Ես փախնողի կեցվածք չունեմ

Ես փախնողի կեցվածք չունեմ
Քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Գագիկ Բեգլարյանն անցել էր ընդհատակ: Չէր պատասխանում լրագրողների զանգերին, չէր մեկնաբանում իր անվան հետ կապված լուրերը:  Անգամ տրանսպորտի եւ կապի նախարար դառնալուց հետո էր հրաժարվում շփվել լրագրողների հետ: Կառավարության վերջին երկու նիստից հետո նա հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Սակայն երեկ նա լռության ուխտը խախտեց: Կառավարության նիստից հետո աստիճանների մոտ հանդիպելով լրագրողներին՝ մի քանի հարցի այնուամենայնիվ պատասխանեց: Այդ ժամանակ դրսում բողոքող կանանցից մեկը, ում տունը հանուն պետության գերակա շահի խլել էին, Բեգլարյանի հետեւից  բացականչեց. «Ինչո՞ւ եք փախնում, կանգնեք՝ Ձեզ հարց ունեմ»: Բեգլարյանը, «փախչել» բառը լսելով, մռայլվեց ու ետ եկավ: Տպավորություն էր, թե հաշիվ էր պահանջելու, սակայն դեմառդեմ կանգնելով կնոջ առաջ՝ ասաց. «Փախնելն իմ կեցվածքը չէ»: Տիկնոջ բողոքը լսելուց հետո տեղեկացրեց, որ ինքը նախարար է:



Այսքանով սահմանափակվեց քաղաքացիների հետ հանդիպումը: Թերեւս տղայական շրջանակներում «փախնելու» մեղադրանքը ամենամահացու մեղադրանքներից է: Ապա, երբ պետք է հեռանար, պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք անսպասելիությունից իրար անցան ու հարցերի տարափ թափեցին նախկին քաղաքապետի գլխին: Ինքն էլ, ի հեճուկս լրագրողների, մինչեւ վերջին հարցը պատասխանեց:  Բանը նրան էր հասել, որ երբ լռում էինք, ինքն էր հրահրում՝  ուրի՞շ, այլ հարցեր կա՞ն….



- Պարոն Բեգլարյան, Դոմինգոյի «չարաբաստիկ» համերգը Ձեր կարիերային նպաստե՞ց, թե՞ հակառակը:



- Ի՜նչ հիշաչար մարդ եք, մոռացեք ամեն ինչ. նոր աշխատանք, նոր ոլորտ:



- Այլեւս  կգնա՞ք  Դոմինգոյի համերգին:



- Մեծ սիրով, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել:



- Ամեն դեպքում, իր արվեստով հետք թողեց Ձեր կենսագրության մեջ…



- Էդ դեռ չգիտենք՝ լավ հետք, թե վատ… ինչի՞ եք անընդհատ Դոմինգոյին մեղադրում … Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետեւ իմ ճակատագիրը մեծամասնությամբ ես եմ կերտել:



- Կադրային փոփոխություն, ջարդ անելո՞ւ եք:



- Ինչ վատ բառ եք ասում՝ ջարդ… Մեզ մոտ սկզբունք կա, ով աշխատում է, լավ աշխատելու է միշտ:



- Քաղաքապետից հետո նախարարի պաշտոնին ինչպե՞ս եք վերաբերվում:



- Մոտ ապագայում կասեմ ձեզ:



 - Կվերադառնա՞ք քաղաքապետի պաշտոնին:



- Հիմա՝ չէ:



- Բայց, ասում են, հավակնում եք …



- Ո՞վ է ասում… Ես ուզում եմ իմ Հայաստանի, իմ պետության համար օգտակար բան անեմ, աշխատեմ՝ անկախ նրանից, թե որ ոլորտում կլինեմ:



- Տարոն Մարգարյանին արժանի իրավահաջորդ համարո՞ւմ եք:



- Տարոն Մարգարյանն իրականում արժանի քաղաքապետ է:



 - Խորհուրդներ տալի՞ս եք ինչ-որ հարցերում:



- Տարոն Մարգարյանը խորհուրդների կարիք չունի, իսկ որպես իրար հետ աշխատած լավ, մտերիմ ընկերներ, ինչի կարիք լինի, ես նրա կողքին կանգնած եմ:



  - Կիսատության զգացում ունե՞ք:  Չէ՞ որ անակնկալ հեռացաք:



- Քաղաքապետի աշխատանքը՝ ոչ մեկինը չի ավարտվում, Դուք երեւի չգիտեք, թե քաղաքապետն ինչ պաշտոն ա: Քաղաքում աշխատանքները երբեք չեն ավարտվում, քաղաքապետի աշխատանքը՝ նույնպես, շարունակական է, յուրաքանչյուր քաղաքապետ պետք է շարունակի նախորդի լավ արածները եւ վերացնի վատ արածները:



 - ՕԵԿ կադրերի հետ ինչպե՞ս եք յոլա գնում:



- Շատ լավ:



- Պարոն Բեգլարյան, տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ շփվում եք լրագրողների հետ, իսկ Դուք խուսափում էիք:



- Լսեք, ես սովորություն ունեմ՝ իրականում աշխատում եմ, ցույց եմ տալիս իմ աշխատանքս: Ժողովուրդ ջան, փախնելը լավ բան չի, մենք ասում ենք՝ չենք պատասխանում, երբ որ ժամանակ չկա, կամ կոնկրետ աշխատանքներ ձեր տված հարցերով ոլորտում չկան, չենք պատասխանում: Փախչելը լավ չի՜…



 - Իսկ Դուք համաձա՞յն եք Հովիկ Աբրահամյանի այն  համոզմանը, թե ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:



- Պարոն Աբրահամյանը շատ լավ մտքեր ունի, ուշադիր եղեք նրա մտքերին (ծիծաղում է՝ Գ. Ս.):