Փոխքաղաքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից

Փոխքաղաքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Փաստը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց նաեւ ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր: Մեր թղթակցի հարցին, թե ինչն է դրդել նրան լքել հարազատ կուսակցությունը, վերջինս անչափ օրիգինալ պատասխան է տվել. «Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը՝ համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը: Էս համոզմունքով էլ ես 2008-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Հիմա էլ կոալիցիան իրա գործն արդեն կատարել է, ես էդպես եմ մտածում, շատերն էլ են տենց մտածում, եւ չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ: Ես համ էլ զինվորական եմ եւ համոզված շարունակում եմ գնալ իմ ճանապարհով՝ հավատալով, վստահելով երկրի նախագահի քաղաքականությանը: Էս ա իմ դիրքորոշումը»: Մեր թղթակցի հարցին, իսկ հնարավո՞ր է, որ արդեն նախկին ԲՀԿ-ականը համալրի ՀՀԿ շարքերը, Խաչատրյանն ասել է. «Ոչ, ոչ, ես չեմ մտնի կուսակցություն, ես զինվորական եմ: Ես մտածելու շատ բաներ ունեմ, էս պահին որոշումներ չեմ կայացրել, ընդամենը ուզում եմ մնամ իմ երկրի նախագահի կողքին»: Երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է հնչել, որը համահունչ է այս հայտարարությանը. Վանո Սիրադեղյանի «Ճուտը»՝ Սուրեն Սիրունյանը, հայտարարել է, որ ետ է վերցնում Եվրադատարանին ուղղված իր դիմումը, եւ մեղադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ մարդկանց եւ մասնավորապես իրեն օգտագործելու մեջ: Թե ինչ կապ ունի Տեր-Պետրոսյանն իր՝ ԵԴ դիմելու հետ, պարզ չէ, բայց նախընտրական շրջան է, եւ այսպիսի զարմանազան հայտարարություններ դեռ շատ կհնչեն: