Քանի դեռ ուշ չէ

Քանի դեռ ուշ չէ
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի, համայնքի ավագանու առաջին անդամ Սոֆյա Այվազյանը զանգահարել էր մեր խմբագրություն` ակնկալիքով, որ մեր միջոցով համայնքի  իրավախախտ անձանց նկատմամբ իր երկարատեւ պայքարը հաջողությամբ կպսակվի, եւ առաջիկայում ՃՈ նոր հանձնախումբ կգնա Իջեւան եւ Լուսաձոր: Տիկնոջ պատմելով՝ եղելությունն այսպիսին է. ինքն այս տարվա հուլիսին գրավոր դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին (Մարգար Օհանյանը նոր էր պաշտոնանկ եղել) եւ հայտնել, որ գյուղում իր հարեւան Կարո Այվազյանը եւ նրա որդին` Արման Այվազյանը, որը ժամկետային ծառայության մեջ է, ծառայում է Երեւանում, օգտագործում են Կարոյի հոր` Հրանդիկ Այվազյանի անվամբ գրանցված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը, որը չունի պետական համարանիշներ, տեխնիկական զննություն չի անցել: Մեզ զանգահարող կնոջ ասելով, նման ավտոմեքենաների շահագործումը վտանգում է գյուղի բնակիչների կյանքը, եւ ինքը մտավախություն ունի, որ դրանք մի փորձանք են բերելու գյուղի գլխին:



Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնակատար Լ. Մելքոնյանն  օգոստոսին տիկնոջը գրավոր պատասխանով հայտնել է, որ վերոնշյալ անձինք նախազգուշացվել են` «հետագայում չշահագործել առանց հաշվառման համարանիշի ավտոմոբիլը»:  «Հրանդիկ Այվազյանի մեքենան չի ունեցել ոչ պետհամարանիշներ, ոչ տեխնիկական զննություն է անցել, ոչ էլ պարտադիր պետական ապահովագրություն է ունեցել, սակայն Ճանապարհային ոստիկանությունը միայն առանց համարանիշներ վարելու համար է վարչական իրավախախտման արձանագրություն կազմել»,- հայտնեց  տիկինը:



Բազմաթիվ բողոքներից հետո, հոկտեմբերի 9-ին, Սոֆյա Այվազյանն ինտերնետային բողոք-նամակ է ուղարկել ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին.  «Իմ դիմումի կապակցությամբ վարչությունից եկան 2 աշխատակից, ինձ ստիպում էին, որ ես բացատրության մեջ նշեմ, որ շնորհակալ եմ տեղի` Իջեւանի «ԳԱԻ» պետ Բոյաջյանից, այնինչ դժգոհ եմ այն բանի համար, որ իմ 3 ահազանգերին ժամանակին ընթացք չի տվել եւ ամեն անգամ միայն կրկնել է, որ նրանք 100 հազար դրամով տուգանվել են: Մինչդեռ հարցը շարունակում է չլուծված մնալ»: