Մեր անօթեւան գարունը

Մեր անօթեւան գարունը
ՓՈԴՐԱԹ



Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքը հլու-հնազանդ հանձն է առել ՀԱԿ-ի ցուցակը կազմելու աշխատանքը, ոգեւորել է այդ գործում դժվարություններ ունեցող արտակոնգրեսական ուժերին, մասնավորապես ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, Ազատ Ժառանգությանը եւ մնացած մանր-մունրներին: Նրանք հավանաբար կդիմեն առաջին նախագահին, որ մի-մի ցուցակ էլ իրենց համար կազմի: Բայց այս դեպքում անվճար ծառայության մասին խոսք լինել չի կարող, ասում են ՀԱԿ-ից: Լեւոն Տեր-Պետրոսյանը կհամաձայնի պայմանով միայն, եթե Կոնգրեսից մեկ-երկուսի անունն ընդգրկվի նրանց ցուցակների անցողիկ տեղերում:



ՄԵԾԱՏԱՌ «Ժ»,



ՓՈՔՐԱՏԱՌ «Ժ»



«Ժառանգությունը կմիանա ՀՀԿ-ին մի դեպքում միայն` եթե ՀՀԿ-ն դառնա ժառանգություն»: Լարիսա Ալավերդյանի գլուխգործոց մտքերից է: Ինչու գլուխգործո՞ց: Բացատրենք: Միտքն այս ասվել է բանավոր: Հիմա ուշադրություն դարձրեք վերջին բառին` «ժառանգություն»: Մեծատառո՞վ, թե՞ փոքրատառով է արտասանել Լարիսա Ալավերդյանն այդ բառը: Իրենից ճշտելու կարիք չկա: Որովհետեւ հենց ճշտեցինք` գլուխգործոցը կմեռնի:



ՆՈՐ ԴԱՇԻՆՔ



ՕԵԿ մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ նախկին գյուղնախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, ամենայն հավանականությամբ, կլինի ՍԻՄ ցուցակում: Այդպիսի տեսակետ, իբր, ձեւավորվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ՍԻՄ-ն էլ է արժանացել ՕԵԿ ճակատագրին եւ դուրս է մնացել ՀՀԿ ցուցակից: Իսկ մեր հարցին, թե ինչու հենց Գերասիմ Ալավերդյանը, ՕԵԿ-ից պատասխանեցին շատ կարճ` եսիմ:



ՈՒՍՏԱ ՏԻԳՐԱՆ,



ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ…



Անցյալ օրը, լույսը չբացված, «Հայկական ժամանակից» իմացանք, որ մենք` ՀՀ քաղաքացի կոչվածներս, 1480-ական դոլար պարտք ենք ինչ-որ անտեսանելի մեկին, ով այդ փողերը վստահել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ասեմ` խմող մարդու համար քիչ գումար չէ. պաշտոնական տվյալներով` 4 միլիարդ 137 միլիոն դոլար: Անձամբ ես իմ բաժին պարտքը կարող եմ տալ բացառապես «կյանք՝ պարտքի դիմաց» ծրագրով, քանզի, հայտնի է` քյաշ փող չկա եւ չի էլ նշմարվում:



ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱՐՁՐ



ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ



Պարզվում է, գրքերի թանկացումը ՀՀ վարչապետին ավելի շատ է մտահոգում, քան ՀԳՄ վարչապետին: Նույնիսկ ֆինանսների նախարարն է գրախանութներն ընկել` պարզելու համար, թե ինչու հանկարծ թանկացան գրքերը: Այս ընդհանուր թոհուբոհի մեջ Անանյան Լեւոնը Թումանյանի տան բանալիներն է զնգզնգացնում` ծափ, ծլնգոց, մեջը զնգոց…. Ու մեկ էլ դիմում է գրողներին` վախկոտներիդ ես թաղեմ, ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ…



ՎԵՐԻՆ ՍԱՄՍՈՒՆԳԱՇԵՆ



«Samsung»  ընկերությունը ներկայացրել է իր նոր` «Galaxy Tab 2» պլանշետը` 10,1 դյույմանոց էկրանով: Նոր պլանշետը կփոխարինի 2011-ի ամռանը թողարկված նախորդին` «Galaxy Tab 1»-ին, սակայն էականորեն չի տարբերվի նրանից:



«Galaxy Tab 2»-ի հիմքում «Android 4.0.» ծրագիրն է: «Samsung» ընկերությունն առայժմ չի նշում դրա գինը եւ վաճառքի հանելու ժամկետները: ՀՀ կառավարությունը կարող է դառնալ նորույթի առաջին խոշոր գնորդը: Այս օրերին ճշտվում են գործարքի հետ կապված որոշ մանրամասներ: Մասնավորապես` կարելի՞ է արդյոք շարիկ գլորել այդ պլանշետով, թե՞ այն նախատեսված է մինչեւ 16 տարեկանների համար: