Կանգնել է հայ բռնցքամարտիկների թասիբին

Կանգնել է հայ բռնցքամարտիկների թասիբին
Օրերս ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ էր գրել ադրբեջանցի մտավորականին, որտեղ ադրբեջանցիներին խորհուրդ է տալիս նախ կողմնորոշվել, թե ովքեր են իրենք: «Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան... Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է՝ դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան»,- նշել է Սոս Սարգսյանն իր ուղերձում ու ավելացրել.



«Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել: Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել դուք մեզ Սումգայիթում: Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ փառք Ալլահին: Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները: Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»:



Երեկ մենք կապվեցինք վարպետի հետ, որը, չնայած վատառողջ լինելուն, այնուամենայնիվ պատասխանեց մեր մի քանի հարցերին, մասնավորապես, թե ո՞րն է եղել նամակը գրելու շարժառիթը: Սոս Սարգսյանը նշեց, որ գլխավորապես պատճառ է հանդիսացել վերջերս Բաքվում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանցիների պահվածքը հայ բռնցքամարտիկների նկատմամբ, բայց «իհարկե, ասելիքը կուտակվել էր տարիների ընթացքում»:



Ինչ վերաբերում է նրան, թե նամակը կոնկրետ հասցեատեր ունե՞ր, որի անունը նշված չէր, թե՞ ավելի շատ ընդհանրացված է ի դեմս ադրբեջանցի մտավորականի, դերասանը պատասխանեց, որ նամակն ընդհանուր ադրբեջանցիներին էր հասցեագրված: Իսկ հարցին՝ պատասխան նամակ ստացե՞լ է, թե՞ ոչ, դերասանը նշեց, որ անձամբ ինքը տեղյակ չէ: