Երազ իմ երկիր Հայաստան

Երազ իմ երկիր Հայաստան
Պատկերացրեք՝ ապրեինք այնպիսի երկրում, որտեղ քաղաքացիները բողոքելու առիթներ չունենային: Ասենք՝ Ղարաբաղի նախագահի ընտրությունների արդյունքներից բոլորը մեկ մարդու նման գոհունակություն հայտնեին եւ համոզված լինեին, որ մաքրամաքուր ընտրություններ են կազմակերպվել: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանում ընթացող ՀԱԿ երիտասարդների դատավարության արդյունքում նրանք արդարացվեին կամ առավելագույնը՝ տուգանքով ազատ արձակվեին: Փուչիկների պայթյունի կուսակցական պատասխանատուները խստորեն պատժվեին, իսկ փուչիկ փչող այդ խեղճուկրակ մարդը մեղմ պատժի արժանանար:



Դատարանը բավարարեր Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ոստիկանապետի եւ պարտադրեր նրան քաղաքացիներին վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրել: «Արմավիան», տեղեկանալով Սիրիայում ծավալված դեպքերի մասին, բարեգործական ակցիա հայտարարեր եւ մեր հայրենակիցներին անվճար տեղափոխեր Հայաստան, իսկ իշխանությունը շուտափույթ միջոցներ ձեռնարկեր այդ անձանց կյանքը Հայաստանում կազմակերպելու համար: Առաջիկայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունները թեկնածուներ չառաջադրեին եւ խրախուսեին քաղաքացիական առաջադրումները, որ ընտրվեին իրապես ժողովրդի կողմից սիրված անձինք:



Վերջապես՝ բացահայտվեին զինվորների մահվան գործերը, բացառվեր դատավորների ու քննիչների նկատմամբ ճնշումը, հավասար մրցակցություն հաստատվեր փոքր եւ միջին բիզնեսի համար, բոլորը հավասարապես հարկվեին, ծառայողական վերելք ունենային միայն արժանիները, բանակում երկաթյա կարգուկանոն հաստատվեր: Անհնարի՞նն եմ ուզում: Սրան հասնելու համար 100 տարի՞ է պետք: Գուցե: Բայց եթե այսօր չսկսենք այս ուղղությամբ գնալ, մեր սերունդներն էլ այս նույնը կերազեն: