Կկամրջի՞ Ծառուկյանն անցյալը, ներկան ու ապագան

Կկամրջի՞ Ծառուկյանն անցյալը, ներկան ու ապագան
Երեկ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանի ամբիոնից մի հայտարարություն արեց, որը կարելի է համարել ԲՀԿ դիրքորոշման հստակեցումը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Մարդկային բարոյական արժեքներն անփոփոխ են եւ մնայուն. կան քաղաքական կուսակցություններ եւ ղեկավարներ, որոնք կամուրջ են անցյալի ու ներկայի հետ:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայի եւ ապագայի կամուրջ է՝ մնայուն գործերով եւ բարոյական կերպարով»,- հայտարարեց Էնֆիաջյանը, որը, ինչպես հայտնի է, իր հայտարարություններում հնչեցնում է ոչ այնքան իր, որքան հատկապես ԲՀԿ ղեկավարի տեսակետները:



«Կամուրջ անցյալի ու ներկայի հետ». վատ չէ ասված: Մնում է հասկանալ, թե ում նկատի ԲՀԿ անդամը՝ անցյալ եւ ներկա ասելով, եւ այդ որ անցյալն ու ներկան է պատրաստվում կամրջել Ծառուկյանը: Իր ստեղծման օրվանից ԲՀԿ-ն համարվել է Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտը, եւ ստեղծման հինգ տարիների ընթացքում ԲՀԿ-ից որեւէ մեկը չի էլ փորձել հերքել դա: 2008թ. նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալ է, իսկ ներկան նախագահ Սերժ Սարգսյանն է: Արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է կամուրջ լինել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, մանավանդ որ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ նրանց հարաբերությունները լարվել են:



Իսկ գուցե անցյալ ասելով՝ Էնֆիաջյանը նկատի ունի ավելի՞ վաղ անցյալը, մասնավորապես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ուզում է նրան կամրջել ներկա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել ԲՀԿ-ի հետ: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի համար ընդունելի քաղաքական ուժ է: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, ինչը նշանակում է, որ այս կուսակցությունը եւ նրա առաջնորդը կարող են կամրջել անցյալն ու ներկան, դառնալ միջնորդ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ:



Եթե ուշադիր եք, ըստ Էնֆիաջյանի, Ծառուկյանը կամուրջ է ոչ միայն եւ ոչ այնքան անցյալի ու ներկայի, որքան ներկայի եւ ապագայի միջեւ: Սա նշանակում է, որ Ծառուկյանը չի պատրաստվում լինել միայն անցյալում կամ բավարարվել միայն ներկայով, այլ ուզում է իր տեղն ունենալ ապագայում: Մանավանդ որ Վահե Էնֆիաջյանն ունի դրա հիմնավորումը, որը նա արտահայտեց իր հայտարարության տեքստում.



«Ուղղորդելով եւ օրինակ լինելով ժողովրդի համար, վճռական ենք: Բայց ուժեղին հարիր հանդուրժող ու ներողամիտ: Քաջ գիտակցում ենք, որ շրջապատված ենք երկրներով, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Պիտի միշտ լինենք համերաշխ, առաջին հերթին երկրի ներսում, որպեսզի յուրաքանչյուրը համոզվի, որ խնդիրները կարգավորվում են, եւ կա վճռականություն՝ լրացնելու առկա բացերը երկրի բոլոր համակարգերում»:



Այս տարվա փետրվարի 17-ին ստորագրելով կոալիցիոն նոր հուշագիրը՝ Ծառուկյանը գրեթե նույն բառերով ու նախադասություններով էր հիմնավորել գործող նախագահին հաջորդ նախագահական ընտրություններում պաշտպանելու իր պատրաստակամությունը. արտաքին թշնամիներ, մարտահրավերներ, կայունություն, հանդուրժողականություն: «Քանի որ երկիրը ծանր խնդիրների առջեւ ծառացած է այսօր՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական, իսկ երկրի նախագահը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ ինքն իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա այդ խնդիրների վերաբերյալ լիարժեք բանակցություններ վարել, խնդիրները լուծում ստանան հօգուտ երկրի, հօգուտ ժողովրդի բարեկեցության եւ բարգավաճման»,- ասել էր Ծառուկյանը:



Ամենայն հավանականությամբ հիմա նոր հռչակագիր ստորագրելու անհրաժեշտություն չի առաջանա: Ի՞նչ իմաստ ունի ամեն անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե դրա փոխարեն կարելի է խոսել այն մասին, որ շրջապատված ենք երկրներով, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ դրա համար պետք է համերաշխ լինենք առաջին հերթին երկրի ներսում: Ո՞ւմ համար պարզ չէ, որ երկրի ներսում համերաշխ լինելը նշանակում է, որ պետք է մնալ կոալիցիայում: Հենց համերաշխ լինելու հանգամանքն էլ կապահովի Ծառուկյանի՝ ներկան ու անցյալը կամրջելու ցանկության իրականացումը:



Ավետիս Բաբաջանյան