Ես չեմ ուզում դառնալ Նկարիչների միության նախագահ

Ես չեմ ուզում դառնալ Նկարիչների միության նախագահ
Նկարիչների միության «Կերպարվեստ» ամսագրում մոտ մեկ ամիս առաջ տպագրվել էր արտահերթ նիստի մի արձանագրություն, որտեղ Հայաստանի մի շարք ստեղծագործական միությունների ղեկավարներ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ, քննարկման էին դրել մեկ այլ` «Աշխարհի հայ նկարիչների միավորում» կազմակերպության ու նրա նախագահ Ղազար Միրզոյանի հարցը: Մասնավորապես Աղամյանը նիստի ժամանակ կասկածի տակ էր դրել «նորաստեղծ ինչ-որ միության» գործունեությունը, որը հովանավորվում է «կառավարության եւ, որքան էլ զարմանալի է` Արարատյան հայրապետական թեմի կողմից:



Բավական երկդիմի վիճակում են հայտնվել շատ նկարիչներ, որոնց համար անըմբռնելի է Ղազարի գործունեությունը, ով այցելում, շանտաժի է ենթարկում հատկապես երիտասարդ նկարիչներին, սպառնալով, որ եթե հանդես չգան «իր միության հետ», կատալոգում չի ընդգրկի, նկարներ չի գնի եւ այլն»: Նիստի ժամանակ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն էլ իր հերթին հետաքրքրվել է, թե «ինչ է նշանակում այդ կազմակերպության անվանումը` աշխարհի հայ նկարիչ, եւ ովքեր են դրա անդամները», Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի համար էլ անհասկանալի է եղել, թե «ինչ ճանապարհներով են նման նորաթուխ կազմակերպությունները ֆինանսավորվում», ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ տեղեկացրել է, որ մշակույթի նախարարին բազմիցս զգուշացրել է, որ «նման ոտնձգությունները հղի են անկանխատեսելի իրավիճակներով՝ վաղը նոր ափինյաններ եւ ղազարմիրզոյաններ ի հայտ կգան»: Ի վերջո միաձայն որոշում է ընդունվել վերոնշյալ հարցերն արծարծող նամակ պատրաստել, որը Կարեն Աղամյանը կհանձնի վարչապետին:



Թե ովքեր են «Աշխարհի հայ նկարիչների միավորման» անդամները, ինչ գործունեություն են ծավալում եւ որտեղից են ֆինանսավորվում, պարզեցինք հենց կազմակերպության նախագահ Ղազար Միրզոյանից, ով նշեց, որ միությունը գոյություն ունի 2009-ի դեկտեմբերի 1-ից, ու ցուցահանդեսներ կազմակերպելուց բացի տարեկան մոտ 5-6  գիրք են տպագրում: Միության գրանցված անդամներն էլ 150-ն են, բայց վերջին ամիսներին ունեցել են մոտ 100-150 դիմում: «Մենք ոչ թե քանակի վրա ենք աշխատում, որ շատ ձայն ունենանք, այլ որակի»,- ասում է Միրզոյանն ու տալիս իրենց միության անդամ հանդիսացող մի շարք նկարիչների անուններ` Ռոբերտ Էլիբեկյան, Հակոբ Հակոբյան, Էդուարդ Արծրունյան, Վարուժան Վարդանյան: Ինչ վերաբերում է աշխարհին, ապա, Միրզոյանի խոսքերով, միության անդամների մեջ նկարիչներ կան թե Հայաստանից եւ թե արտասահմանից` Շվեյցարիա, Ավստրիալիա, Գերմանիա, Ամերիկա, Իրան, Ռուսաստան: Իսկ պրոֆեսիոնալ նկարիչներից բացի, միության անդամ են նաեւ ժողովրդական ստեղծագործողները, որոնց նույնպես ցուցադրվելու հնարավորություն են տվել:



Միրզոյանը նշեց, որ իրենք անգամ համագործակցության առաջարկ են արել, բայց Աղամյանն ասել է, որ իրենց հետ չի ուզում աշխատել. «Երեւի մտածեց, որ շատ բան կիմանանք իրա ֆոնդերից եւ գործերից: Միգուցե ինքը մտածում է, որ ես ամեն ինչ անում եմ, որ դառնամ Նկարիչների միության նախագահ, բայց, ամենայն ազնվությամբ՝ դա ինձ պետք չի: Պարոն Աղամյանը շատ մեծ աճպարար է, եւ իր աճպարարությանը նույնիսկ Կոպերֆիլդը կնախանձի, որովհետեւ ինքը մեծ վարպետությամբ կարողանում է միության ունեցվածքը, տարածքներն ու շենքերը փոշիացնել:



Ինքը մեկ փաստաթղթում հանդես է գալիս որպես Նկարիչների միության նախագահ, մեկ այլ փաստաթղթում՝ տնօրեն եւ տնօրեն լինելով հանդերձ՝ մեծ քանակությամբ հողակտոր նվեր ա տալիս ինչ-որ մարդկանց: Հենց միայն Նկարիչների միության շենքի ամեն մի հարկից 2-3 մետր պակասել ա, էդ տարածքն ի՞նչ եղավ, կամ սրճարանը վաճառեցին 700 դոլարով, էդ էն գինն ա, որ տենց բան չի կարա լինի էդ տարիներին: Այսինքն՝ ամեն ինչ սեփականցրել ա, իրանով ա արել ու դրա համար իրեն ձայներ, կողմնակից նկարիչներ շատ են պետք, որովհետեւ միության 80 տոկոսն իրան դեմ ա, եւ ինքը նույնիսկ կանոնադրական խախտում է արել, չորս տարուց ավել է՝ միության համագումար չի արել, էն դեպքում, որ հասարակական կազմակերպությունները երկու տարին մեկ պիտի համագումար անեն: Դրա համար ստեղից-էնտեղից ինքնուս նկարիչներով համալրում ա միությունը եւ իրանց առաջ հարց ա դրել, որ ինձ ձայն պիտի տաք»: Ինչ վերաբերում է իրենց համագումարին, ապա իրենք երկու տարին լրանալուն պես արել են համագումար. «Այստեղ էնպես են անում, որ մենք չգիտեմ ինչ աղանդավորական խումբ ենք ստեղծել, դրսից գումարներ ենք ստանում, ուզում ենք երկիրը քանդենք, մենք ոչ մեկից գաղտնիքներ չունենք, մեր միակ հովանավորը «Բիլայնն» է, որի լոգոն, Կլիմկոյի խոսքը կա ամեն գրքում: Ես կարամ ուրիշ բան պահանջեմ, թող դնեն հաշվապահական աուդիտ անեն թե միության աշխատանքները եւ թե մեր, կտեսնենք որտեղից ինչ դուրս կգա: Կարեն Աղամյանի նախագահ լինելու օրվանից մինչ օրս միության ֆոնդի կեսը չկա, նա շատ անվանի նկարիչների գործեր չնչին գումարով վաճառում է»:



Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա մեկ անգամ է կառավարությունն իրենց օգնել` Նժդեհի գրքի ֆինանսավորման մի մասը վերցնելով իր վրա: «Կառավարությունն այդ գումարը մեզ նվիրել ա, մոտ մեկ միլիոն 500 հազար: Մենք իրենցից ոչինչ չենք խնդրում, բայց ինչ խնդրել ենք, երբեք չենք մերժվել»: Արարատյան հայրապետական թեմն էլ, ի դեմս Նավասարդ արքեպիսկոպոսի, միայն իր հայրապետական օրհնությամբ է նրանց աջակցում. «Ամեն մի գործ սկսելուց նախ գնում ենք նրա մոտ, ստանում ենք նրա հայրական օրհնությունը, խորհրդակցում ենք իր հետ, բայց իրանից փող չենք ուզում, մենք փողի կարիք չունենք, բայց որ ունենանք, վստահ եմ՝ ինքը մեզ կօգնի»: Հենց Էջմիածնում է գտնվում կազմակերպության պայմանական գրասենյակը, որն իրենից ներկայացնում է երկու սենյականոց բնակելի տուն. «Մերը Նկարիչների միության նման չէ, որ պետությունն ամեն ինչ անի մեր համար»:



Վերջերս Միրզոյանը իմացել է նաեւ, որ իրեն հեռացրել են Նկարիչների միությունից. «Անունը դրել ա, որ ես Նկարիչների միության հեղինակության հետ եմ խաղում, ինձ հեռացրել ա հունիս ամսին, իսկ թղթերը տվել ա դեկտեմբերին, ես անգամ չեմ էլ իմացել, որ վարչության նիստով ինձ գաղտնի հեռացրել են: Էս ամեն ինչը ինքն անում ա, որ իմ նման մարդկանցից ազատվի միությունը, որ իր ձեռքերը կապանք չունենան, էս ա խնդիրը»: Իսկ երբ արդեն նկարիչներից հետաքրքրվել է, թե ինչի են իրենց ստորագրությունը դրել իր հեռացման թղթի տակ, նրանք ասել են, որ ընդամենը ներկա-բացակայի թղթի տակ են ստորագրել.



«Վարչության նիստից առաջ, երբ նկարիչները գալիս են, ինքը ներկա-բացակայի թուղթը տալիս է ստորագրության, իսկ նիստից հետո այս կամ այն որոշման տակ դնում ա այդ ներկա-բացակայի թուղթը՝ որպես քվեարկության արդյունք, նույն ձեւով էլ եղել է իմ հեռացման հարցը»:   Ինչ վերաբերում է ղեկավար խորհրդի անդամներին, որոնք նույնպես առանձնակի լավ չեն արտահայտվել իր եւ իր կազմակերպության մասին, ապա, Միրզոյանի կարծիքով, այդ մարդկանց մոլորության մեջ են գցել.



«Բայց ինքն ու Լեւոն Անանյանը չէ, որովհետեւ Անանյանն իր տղային կարա զոհաբերի հանուն իրենց կեղտոտ խաղերի, որովհետեւ վարչապետի խոսակցությունն իր տղայի հետ ինքն ընկալուչում լսել ա, ինչն անթույլատրելի բան ա»: Ինչ վերաբերում է վարչապետին փոխանցվող նամակին, ապա դա նրա համար ծիծաղելի է, որովհետեւ վարչապետ իրենց բոլոր ցուցահանդեսներին մասնակցել է, եւ հետո՝ «ի՞նչ պիտի ասեն վարչապետին, որ Ղազարը թող ցուցահանդես չբացի՞»:



ՀԳ - Փորձեցի զրուցել նաեւ ՆՄ նախագահ Կարեն Աղամյանի հետ, ով թեմայի մասին տեղեկանալուց հետո նշեց, որ այդ թեմայով չի ցանկանում զրուցել: Նիստի արձանագրության շուրջ հրաժարվեց խոսել նաեւ նիստի քարտուղար Վրեժ Առաքելյանը, բայց պատճառաբանեց, որ Ղազար Միրզոյանին բոլորը գիտեն, ու դրա համար կարիք չկա նրան այդկերպ եւս մեկ անգամ «գովազդել»: