Թատրոնն էլ փրկության ձեւ է

Թատրոնն էլ փրկության ձեւ է
Գիտե՞ք, որ Երեւանի «Շանս» ուսումնական կենտրոնում (Խանջյան 19) գործում են լեզուների, համակարգչային տարբեր ծրագրերի, այդ թվում` հաշվապահական, ծաղիկների հարդարման` իքեբանայի, բեմական արվեստի եւ խոսքի դասընթացներ: Վերջինիս շրջանակներում գործում է «Շանս» թատերական խումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է Ֆրանսիայի Մարսել քաղաքի ռեժիսորական քոլեջն ավարտած 24-ամյա Արմեն Դալլաքյանը: Խմբում դպրոցականներ են, տարբեր բուհերում սովորող ուսանողներ, պարզապես թատրոնի նվիրյալներ: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ թատերախումբը Հայաստանի Ճարտարապետի տան մեծ դահլիճում, մարտի 9-ին ներկայացրեց Արմեն Դալլաքյանի «Հարսնացուն Անգլիայից» երգիծական ներկայացումը: Այնպես էր պատահել, որ Հայաստանի հեռավոր, ավանդապահ գյուղերից մեկում դագաղագործ Փայլակի (Սասուն Յախշիյան) եւ Անթառամի (Դիանա Սարգսյան) ընտանիքի որդի Բաբկենը (Էդգար Ղուկասյան) հինգ տարի սովորել է Անգլիայում: Այդ ընթացքում ծանոթացել եւ սիրահարվել է մի անգլուհու` Ջինային (Մելանյա Նիկողոսյան): Նրանք վերադառնում են Բաբկենենց գյուղ եւ ամուսնանում: Առաջին հայացքից սյուժեն հիշեցնում է հանրահայտ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը:



Ներկայացման մեջ երկու ավանդապաշտ սիմվոլիկ ժողովուրդներ են, որոնք իրարից հեռու են հազարավոր կիլոմետրեր, եւ նրանց միջեւ ընդհանրություններ գրեթե չկան: Յուրաքանչյուրն ունի իր կենցաղը, զգացմունքների նիշը, աշխարհընկալումը, լեզուն ու լավի, վատի իր չափորոշիչները: Գյուղում դրանց միախառնումից ծնվում են զավեշտական իրավիճակներ: Գյուղի կերպարները հակված են միմյանց մեջ լավը, գնահատելին տեսնելու, որպեսզի օտար միջավայրերի ծնունդ հարս ու փեսայի ընտանեկան միությունն ամրություն հավաքի: Իհարկե, միությունը չի քանդվում, որովհետեւ, չնայած գյուղական կյանքի զոռբայություններին, բոլորն էլ օժտված են բավարար հանդուրժողականությամբ, փոխադարձ ներքին հարգանքով: Նույնիսկ օտարի նկատմամբ ուշադրությունն ու հարգանքն ավելի մեծ են, որ նրա վրա թողած տպավորությունը դրական լինի: Չնայած անգլուհի հարսը մի պահ ուզում է ետ վերադառնալ, սակայն հաղթում է սերը, հայկական քեֆ-ուրախությունը:



Ներկայացմանը ներկա էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսներից Երվանդ Խրիստաֆորովիչի, նույն ինքը` Ալամեզոնի դերակատար Երվանդ Մանարյանը: Նա իր խոսքում շոշափեց թատերական արվեստի խնդիրներ: «Լավ է, որ մեզ մոտ տիրող համատարած անորոշության, հուսալքության, գործազրկության պայմաններում կան երիտասարդներ, որոնք հուսահատ չեն, փնտրտուքի մեջ են: Ցանկալի է, որ այս  թատրոնը զարգանա, կայանա եւ ձեւավորի իր հիմնարար ասելիքները: Դրա համար մեզ խեղդող, անթիվ-անհամար խնդիրներից անհրաժեշտ է ընտրել հատկապես երիտասարդությանը հուզող եւ նրանց ջանքերով բացահայտվող, օրինակ, բնապահպանական, ճարտարապետա-քաղաքաշինական խնդիրներ: Այսպիսի թեմաներով թատերական ներկայացումները շատերի կյանքն են իմաստավորելու եւ հեռու պահելու մոլորություններից: Իսկապես, թատրոնն էլ փրկության ձեւ է»,- ամփոփեց 87-ամյա վարպետը:



Մարտին եւ Արամայիս Ասլնյանները