Ազատվել քրեական անցյալ ունեցող քաղաքապետերից

Ազատվել քրեական անցյալ ունեցող քաղաքապետերից
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի առաջադրումը քաղաքական դաշտում, ինչպես նաեւ մամուլում արձանագրվում է որպես ժողովրդավարական քայլ, առաջխաղացում: Հիմք է ընդունվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արատավոր անցյալը, եւ նրան փոխելը համարվում է  զգալիորեն կանխորոշող գործոն նախագահական ընտրությունների ժամանակ: Քաղաքական վերլուծություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե իբր իշխանությունը մտածում է հաջողության նոր մեթոդների եւ մեխանիզմների մասին՝ հրաժարվելով հնից, ինչն արդեն իսկ կարելի է համարել հասարակության՝ գուցե ոչ բավարար կամ լիարժեք, բայց նկատելի ձեռքբերումը:



Իսկ ես լրիվ հակառակ պատկերն եմ տեսնում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Գյումրիում լավ արդյունքներ չի գրանցել: Ու վաղուց են շրջանառվում այն քաղաքապետերի անունները, ովքեր ընտրական վատ արդյունքներ են գրանցել, ինչի պատճառով պետք է աթոռները զիջեն: Սա ժողովրդավարության հետ ի՞նչ կապ ունի: Եթե նախագահականում իրոք որոշել են ձերբազատվել քրեական անցյալ ունեցող քաղաքապետերից ու սկսել են ընտրական վատ արդյունք ապահոված Գյումրիից, այդ ամենն ինչպե՞ս կարող է դրական գործոն համարվել նախագահական ընտրությունների ժամանակ:



Նշվում է, որ Գյումրին Վարդան Ղուկասյանից ազատագրելուց հետո նախագահը դրական միավորներ կհավաքի: Նախագահին, եթե նա Ավարայրի ճակատամարտ էլ տա, չի բավականացնի ազատվելու քրեական անցյալ ունեցող քաղաքապետերից… Դա հեշտ գործընթաց չէ առաջին հերթին նախագահի համար… Առանց փակագծերը բացելու նշեմ, որ պարզապես իմիտացիա է արվում՝ առավել վատթարին վատով փոխարինելու համար: Բնական է, Վարդան Ղուկասյանից հետո հազիվ թե գտնվի համարժեք անցյալով մարդ, ով Գյումրիի համար կլինի ավելի վատը:



Թեկնածու Սամվել Բալասանյանը նախագահին «ձեռք է տալիս»՝ կակղամորթության տեսակետից. ձեւական առումով  «բարգավաճ» է, բայց կարող է «Օրինացի» խաղերը տալ: Լիակատար վերահսկողության տակ է: Հետաքրքիր է մյուս «բարգավաճ» Մարտուն Գրիգորյանի թեկնածության հարցը: Հետաքրքիր՝ այն առումով, որ լսելի է դառնում Ռոբերտ Քոչարյանի սրտի տրոփյունը: Քոչարյանը Գյումրին կարեւոր կետ է համարում, այդ պատճառով ինքն էլ այդ տարածքում վերահսկողության առումով խնդիրներ ունի:



Ստացվում է, որ երկրորդ եւ երրորդ  նախագահները, Գյումրին համարելով որպես ստրատեգիական կետ, պատրաստվում են բաց կամ փակ ճակատամարտ տալ՝ Գյումրվա արեւի տակ տեղ գտնելու համար… Իսկ թե քաղաքական դաշտում ինչու է դրան տրվում քաղաքացիական ակտիվության բարձր ֆոնի վրա  կատարվող «իրադրային փոփոխություն» անվանումը, կոնկրետ ինձ համար զարմանալի է…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ