Դավիթ Հարությունյանի ճամպրուկն ի՞նչ արժե

Դավիթ Հարությունյանի ճամպրուկն ի՞նչ արժե
ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ «Չեխական ավիաուղիների» միջեւ կոնֆլիկտը, մեր տեղեկություններով, հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, եւ Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»:



Հայցն ընդունվել էր, եւ այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: «Ի՞նչ ընթացքում է կամ ինչպե՞ս է ավարտվել ավիաընկերության հետ Ձեր կոնֆլիկտը»,- երեկ Հարությունյանից հարցրել է մեր թղթակիցը: «Չգիտեմ, իրավաբաններն են զբաղվում այդ հարցով»,- պատասխանել է նա: Դատական նիստեր չե՞ն եղել:



«Եղել են, իրավաբաններն են զբաղվում, ես դրանով չեմ զբաղվում»: Ճի՞շտ է, որ հաշտություն եք կնքել: «Չգիտեմ, իրավաբաններն ունեն լիազորությունների շրջանակներ եւ այդ շրջանակներում գործում են»: Կտա՞ք Ձեր փաստաբանների անուններն ու կոնտակտները՝ իրենցից տեղեկություն իմանալու... «Դրանք անհատական տվյալներ են, որոնք չեմ հայտնելու»,- պատասխանել է Հարությունյանը:



Անհասկանալի է, թե ինչու է պրն. Հարությունյանը թաքցնում այս տեղեկությունը: Չէ՞ որ դա կխթանի, որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դատարան եւ պաշտպանեն իրենց իրավունքները: