարցով, դա չի նշանակում, որ բանդայի անդամ են:



Սակայն ոստիկանապետը ժամանակին ինքն է նման ենթադրություն արել, երբ լրագրողը հարցրել էր, թե հնարավո՞ր է այդ խմբում լինեն նաեւ նախկին իրավապահներ, քանի որ շատ հմուտ են գործում, ոստիկանապետն ասել էր, որ ինքն էլ ունի նման ենթադրություններ:



Իսկ երեկ, անդրադառնալով իր այս մտքին, արդարացրեց, թե հիմնվել է տվյալ պահի օպերատիվ տեղեկատվության վրա, ապա խոստովանեց, որ այդ միտքն արտահայտելու համար հետո «իրեն քննադատել են կարկառուն դեմքերը»: Այնուհետեւ հայտարարեց, որ իրավապահ համակարգի նախկին աշխատողներ բանդայում չկան:



Գործարարը կարկառուն դե՞մք է հանցագործ աշխարհում



«Նա կարկառուն դեմք է հանցագործ աշխարհում, բոլորն են նրան ճանաչում, շատ հնարավորություններ ունի, շատ բաների է տիրապետում, ի տարբերություն հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչների, եւ ներգրավված է բանդայում»,- ոստիկանապետն այսպես բնութագրեց բանդայի պարագլուխներից Արտուշ Հակոբյանին (նախաքննական մարմնի պնդմամբ՝ նա է վնասազերծված բանդայի պարագլուխը: Նրան երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել բանդիտիզմի եւ ավազակային հարձակման հոդվածներով):



Վերջինս «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին է: Ի դեպ, այս ընտանիքից բերման են ենթարկվել նաեւ եղբայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, իսկ Արտուշ Հակոբյանի կինն արդեն չորս օր է, ինչ կալանավորված է, գտնվում է կանանց գաղութում:



Սակայն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սուրիկ Հակոբյանը հայտարարել է, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են… «Սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքը, ուրիշ ոչինչ»,- ասել է Սուրիկ Հակոբյանը, որն ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում բողոքել էր ՀՀ հարկային քաղաքականությունից եւ ասել, որ ուզում է բիզնեսը տանել Վրաստան։



Երբ լրագրողներն այս մասին հայտնեցին ոստիկանապետին, նա պնդեց. «Ուղղակի բիզնեսի հետ կապ չունի, էդ տղային որեւիցե մեկը բիզնեսի համար չի մեղադրել, ընդհակառակը, մենք կողջունենք, որ էդ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները, այսպես ասած, ովքեր մի քանի անգամ արդեն դատապարտված են եղել, զբաղվում են բիզնեսով, ավելի մեղմ ձեւակերպեմ, թող աշխատեն մարդկանց ունեցվածքին աչք չգցեն, ոչ թե մտնեն մարդկանց տները, տեռորի ենթարկեն ազգաբնակչությանը»,- ճիշտ տեռորի ենթարկվածի հայացքով ասաց Ալիկ Սերգեյիչը: