Մեր քաղաքը. Գարուն, Մահարի

Մեր քաղաքը. Գարուն, Մահարի
Երբ քայլում ես փողոցով ու արեւը նկատելով՝ բռնում է ճանապարհիդ գիծը, երբ բիբդ քսվում է արկղերի մեջ շարված դեղին ձնծաղիկների ու կապույտ մանուշակների թերթիկներին, երբ տխրությունը ստվերում դեռ կծկված՝ վերջին ձյան պատառի պես սկսում է հալվել. գարուն է, հարցեր չտվող տարածություն` ցավոտ` մարմինը կենդանությանը հանձնած: Չգիտեմ ինչու, բայց այս գարունը Գուրգեն Մահարին է: Նրա կինը` Անտոնինան, իր «Հիշողություններ եւ պատմվածքներ» գրքում  գրում է. 



«Այսօր էլ գարուն է, արդեն մարտի վերջը: Փողոցներում, ինչպես առաջ, մանուշակներ են վաճառվում… Ինձ ու Գուրգենչիկին գարունն այլեւս չի ուրախացնում… Ինչպես առաջ, մենք մանուշակներ ենք գնում, բայց այլեւս տուն չենք տանում… Այստեղ մեզ ոչ ոք չի սպասում»:



Փշալարերը ծաղկում են, ու փչում է բողբոջե քամին:



Ուզում ես խնդա, ուզում ես տխրի. տես, ոնց կուզես: Ուզում ես գլուխդ կախ քայլի, ուզում ես երկնքին նայելով. մեկ է` բողբոջը բացվում է քեզ համար:



«Գարուն, սպասիր».  սա է Մահարու գրականության վերնագիրը, որ կես դար բացակա է ներկաների մեջ, բայց ոչ գարնան:



Գուրգեն խանը փոխանցվում է միայն այն ժամանակ, երբ նրա ստեղծագործությունների մեջ տեղ գտած թվացյալ որսալի պատկերները հանկարծ կենդանանում են երեւակայությանդ մեջ` հեռվից ժամանած օտարականի ուսումնասիրող հայացքով: Այդպես էլ գարունն է: Գարնանն ամեն արեւի շող չէ, որ գարուն է, ամեն ձնծաղիկի գույն չէ, որ գույն է: Արկղերում դարսված են դեղին ձնծաղիկների եւ կապույտ մանուշակների կապուկները: Սկիզբը ցավի նրանց մեջ է. սկիզբը կենդանության, որ մեկ է՝ առանց քեզ երջանկացնելու է տարածությունը, որ վերադարձի տեսլական չունի:



Երբ նայում ես Մահարու անցած ուղուն` գալիքն է պատկերվում:



Երեւանում գարունն է:



Ոզում ես տաքացի, ուզում ես տրորի ստվերի մեջ սառած ձյան վերջին պատառը, մեկ է, փրկել  չի ստացվի. ծաղկելու են ծառերը` քեզ համար:



Մահարու կարտոֆիլը, որ վերջանում է, եւ խնդրանքը մի քանի կիլո կարտոֆիլի` այս գարնան համար է: Դա գարնան խնդրանքն է, որովհետեւ ոչ մի դեպքում «Անհարազատ չէ քեզ այս գարունը»:



Ուզում ես զզվի պետությունից, ուզում ես ատի իշխաններին, երջանիկ զգա, պաշտի կյանքը, նամակ գրի, պահանջի աստվածային քո կարտոֆիլը, մեկ է` մեղուն բզզալու է քեզ համար:



Երբ քայլում ես, փողոցով պիտի ավարտվի. ավարտվի խնդիրը քո, ավարտվեն փշալարերը ծաղկած, որոնք երբեք էլ երջանկության բերկրանք չեն պարգեւել. մեկ է՝ Մահարու ծաղիկը քեզ է նայում, ուրեմն.



 



Ժպտա, ժպտա դեղին բոցով,



Ժպտա ցավից. ժպտա վախից.



Դեղին ծաղիկ խեղճ ու խոցող,



Դեղին, դեղին խտուտ ծաղիկ…*



 



*Տողերը՝ Գուրգեն Մահարու «Խտուտ ծաղիկ» բանաստեղծությունից