Գյումրին կոնֆետ չէ, որ նվեր տան եւ մանրադրամ չէ, որ փոխանակեն

Գյումրին կոնֆետ չէ, որ նվեր տան եւ մանրադրամ չէ, որ փոխանակեն
Ձեր թերթում մի փոքր ակնարկ էր հրապարակվել՝ «Գյումրին՝ Բալասանյանին նվեր» վերտառությամբ: Ես, լինելով այս երկրի քաղաքացի եւ, մեղքս ինչ թաքցնեմ, նաեւ որոշակիորեն տիրապետելով քաղաքական գործընթացներին ու հետկուլիսային կեղտոտ խաղերին վերաբերող որոշակի տեղեկատվության, չէի կարող անտարբեր մնալ եւ չփորձել գոնե «Հրապարակ»-ի ընթերցողների հետ կիսվել սույն պարոնի կերպարի մասին իմ մտորումներով:



Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին որեւէ մեկին որպես տարեդարձի կոնֆետների տուփ կամ բոնբոներկա հանձնելն այնքան էլ հեշտ գործ չէ, չնայած մեր «յեղափոխական» եղբայրները ժամանակին երկու անգամ դա կարողացել են գլուխ բերել Բաթումիում` 1918-ին եւ 1920-ի նոյեմբերին: Բայց ժամանակները կարծես թե փոխվել են, եւ իշխող կուսակցությունը երեւի չկարողանա կյանքի կոչել դաշնակցականների պատմական փորձը եւ քաղաքը հանձնել մի ուժի ներկայացուցչի, որը վերջին քսանամյակում «ամենակակղամորթ» քաղաքական գործչի լավագույն մարմնացումն է:



Հայաստանում սպասվելիք քաղաքական առնետավազքի առաջին ծիծեռնակներն իրենց մասին արդեն սկսել են իմաց տալ: Քաղաքական մի ճամբարից մյուսը թռնելու եւ տերերին թաշկինակի նման փոխելու մեջ հմտացած այս շարասյան դրոշակակիրն ու առաջամարտիկն անշուշտ նախկին ՕԵԿ-ական, ներկա ԲՀԿ-ական եւ հավանաբար ապագա չգիտեմինչական  Սամվել Բալասանյանն է: Մարդու ճակատի վրա էլ կարծես գիր դնելու տեղ չի մնացել, եւ նա ստիպված է տառաչափերը փոքրացնել, բայց էս դեպքում գրի տեքստը դժվարընթեռնելի կդառնա:



Արթուր Վահանիչից թռած ու Գագիկ Նիկոլայիչի հզոր բազուկների տակ ապահով ապաստան գտած Սամվել Միսակիչն իր գարեջրային յոթերորդ զգայարանով զգացել է ԲՀԿ-ի գլխին կախված վտանգը: Զանազան քաղաքական հայացքներն իր «ճաճանչափայլ գլխում» կուտակած Միսակիչը, որը չորս անգամ մեծամասնականով ընտրվել է ԱԺ պատգամավոր, հակառակվելով հարազատ ԲՀԿ-ի ծրագրային դրույթին, դեռեւս փետրվարին ասում էր, որ լրիվ համամասնականին անցնելու դրույթը վաղաժամ է: Պահո՜, Գագիկ Նիկոլայիչի անխորտակելի «Պոտյոմկին» հածանավում խռովություն էր հասունանում կամ էլ «չաղ ու փորձված» առնետների փախուստ  նախապատրաստվում: Սամվել Միսակիչի պահվածքը բնավ էլ զարմանալի չէր, եթե հաշվի առնենք նրա «քաղաքական հարուստ անցյալը», որտեղ ամեն ինչ կարելի է գտնել:



Թե ինչու ԲՀԿ փոխնախագահ հանդիսացող եւ այդ կուսակցության քվոտայով ԱԺ փոխնախագահ դարձած Սամվել Միսակիչը սկսել էր հակառակ գնալ սեփական կուսակցության «գլխավոր ուղուն», ազնիվ միամիտների համար անհասկանալի կթվա: Բայց ովքեր ճանաչում են Բալասանյանին, ոչ միայն չեն զարմանա, այլեւ կասեն, որ մի բան էլ ուշացրել է կուսակցափոխությունը: Նա ողնուղեղով է զգում ԲՀԿ-ին սպասվելիք ֆիասկոն եւ մեսիջներ է ուղարկում պոտենցիալ տերերին: Այլ հարց է, թե նրան կուզենա՞ն իրենց շարքերում տեսնել ռեալ իշխանությամբ օժտված քաղաքական ուժերը, ավելի ճիշտ՝ ուժը, թե՞ ոչ:



Սակայն արի ու տես, որ Բալասանյանին ուզում են իրենց «լայն գիրկն» առնել, չնայած մի անգամ արդեն մերժել էին նրա դիմումը ՀՀԿ շարքերն անցնելու խնդրանքով (դիմումի պատճենը կցում եմ նամակիս): Ընդհանրապես Բալասանյանին բնորոշ է ամեն պատրաստի բանի տեր կանգնելը: Ժամանակին «անկախ» պատգամավորից կուսակցականին անցնելիս նրան հաջողվեց բառի բուն իմաստով խլել ՕԵԿ  Շիրակի մարզային կառույցը Եղիշե Նազարեթյանից, հիմա ամեն ինչ արեց, որպեսզի վերացնի ԲՀԿ մարզային կառույցը եւ ինքը, որպես ԲՀԿ փոխնախագահ, կառավարի այն` մեկուսացնելով Մարտուն Գրիգորյանին:



Երբ Բալասանյանը փորձեց թափանցել «Շիրակ» միություն, նրան դռան ճանապարհը ցույց տվեցին, քանզի գիտեին, որ մի քանի ամիս հետո այդ միությունն արժանանալու է Բալասանյանի կողմից քցվածների ճակատագրին. զորօրինակ՝ Հարություն Մանուկյանի եւ Ալբերտ Մովսիսյանի: Առաջինից Բալասանյանը խլեց Գյումրիի գարեջրի գործարանը, իսկ երկրորդից` կարամելի ֆաբրիկան:



Եթե դատելու լինենք ամենապարզ մարդկային բարոյականության չափանիշներով, Սամվել Միսակիչը ոչ մի քաղաքական լուրջ կառույցի, վնասից բացի, օգուտ չի բերի: Սակայն ափսոս բարոյականությունը չէ, որ այսօր չափանիշ է հանդիսանում քաղաքական կեղտոտ խաղերում: Ռենեգատությունն ու քաղաքական անսկզբունքայնությունն առավել արժեքավոր են:



Զարմանալի է, որ քաղաքական մենաշնորհի հասած քաղաքական ուժը կարող է հետկուլիսային բանակցություններ վարել մի մարդու հետ, որը դեմ է քվեարկում ՀՀԿ-ական կառավարության ծրագրին եւ անսկզբունքային է, ինչպես ոչ ոք մեր առանց այն էլ այլասերված քաղաքական դաշտում: Չնայած զարմանալ պետք չէ, քանզի սա Հայաստանն է, որտեղ ապրում ու բարգավաճում են տարբեր թմբկադհոլները: Թեեւ այդպիսի գործիքների կարիքը, իմ կարծիքով, ո՛չ Գյումրին ունի եւ ոչ էլ առավել եւս Հայաստանը:



Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ



պատմաբան- ազգագրագետ