«Մեծ սպասումներ»

«Մեծ սպասումներ»
Հինգ օր ես ինձ զգում էի որպես Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության քոլեջի ֆոտոլրագրության բաժնի ուսանող. հինգ օրով Հայաստանում էր լոնդոնյան Հաղորդակցության քոլեջի ֆոտոլրագրության դասախոս, վավերագրական լուսանկարիչ Պատրիկ Սադերլենդը, ով այս ոլորտում մի քանի տասնամյակների հարուստ փորձ ունի, հրատարակել է մի քանի գիրք, արժանացել «Ուորլդ Փրես» մրցանակի եւ արդեն շուրջ երկու տասնամյակ լուսանկարների միջոցով վավերագրում է Հյուսիսային Հնդկաստանում գտնվող, տիբեթական մշակույթ ունեցող Սփիթի համայնքը:



Սա այն դեպքն է, երբ իսկապես կարելի է ասել, որ ինձ բախտ վիճակվեց մասնակցել նրա վավերագրական լուսանկարչության դասընթացին, որը հայաստանյան 18 մասնակից լուսանկարիչների համար կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը, «Ռուբեն Մանգասարյան» մեմորիալ հիմնադրամը եւ Կովկասյան ինստիտուտը: Դասընթացը, ապա նաեւ լուսանկարչական ցուցահանդեսը Բրիտանական ֆիլմերի փառատոնի եւ Չարլզ Դիքքենսի 200-ամյակի շրջանակում կրում էր «Մեծ սպասումներ» վերնագիրը` Դիքքենսի համանուն ստեղծագործության հիման վրա: «Մեծ սպասումներ» խորագրի ներքո էլ արվեցին այն լուսանկարները, որոնց ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ երեկ, «Մոսկվա» կինոթատրոնում:



ՊԱՏՐԻԿ ՍԱԴԵՐԼԵՆԴ



Պատրիկն այն մարդկանցից է, որի արտաքինից երբեք չես կռահի նրա ով լինելը. բարձրահասակ, նիհար, անգլիացու սառը, հավասարակշռված դեմք, սեւ շրջանակով ակնոց, սպիտակ վերնաշապիկ, մոխրագույն ժիլետ ու սեւ տաբատ, միակ գունավոր կետը Պատրիկի արտաքինի մեջ  նրա գուլպաներն էին, որոնց գույնն ամեն օր փոխվում էր` կանաչ, վարդագույն, կապույտ, ու այդպես հինգ օր շարունակ, որոնց գունային փոփոխություններին արդեն ամբողջ խմբով էինք սպասում: Մի խոսքով, Պատրիկն ինքն արդեն տեղով մեկ կադր էր, ով, հակառակ իր կանոնիկ արտաքինի ու հագուկապի, առաջին բանը, որ սովորեցրեց` դուրս գալ ամեն տեսակ կանոններից: Նա ամեն անգամ մեղմ ժպտում էր ի պատասխան ճիշտ ու սխալ, լավ ու վատ լուսանկարների մեր հարցերին ու իր կողմից ընդգծում, որ լուսանկարչության մեջ չկան կանոններ, եւ ինքը եկել է ոչ թե սովորեցնելու ինչպես նկարել, այլ ինչպես կադրում մտածել: «Լուսանկարչությունն ապարատը չէ, այլ այն, թե ինչպես եք աշխարհը տեսնում»,- ասում է Պատրիկն ու բերում աշխարհահռչակ մի շարք լուսանկարիչների օրինակներ, ովքեր նկարել ու անգամ նախընտրել են քսան դոլարանոց պլասմասսե ապարատներ, ինչը չի խանգարել նրանց ճանաչմանն ու սեփական ձեռագիրն ունենալուն: Առհասարակ Պատրիկը հետաքրքիր էր ոչ միայն իր ուսուցման ձեւի մեջ, որն ամբողջությամբ պրակտիկ աշխատանքների վրա էր կառուցել, այլ նաեւ իր աշխարհայացքով: Պատրիկի կարծիքով, երբեմն լավ լուսանկարը հրաշալի լուսանկարից տարբերվում է միայն հինգ սանտիմետրով, դրա համար նա բոլորին խորհուրդ  է տալիս լուսանկարելու ընթացքում անընդհատ շարժվել, ապա ասում, որ ինքը երբեք չի շտապում, նախ կանգնում է, սպասում, որ կադրի մեջ մի բան պատահի, ապա նոր նկարում:



300 ԴՐԱՄԱՆՈՑ ՀՈՒՅՍ



Այսպես էի վերնագրել իմ լուսանկարները, որի հերոսները լոտո վաճառող մարդիկ էին, նրանք, այսպես ասած, «մերօրյա հրաշագործներն» էին, որոնք մարդկանց հույս ու հաղթանակի սպասում են նվիրում: Իսկ հաղթանակի կարիք բոլորս ունենք, ու երբ այն ուշանում է, մենք սկսում ենք հաղթանակներ փնտրել ամենուր, այդ թվում լոտոյի տոմսում: Պատրիկը հավանեց լուսանկարներս, նա ընդհանրապես հավանեց ողջ խմբի աշխատանքը, ավելին` վերջում, ցուցահանդեսի ժամանակ ասաց, որ հպարտ է, թե ինչ արդյունքի կարողացանք հասնել այս մի քանի օրերի ընթացքում, եւ խորհուրդ տվեց, որ մենք էլ հպարտանանք: