Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ
«Մենք կողմնակից ենք, որ պարզ եւ թափանցիկ լինի ամեն ինչ, բայց գիտենք, որ հավասար պայմաններ չեն ապահովում մեր երկրում ցանկացած օրենքի առջեւ. դա է մեր հիմնական մտահոգությունը»։ Վաղամեռիկ Ամալյա Կոստանյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահն այսպես է ասել մի առիթով: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահը միշտ ակտիվ էր, եռանդուն ու միշտ պայքարում էր արդարության համար՝ պատմում են նրա գործընկերները: Երեկ Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի կենտրոնն ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն համատեղ միջոցառում էին կազմակերպել:



Այն նվիրված էր Ամալյա Կոստանյանի հիշատակին: Սահմանվել է նրա անվան մրցանակ, որը պետք է ստանար քաղաքացիական հասարակության կայացման գործում առավել մեծ ներդրում ունեցած գործիչը: Մինչ կհայտարարվեր մրցանակակրի անունը, ելույթով հանդես եկան նրա ընկերները,  համակիրներն ու հարազատները: Ի թիվս այլոց, ելույթ ունեցավ նաեւ Ամալյայի եղբայրը՝ Հովհաննես Կոստանյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Ամալյային չմոռանալու համար, ապա ցանկություն հայտնեց.



«Ես ցանկանում եմ, որ Ամալյա Կոստանյանի արած գործը դուք բոլորդ շարունակեք, ու գա մի օր, որ մենք էլ այդ գործի կարիքը չունենանք, այսինքն լինի օրինական ու անկաշառ հասարակություն»: Ամալյա Կոստանյանի անվան մրցանակն ստացավ  իրավաբան Արտակ Զեյնալյանը: Ի դեպ, նա զարմացավ, թե ինչու հենց ինքը. «Այս մրցանակին արժանի են թե Էդիկը, թե Լեւոնը, Արթուրը Սաքունց ու էլի կան մարդիկ, իսկ թե ինչու ես…: Պետք է նշեմ, որ մրցանակն ինքը ծանր է, իսկ այն պահելը՝ ավելի ծանր, սակայն ես կտանեմ այդ ծանրությունը եւ կպահեմ այն իր անվանը համարժեք պատասխանատվությամբ»: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այս մրցանակաբաշխությունը շարունակական կլինի:



Հարություն Մկրտչյան