ՀԱԿ-անդամ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը. Նա հեռանում է ՀԱԿ-ից

ՀԱԿ-անդամ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը. Նա հեռանում է ՀԱԿ-ից
Նախ  ուզում  եմ  ողջունել  բոլորիդ եւ իմ  խորին շնորհակալությունը հայտնել  ձեզ`    իմ հրավերը  հարգելու եւ  այսօր  այստեղ  ներկա  գտնվելու  համար:  Լրատվամիջոցներից  ներողամտություն  եմ  հայցում,  քանի  որ  գիտեմ,  վերջին  շրջանում    ինձ  ուղղված  հարցերին  բավարար  պատասխաններ  չեմ  տվել:  Չնայած,  խոստացել  էի  ինձ  ուղղված  բոլոր  հարցերին  անրադառնալ   ՀՀ ԱԺ  ընտրություններից  անմիջապես  հետո:



Ինչպես  գիտեք,  վերջին  երկու  ամիսների  ընթացքում,   ՀԱԿ-ի  վարած  քաղաքականության  եւ  ԱԺ  ընտրությունների  հետ  կապված  հարցերի  շուրջ  փորձել եմ  պահպանել  լռություն:  Ունենալով  որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ   լռությունս  հետապնդել   է  մեկ  նպատակ` ԱԺ նախըտրական  շրջանում`  Հայ  Ազգային  Կոնգրեսում,  միասնակնությունը  չխաթարել,  միեւնույն  ժամանակ,  այս ողջ  ընթացքում  իմ գործունեությամբ հնարավորինս  աջակցել  եմ  ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն  քվեներ ստանալու  համար: Ավելորդ  չեմ  համարում եւս մեկ անգամ նշել,  որ  դա  միայն  պայմանավորված է  եղել  ՀԱԿ-ում  միասնականությունը  չխաթարելու նպատակով,  ինչը  նաեւ  հասարակական  պահանջ  է եղել:   Եվ  քանի որ  ԱԺ ընտրություններն  արդեն  կայացած  իրողություն  են, խոստմանս համաձայն, այսօր  հանդես եմ գալիս  քաղաքական  հայտարարությամբ,  միեւնույն  ժամանակ  պատրաստակամություն  հայտնում`  պատասխանելու    ձեր  կողմից  տրվող բոլոր  հարցերին:



Վերջին շրջանում Հայ Ազգային կոնգրեսի  կողմից  իրականացվող  ներքաղաքական  կուրսը ոչ  միայն լրջագույն  խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի  ներսում, այլեւ իմ խորին  համոզմամբ, կասկածի  տակ դրեց  ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ  ունեցած վստահությունը, ինչն  իր  արտացոլումը  գտավ  2012թ-ի  մայիսի 6-ին  կայացած   ԱԺ  ընտրությունների արդյունքներում:  Երբեմնի  հզոր  կազմակերպված  ընդիմադիր  ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության  բացարձակ մեծամասնության  վստահությունը,  այժմ կարողացավ    հաղթահարել  ընդամենը   ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:



Ամենակարեւոր  խնդիրը, ինչին  կուզենայի  անդրադառնալ, դա Բարգավաճ Հայաստան  կուսակցության  հետ  համագործակցություն  սկսելու  անհաջող  փորձերն  էին,  ինչը  ցավոք  սրտի  շարունակվում  է  մինչ  օրս:  Նախ  պետք  է  արձանագրել,   որ   ԲՀԿ-ն   իշխանական  կլոալիցիայի մաս է  կազմել,  ներկայումս  կա,  եւ  ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ,   երկրում ստեղծված  ծանր  սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին  քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես  կեղծվող  բոլոր  մակարդակների ընտրությունների,  ազգային  աղետի  հասնող  արտագաղթի,  ինչպես  նաեւ  մնացած  բոլոր  ոլորտներում  տիրող  աղետալի  վիճակի  համար, ԲՀԿ-ն  հավասարապես  պատասխանատվություն  է  կրում:



Ավելին` գաղտնիք  չէ,  որ   Բարգավաճ-Հայաստան  կուսակցությունը   համարվել  եւ  համարվում  է Ռոբերտ  Քոչարյանի քաղաքական  հենարանը:  Եվ նպաստելով  այս  կուսակցության  վարկանիշի  բարձրացմանը, որում մենք  համոզվեցինք ԱԺ  ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում  ճանապարհ  հարթելու  Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության  հիմնական  դժբախտությունների պատճառը  հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու  իշխանության  տարիներին  են տեղի ունեցել մեր  նորօրյա պատմության  ամենածանրագույն  հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը  եւ  մարտի 1-ը:   Այս  մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ  իշխանական  համակարգին, որին  առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից  վար կոռումպացված  ավազակապետական համակարգ:



Այս  ամենով հանդերձ,  նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես  այս գործընթացին  մասնակից  դառնալու  որեւէ ցանկություն  չունեմ:



Հաշվի  առնելով  վերը  շարադրվածը`  հայտարարում  եմ  իմ  կողմից  ՀԱԿ Գյումրու  տարածքային  գրասենյակի համակարգողի պարտականությունների,  ինչպես  նաեւ  ՀԱԿ-ում  քաղաքական  գործունեությունս  դադարեցնելու  մասին:



Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի   մի միայն  փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ  փոխհարաբերությունների  տրամաբանության  մեջ, եւ ՀԱԿ-ի  նոմենկլատուրան  այս  հարցում  կունենա կարեւոր դերակատարում:



Այդուհանդերձ,  շնորհակալություն  եմ  հայտնում  ՀԱԿ  բոլոր համակիրներին 4 տարիների  համատեղ  պայքարի  համար, եւ հայցում վերջիններիս     ներողամտությունը,  եթե  ունեցել  եմ  թերացումներ  կամ  բաց թողումներ:



Հայ  Ազգային  կոնգրեսին  ցանկանում  եմ  արդյունավետ  աշխատանք    ՀՀ  Ազգային  Ժողովում:



Աշոտ Զաքարյան