Ռեժիսորները վիճում են

Ռեժիսորները վիճում են
Մենք անդրադարձել էինք «Հայակ» կինոփառատոնին, որտեղ հաղթող ֆիլմերից մեկը Հովհաննես Գալստյանի ֆիլմն էր: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը քննադատել էր փառատոնն ու հաղթողներին: Ինչին ի պատասխան՝ ստացանք Հովհաննես Գալստյանի գրությունը: Ապա հաջորդեց կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի պատասխանը: Երեկ էլ ստացել ենք կրկին Հովհաննես Գալստյանի արձագանքը: Թերեւս նման ոճի եւ բովանդակության հրապարակումներն իմաստ չէին ունենա, սակայն, քանի որ հեղինակներն արվեստի, կինոյի աշխարհի մարդիկ են, եւ այս բանավեճը կարող է առողջ եզրահանգումների տեղիք տալ, ուստի որոշեցինք տպագրել դրանք:



 



«Հարգելի խմբագրություն



Թբիլիսիում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան հրավերով վաղը մեկնելու եմ Վրաստան` իմ ֆիլմը Կովկասյան կինոյի փառատոնում ներկայացնելու համար: Կազմակերպիչները նպատակահարմար են գտել Հայկական կինոյի ընտրանու մեջ ընդգրկել Բեկնազարյանի «Պեպո», Փարաջանովի «Նռան գույնը» եւ իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմերը: Սա կապ չունի «Հայակ» մրցանակաբաշխության հետ, ու հասկանալի է, որ մտավոր ամուլ սուբյեկտների նոր նոպաների առիթ է դառնալու: Բայց պիտի խնդրեմ տպել՝ որպես վերջերս տպագրված գարշահոտ նյութի պատասխան: Ստերիլության սրված զգացումը թույլ չի տալիս շփումներ ունենալ որոշ մարդկանց հետ (ժողովրդական խոսք կա նյութի մասին, որը հետո դժվար է մաքրվում), այդ թվում նրանց, ում մասնագիտական չկայացածությունը ստիպում է նվաստ ու նվազ փաստարկներ փնտրել... բայց ինչ անես` կյանք է: Մնացածը` Թբիլիսիից հետո:



ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ - 2009,  87 րոպե, Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա



ռեժիսոր/պրոդյուսեր` Հովհաննես Գալստյան



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐԱՄԱՏԻԿ ՖԻԼՄ, Հյուսթընի միջազգային կինոփառատոն, Տեքսաս, ԱՄՆ, 2010



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, 2011



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ, Օրենբուրգ, Ռուսաստան, 2009



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ 1991-2011 թ., ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխություն, Հայաստան, 2012



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ /նոմինանտ/ ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխություն... մեկ տասնյակ այլ մրցանակներ...



2011-ին Կաննի կինոշուկայում առաջին անգամ հայկական կինոյի պատմության մեջ գնվել է Համաշխարհային դիստրիբյուտորական ընկերության կողմից` INSOMINA World Sales.



Ցուցադրվել է աշխարհի 31 երկրներում...»:



Հարգանքով` Հովհաննես Գալստյան