Նախ արդար քննեք իշխանության ներկայացուցիչների գործերը

Նախ արդար քննեք իշխանության ներկայացուցիչների գործերը
Ոստիկանական համակարգում վերստին շրջանառության մեջ են Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության խոսակցությունները: Որոշ տեղեկություններով, նախագահականի հովանավորյալ Նազարյանն իր վերադասի՝ ոստիկանապետի եւ նախագահականի զայրույթը շարժել է՝ «Հարսնաքարի» դեպքի օրերին իր որդու քավոր Նեմեց Ռուբոյին պաշտպանելով: Երեկ էլ գրվեց, թե նրան պատրաստվում են հեռացնել հենց ոստիկանության կոլեգիայի նիստում, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Բայց ավելի ուշ պարզվեց, որ երեկ նրան արձակուրդ են գործուղել, պաշտոնանկության հարցը չի քննարկվել: Որոշ տեղեկություններով, սակայն, Նազարյանը շատ ծանր հոգեվիճակում է եղել, եւ միայն նիստից հետո է սիրտը տեղն ընկել: Արդյո՞ք դա այն արձակուրդն է, որ սովորաբար գնում են եւ չեն վերադառնում՝ հարցրինք ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին երեկվա ասուլիսի ժամանակ, վերջինս վստահեցրեց, թե Նազարյանը կվերադառնա: Ասուլիսում տարբեր հարցեր հնչեցին՝ փուչիկների գործից սկսած, վերջացրած Նովոյի տղայի կալանքով եւ Վանո Սիրադեղյանի վերադարձով:



Օրերս տեղեկացրել էինք, որ Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական համերգի ժամանակ փուչիկներից բռնկված հրդեհի ողջ պատասխանատվությունը բարդում են ոմն Սերոբ Բոզոյանի գլխին, ով անհատ գործունեությամբ փուչիկ լիցքավորող է: Նախաքննական մարմինը նրան է մեղադրանք առաջադրել, իսկ ՀՀԿ-ականներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվի: Մեզ հետաքրքրում էին այս գործի մանրամասները: Սակայն ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մշուշոտ պատասխաններից  այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու հանրահավաքի կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել:



Եվ այս ֆոնին իմիտացիա է թվում Սերժ Սարգսյանի՝ նախաքննական մարմնին քլնգելը: Թեեւ 150 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ ստացան, սակայն պատասխանատվության է ենթարկվում մի մարդ՝ «սլաքավարը»: Իսկ Սարգսյանը ոստիկանության նիստում դժգոհել էր նախաքննության որակից. «Շարունակում է խնդրահարույց մնալ նաեւ քրեական գործերով կատարվող նախաքննության որակը: Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է:



Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաեւ, որ հանցագործությունների բացահայտման« դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երեւույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջեւ բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը: Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ եւս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի:



Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկն այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի»:



ՀԳ -  Եթե իրոք այդպես է, ապա ինչո՞ւ մինչ օրս չէր պատժվում Ռուբեն Հայրապետյանը: Ինչո՞ւ ժամանակին չնչին պատիժներով ազատ արձակվեցին Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի թիկնապահները, որոնք «Օդնոկլասնիկի» բարում մարդ սպանեցին: Ինչո՞ւ չի գործ հարուցվում Պավել Անդերսոնի հայտարարությունների առիթով, որտեղ նա մեղադրում է մեծ խումբ պետական գործիչների կոռուպցիայի մեջ: Օրինակները կարելի է երկար շարունակել:



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ