Լեգենդների շարքից

Լեգենդների շարքից
Երեկ հանրապետության նախագահի հրամանագրով ձեւավորվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Անունն արդեն խոսուն է, իսկ Սերժ Սարգսյանի ուղեկցող ելույթն՝ առավել եւս: Սույն մարմինը՝ 5 հոգանոց կազմով, պետք է զբաղվի 500 պետական այրերի եկամուտներով ու գույքով, էթիկայի ու վարքականոնի նուրբ խնդիրներով: Եթե անհրաժեշտություն ծագի՝ պատժի: Եթե քաղաքացիներից դիմումներ ստանա՝ զբաղվի: Ուսումնասիրություններ անի, եզրակացություններ կազմի եւ ներկայացնի հանրապետության ղեկավարությանը: Ազնիվ, ես կասեի՝ հայրենանվեր զբաղմունք: Մանավանդ որ այն միջազգային կառույցների պահանջով է ձեւավորվել՝ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում: Այժմ եկեք մտովի պատկերացնենք, թե դա ինչպես է կատարվելու մեզանում: Ասենք, այդ հանձնաժողովի քննության առարկան դառնալո՞ւ է արդյոք մեր հարգելի Աղվան Գառնիկիչի վարքն ու էթիկան: Մասնավորապես՝ «Շանթ» ընկերության եւ Ղարիբյան եղբայրների ճակատագրի առումով: Մի տեսակ հավատս չի գալիս, որ երիտասարդ իրավաբաններից կազմված խումբը կարողանալու է այդ հարցին որեւէ կերպ մոտենալ: Կամ՝ ասենք, Սյունիքի մեր հարգելի մարզպետը եթե կրկին որոշի կին գործարարի վրա ձեռք բարձրացնել, դա դառնալո՞ւ է արդյոք լայն լիազորություններ ունեցող այս հանձնաժողովի քննության առարկան: Կամ, եթե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը որոշի երթուղայինների նոր գծեր ձեռք բերել, կբռնի՞ արդյոք նրա ձեռքը: Էլ չենք խոսում թոռներին ու ծոռներին փափուկ աթոռների նստեցնելու փորձերի մասին, որոնք եւս հանգիստ տեղավորվում են կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում: Իսկ եթե շմայսներն ու լեդիները Ազգային ժողովի դահլիճում հայհոյեն ու մարդ ծեծեն, այս հանձնաժողովն ի՞նչ է ձեռնարկելու: Անհամբեր սպասում եմ հանձնաժողովի առաջին քայլին: