Չեն ուզում հավելյալ ցավ պատճառել

Չեն ուզում հավելյալ ցավ պատճառել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատարանում, դատավոր Ալեքսեյ  Սուքոյանի նախագահությամբ, երեկ կայացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ երկրորդ դատական նիստը:



Նախորդ նիստը հետաձգվել էր հայցվոր կողմի միջնորդությամբ` գործում պաշտպան ընդգրկելու համար: Երեկվա նախնական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է հայցի առարկան եւ նշել, որ հայցադիմումում լրացում է կատարվել:



Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել մեր թերթին Վովա Գասպարյանի տված հարցազրույցում տեղ գտած մտքերը, ինչպես նաեւ «Զինուժ»-ին տված հարցազրույցը:



Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար:



Փաստաբանի կողմից մատնանշված լրացումը մասնավորապես վերաբերում է նրան, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցապահանջի այն մասից, որը վերաբերում էր զոհված զինծառայողների ծնողներին:



Հայցապահանջում մնացել է միայն կազմակերպության գործարար համբավին հասցված վնասի մասը: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայցապահանջում կատարված այդ փոփոխությունը բացատրեց նրանով, որ չեն ուզում հավելյալ ցավ պատճառել այդ ծնողներին: «Մենք համարեցինք, որ այդ ամենը լրացուցիչ ցավ է պատճառելու ծնողներին, հիշեցնելու է նրանց նորից այդ ամենը: Հենց այդ պատճառով էլ փոփոխեցինք հայցադիմումը»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը: