Այս տարի ժողովրդավարությունը ավելացել է 15 միլիոն եվրոյով

Այս տարի ժողովրդավարությունը ավելացել է 15 միլիոն եվրոյով
Երեկ խորհրդարան էր այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա համարվում է Եվրամիության ոչ ֆորմալ նախագահը. ոչ ֆորմալ այն իմաստով, որ ընտրվել է ոչ թե համընդհանուր քվեարկության, այլ Եվրամիությանն անդամակցող երկրների ղեկավարների փոխհամաձայնության արդյունքում:



Նա ելույթ ունեցավ խորհրդարանում եւ մեր պատգամավորներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի օրենսդիր իշխանությունը, պարզ առեւտուր առաջարկեց՝ դա ձեւակերպելով «ավելին՝ ավելիի դիմաց»: ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ նախագահին եւ նրան լսելու համար երեկ խորհրդարան կանչված պատգամավորներին՝  նա ասաց. «Պարոն նախագահ, Հայաստանը մտադիր է խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ մեզ համար սա ողջունելի է: Ձեր չափանիշներն ու նորմերը եվրոպականին մերձեցնելու  ցանկությունը Հայաստանի կողմից կատարված ռազմավարական, ստրատեգիկ ընտրություն է, եւ այս ընտրությունը  մեր համաձայնագրի  առանցքում է:  Համոզված եմ, որ շատ ամուր հիմքեր ունենք համագործակցության համար. թարմացված հարեւանության քաղաքականությունն  ունի հստակ նպատակներ` ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին ժողովրդավարության կայացման գործում, ինչպես նաեւ օգնել առավել ներառական եւ արդյունավետ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու: Սա մեզ բերում է այն սկզբունքին, որ մենք անվանում ենք «ավելին՝ ավելիի դիմաց»: Կուզեի շեշտել, որ Հայաստանը շատ օգուտներ ունի քաղելու այս սկզբունքից: Արեւելյան գործընկերության  հիմքում ընկած է երկուստեք եւ համատեղ հանձնառություն` պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապահովել հիմնարար արժեքները, զարգացնել շուկայական տնտեսությունը եւ կառավարումը: Ինչքան մեծ լինեն հավակնություններն ու ձեռքբերումներն այս բարեփոխումների ուղղությամբ, այնքան մեծ կլինի ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը. «ավելին՝ ավելիի դիմաց»»:



Ինչպես տեսնում եք, Եվրոպական խորհրդի նախագահն առավել քան հստակ է իր ձեւակերպումներում, նա ասում է, որ մեզ խաբել չի կարելի. ուզում եք, որ մենք ձեզ ավելի շատ փող տանք, ուրեմն ավելի շատ ժողովրդավար եղեք, տնտեսությունն ավելի շուկայական դարձրեք, ավելի շատ պահպանեք միջազգային իրավունքի նորմերն ու հիմնարար արժեքները:



ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահից առաջ, ըստ էության հավաստել էր, որ Հայաստանը պատրաստ է նման գործարքի: «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ, եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ:



Հայաստանը եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգացնելու ձգտումը վայելում է նաեւ համընդհանուր կոնսենսուս մեր հասարակությունում»:



Արդյո՞ք այս հավաստումը բավարար է, որ գործարքը կայացած համարվի: Դժվար թե, քանի որ եվրոպացիները չափման իրենց միավորն ունեն: Երեկ Հերման Վան Ռոմպոյը հայտարարել է, որ ԵՄ-ն այս տարի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կավելացնի 25 տոկոսով կամ 15 մլն եվրոյով: «Ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւով սա նշանակում է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ շուկայական հարաբերությունների եւ ԵՄ կողմից քարոզվող մյուս արժեքների գծով Հայաստանի առաջընթացը գնահատվել է 15 մլն եվրո:



Ինչ-որ տեղ այս մոտեցումը կարող է վիրավորական թվալ. այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպես ժողովրդավարական ընտրությունները, հարգանքը մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ կամ տնտեսության ազատականացումը, պետք է Հայաստանում ներդրվեն միայն ֆինանսական որոշակի շահագրգռությունների միջոցով: Բայց ի՞նչ կարող ես անել. եվրոպացիները համոզվել են, որ մեր պայմաններում ուրիշ լեզվով խոսելն ուղղակի անիմաստ է. եթե ուզում ես որեւէ լավ բան անել, միեւնույն է՝ դրա համար նախ պետք է վճարել:



Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ