Ռաֆայել Իշխանյանի ուրվագիծը Վահան Տերյանի ֆոնին

Ռաֆայել Իշխանյանի ուրվագիծը Վահան Տերյանի ֆոնին
Ռաֆայել Իշխանյանը Վահան  Տերյանի պաշտամունք ուներ: Նա համարում էր, որ եթե կազմեն աշխարհի լավագույն բանաստեղծների ցուցակը, Տերյանը կգտնվի առաջին հնգյակում: Այդուհանդերձ, նա պակաս կարեւոր չէր համարում պոետի հայանպաստ գործունեությունը եւ, առաջին հերթին, նրա բացառիկ դերը գրական հայերենի ստեղծման, հղկման եւ կատարելության հասցման գործում: Իշխանյանն իր ուսանողներին պարտադրում էր անգիր սովորել ու արտասանել Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ եւ դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետեւ նա համարում էր, որ, սերտելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:



Իշխանյանն ինքը, իր կյանքով ու դավանած գաղափարներով, նման էր Տերյանին: Նախ, երկուսն էլ սիրահարված ու անմնացորդ նվիրված էին հայոց լեզվին եւ ամեն ինչ անում էին այդ գանձի պահպանման ու զարգացման համար: Երկուսն էլ իրենց կյանքն անմնացորդ նվիրել են հայ ժողովրդին՝ փորձելով հասկանալ նրա դժբախտությունների պատճառը եւ գտնել փրկության ճիշտ ուղին: Երկուսն էլ առաջնահերթությունը տալիս էին հոգեւորին, այլ ոչ թե նյութականին: Նրանց համար առաջնայինը հայրենիքին եւ ժողովրդին ծառայելն էր, այլ ոչ թե   ընտանիքի եւ բարեկամների բարեկեցության հարցերի լուծումը: Չնայած որ երկուսն էլ նվիրված էին իրենց ընտանիքներին եւ ընկերներին:



Վահան Տերյանն իր մահից հետո ոչինչ նյութական չի թողել, բացի իր ձեռագրերից ու գրքերից՝ ոչ տուն, որը նա երբեք չի ունեցել, ոչ ունեցվածք, ոչ փող: Տերյանի ձեռագրերը նրա այրիից՝ Անահիտ Տերյանից, զենքի սպառնալիքով խլել է այն ժամանակվա կարկառուն չեկիստ Պողոս Մակինցյանը՝ պետականացնելու պատրվակով եւ… սեփականացրել է: Այսօր էլ դրանք պահվում են նրա դստեր տանը, որը ոչ մի կերպ չի համաձայնում վաճառել կամ հրապարակել ձեռագրերը՝ չնայած կատարվել են նրա բոլոր պահանջները: Ինչ վերաբերում է  գրքերին,  Տերյանը դրանք ի պահ էր տվել Լազարյան ճեմարանի իր դասընկերներից մեկին, երբ հղի կնոջ հետ մեկնել էր վերջին՝ ողբերգական ավարտ ունեցած գործուղմանը: Եվ խնդրել էր լավ պահպանել, քանի որ դրանք ձեռք են բերվել մեծագույն զոհողությունների ու զրկանքների գնով: Այդուհանդերձ, Տերյանի գրքերը նույնպես պետականացվել էին ու հանձնվել Մյասնիկյանի անվան հանրային գրադարանին: Եվ,  ինչպես պարզել էր այդ հիմնարկությունում երկար տարիներ աշխատած Ռաֆայել Իշխանյանը, այդ գրքերը  չկան՝  բոլորը փոխարինված են նույն գրքերի այլ օրինակներով:



Ինքը՝ Իշխանյանը, որպես երկարատեւ եւ բեղուն   աշխատանքի արդյունք, իր ընտանիքին կարողացել էր թողնել խրուշչովյան շենքում գտնվող երկսենյականոց մի բնակարան, գրքեր ու ձեռագրեր: Բարեբախտաբար, նա չի ունեցել Վահան Տերյանի ընկերոջ նման մի չեկիստ դարձած «ընկեր», որը զենքի սպառնալիքով կխլեր դրանք:



Ռաֆայել Իշխանյանը, դատապարտելով Պողոս Մակինցյանի այդ արարքը, էլ ավելի դատապարտում էր նրա դերը հայոց լեզվի դասական  ուղղագրությունը փոխելու եւ այն այնքան այլանդակելու հարցում, որ հետագայում հարկ եղավ եւս մեկ  ռեֆորմ կատարել, որ լեզուն քիչ թե շատ խելքի գա: Ըստ Ռաֆայել Իշխանյանի, Պողոս Մակինցյանը, օգտագործելով  իր լուսժողկոմ (նախարար) լինելու հանգամանքը,  լեզվի  հարցը դրել է քվեարկության, բայց նրա առաջարկը սկզբից չի անցել, քանի որ ձայները կիսվել են: Տեսնելով այդ՝ Մակինցյանը քվեարկությանն է ընդգրկել Ռուսաստանից գործուղման եկած մի ռուս պաշտոնյայի: Եվ այդ ռուսի ձայնը դարձել է վճռորոշ՝ հայոց լեզվի հարցը լուծելիս:



Ռաֆայել Իշխանյանը ցավով էր հիշում ու չէր կարողանում մոռանալ, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է առաջին անգամ տեսել Վահան Տերյանի դստերը՝  Նվարդին: Դա եղել է 1951 թվականին, Երեւանի կենտրոնում գտնվող դատարանի շենքում: Իշխանյանի պատմելով, նա այնտեղ տեսել է մի ուշաթափված կնոջ եւ նրա 2 շփոթված ու լացող փոքրահասակ որդիներին: Ներկաները բացատրել են, որ դա Վահան Տերյանի դուստրն է՝ ապահարզանի դատից հետո: Այդ դատավարության արդյունքում սուտ վկայություններով վարկաբեկված կնոջը զրկել էին նույնիսկ ալիմենտ ստանալու իրավունքից…



Անհնար էր, որ Տերյանին այդքան պաշտող,  նրան հոգեհարազատ մարդը եւ նույնպիսի հայացքներ ունեցող նրա ընտանիքի անդամները չընկերանային Վահան Տերյանի միակ զավակի՝  Նվարդ Տերյանի ու նրա ընտանիքի հետ: Առավել եւս, որ Նվարդը ժառանգել էր իր հոր դիմագծերը, այլ ոչ թե մոր՝ գեղեցկուհի Անահիտ Տերյանի: Այդ երկու ընտանիքներին միավորում էր նաեւ ազատամտությունը, ինչն այն ժամանակ հետապնդվում էր: Համատեղ հանդիպումների ժամանակ քննարկվում էին հասարակությանը հուզող շատ հարցեր: Ռաֆայել Իշխանյանին ու Նվարդին հուզում էին նաեւ պաշտոնական տերյանագիտությանն ու Վահան Տերյանի կենսագրությանը վերաբերող բազմաթիվ խեղաթյուրումների հարցերը, որոնք մինչ այսօր էլ չեն ուղղվել:



1990 թվականին, երբ «գլխավոր տերյանագետ» Վաչե Պարտիզունու մոնոպոլիան սասանվեց, Ռաֆայել Իշխանյանը հրատարակեց «Տերյանն ինչպես որ կա» հիանալի գրքույկը, որտեղ նա իր գրականագիտական հոդվածների հետ մեկտեղ զետեղել է հուշեր պոետի մասին: Իշխանյանը դրանք լսել էր Վահան Տերյանի ժամանակակիցներից՝ բանաստեղծի դստեր տանը, որտեղ տերյանասերներն ամեն տարի հավաքվում ու իրենց սիրելի պոետի ծննդյան օրն էին նշում:



Այսօր թե Վահան Տերյանի, թե Ռաֆայել Իշխանյանի հոգիները երկնքում են: Եվ այնտեղից զարմացած դիտում են, թե ինչպես են հայաստանցիներն աղավաղում հայոց լեզուն եւ ինչպես են նյութականը դարձրել բացարձակ արժեք՝  ետին պլան մղելով հոգեւորը:



Գրիգոր



ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ