Նորից «Եվրատեսիլը»

Նորից «Եվրատեսիլը»
«Եվրատեսիլի» հայկական բոյկոտն առայսօր շրջանառվում է թուրք-ադրբեջանական ու արեւմտյան լրատվամիջոցներում: Անդրադարձները մեկ ընդհանուր կողմ ունեն` բոլոր հոդվածներում մերժումը կապվում է ղարաբաղյան հակամարտության հետ: Ինչպես եւ ակնկալվում էր, Ադրբեջանն ու Թուրքիան լծվել են Հայաստանի մերժումը ներկայացնելու ամենամռայլ գույներով ու բացահայտելու հայկական «ստորությունը»: Մասնավորապես, թուրքամետ բլոգերներն ու լրատվամիջոցները մեկնաբանում են, որ հայերը միշտ էլ փորձել են «Եվրատեսիլը» նշանավորել հակաադրբեջանական քարոզչությամբ, ներկայանալով «օկուպացված» տարածքներում գտնվող սարերի, հուշարձանների պատկերներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով «ազդելով ադրբեջանցի եւ թուրք հանդիսատեսի նյարդերի վրա»:



Իսկ քանի որ այս անգամ հակաադրբեջանական քարոզչությունը Բաքվում անհնար էր, Հայաստանը, իբր, փորձեց լեգենդներ տարածել, որ Բաքուն հայ երգչի համար անվտանգ վայր չէ: Սակայն, ըստ մի ադրբեջանական լրատվամիջոցի, Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունից հետո, որը բացահայտել էր, որ հիասթափված է Հայաստանի որոշումով, քանի որ Ադրբեջանն ու ԵՀՄ-ն խոստացել էին ապահովել պատվիրակության անվտանգությունը, «հայկական կողմի քարոզչությունը, թե Ադրբեջանում անվտանգ չէ, հօդս ցնդեց, եւ Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլին» անիմաստ դարձավ»: Փաստորեն, Ադրբեջանը փորձում է ապացուցել միջազգային հանրությանը, որ մշակութային նշանակություն Հայաստանի համար «Եվրատեսիլը» չունի, այլ ընդամենը բարձրախոս է` Ադրբեջանին ծանակելու համար:



Այս իրավիճակում թուրքական տեսակետը կարող է գերիշխող լինել, հատկապես, որ անգլերենով հայկական տեսակետ հարցի վերաբերյալ դժվար է համացանցում գտնելը, բայց մեզ օգնության է հասնում ու մասամբ իրավիճակը շտկում մեր կամքից ու կարողություններից անկախ մի գործոն` արեւմտյան անաչառ լրատվությունը: Արեւմտյան լրատվակայքերը ներկայացնում են «Հայլուրի» տարածած հաղորդագրությունն այն մասին, որ չնայած այն բանին, որ Ադրբեջանն անվտանգության խոստումներ է տվել Հայաստանի պատվիրակությանը, Ադրբեջանի նախագահը հայերին համարել է Ադրբեջանի թիվ մեկ թշնամին, եւ անտրամաբանական է գնալ մի երկիր, ուր քեզ ընդունելու են իբրեւ թշնամի: Փաստորեն, անգամ «Հայլուրի» արտահայտած մտքերը երբեմն կարող են էական լինել միջազգային հանրությանը տեղեկացնելու համար: Արեւմտյան բոլոր լրատվամիջոցները, առանց բացառության, իրենց նյութերին կցել էին «Հայլուրի» բացատրությունը, որը փոքր-ինչ փոխում էր պատկերը` իրազեկելով այն մասին, որ Ադրբեջանի նախագահը հակաժողովրդավարական հայտարարություն է արել:



Թուրքամետ լրատվամիջոցները միաձայն հայկական բոյկոտը վերնագրել էին` հայկական քարոզչության տապալումը:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ