Սիրիահայ համայնքը սպասում է վերջին հարվածին

Սիրիահայ համայնքը սպասում է վերջին հարվածին
Հարցազրույց սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյանի հետ.



-Դուք գարնանից Հայաստանում եք եւ չեք շտապում վերադառնալ Սիրիա, որտեղ Ձեր տունն է, կիսատ թողած գործերն են: Պատճառը Սիրիայում պատերա՞զմն է: Մյուս սիրիահայե՞րն էլ կդիմեն Ձեր օրինակին:



-Ես բացառություն եմ, այստեղ եմ սովորել, շատ եմ գնում-գալիս եւ կապված եմ Հայաստանի հետ: Հիմա չեմ գնում, որովհետեւ վտանգավոր պայմաններ են այնտեղ, սպասում եմ: Խնդիրն այն է հայերն են, որոնք երկար ժամանակ դուրս չեն եկել Հալեպից կամ Դամասկոսից եւ Հայաստանի հետ առնչություն չունեն: Նրանք պահպանել են հայ մշակույթը, արվեստը, գրականությունը, բայց Հայաստանն իրենց համար շատ սիմվոլիկ հասկացողություն է: Հիմա է, որ շոշափելի մոտեցումներ կան, այն է՝ դիմում են, Հայաստանի քաղաքացիություն են ստանում, որպեսզի իրենց ձեւով բարոյապես, հոգեպես բավարարվածություն ստանան, որ իրենք ավելի անվտանգ են: Իդեպ, Միջն Արեւելքի բոլոր ժողովուրդներն այդ վախը ունեն իսլամից, ինքնությունը կորցնելու վախն է, սրանք պատմական վախեր են, հոգեբանական կուտակումների հետեւանք: Մեր վիճակն այդ առումով ավելի մխիթարական է, Սիրիայի մյուս փոքրամասնությունները ասում են՝ դուք հայրենիք ունեք, մենք այդ էլ չունենք:



-Այսօր Սիրիայից հայերն ո՞ւր են արտագաղթում, Հայաստա՞նն են նախընտրում, թե՞ արեւմուտքը:



-Նա, ով Հայաստանի հետ կապեր ունի, սովորել է, գնում-գալիս է, մշակութային շփման մեջ է, անկասկած նախապատվությունը Հայաստանին է տալիս: Բայց խնդիրը մյուս զանգվածն է, որոնց թիվն ավելի մեծ է: Եթե 70 հազար մարդ կա սիրահայ համայնքում, ապա նրանցից հազիվ 3 հազարն է, որ Հայաստանի քաղաքացիություն ունի եւ անմիջական կապվածություն է զգում: Իսկ մյուսները նախընտրում են Լիբանան, եթե հնարավորություն ունեն՝ արեւմուտք: Եթե բոլորին առիթ տրվի ընտրելու՝ Հայաստանը, թե Արեւմուտքը, կընտրեն Արեւմուտքը: Հայաստանը բաց դուռ է հայերի համար, եւ հիմա, որ խուճապի պահ է, հոգեբանորեն վազում են այդ բաց դուռը, իսկ Արեւմուտքը փակ դուռ է, դժվար է անցնել: Հայաստան մուտքի թույլտվություն անմիջապես ստանում են: Իսկ ինչո՞ւ արեւմուտք. մարդկային բնական հոգեբանություն է, ուզում են լավ, հարուստ երկրում ապրել, ցավոք Հայաստանն այդ առումով նախընտրելի երկիր չէ:



-Իսկ ի՞նչ վիճակ է սիրիահայ համայնքում, մե՞ծ է արտագաղթը, շատե՞րն են թողնում իրենց տներն ու հեռանում:



-Այսօր արտագաղթը, հայերի հոսքը Սիրիայից այլ երկերներ մեծ չէ: Մենք՝ հայերս, բոլոր դեպքերին շատ դանդաղ ենք արձագանքում, դրա հետ մեկտեղ շատ զգացմունքային ենք: Թողնում ենք մինչեւ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք, ազգային բնավորություն է: Նույնն էլ հիմա Սիրիայում է, հայերը սպասում են մինչեւ վերջին զարկին, դեռ հույս ունեն, որ վիճակը կլավանա, կփոխվի: Բայց գոնե այդ վերջին վայրկյանին չթողնեն, դրանից գոնե մի րոպե առաջ կողմնորոշվեն:



-Իսկ ի՞նչ վիճակում են դպրոցները, եկեղեցին, հասարակական, մշակութային կյանքը հայկական համայնքի ներսում:



-Առանձնապես մեծ վնասներ ցայսօր դեռեւս չկան: Դպրոցները գործում են, եկեղեցին գործում է, մի քիչ զգուշավոր, ցածր մակարդակով, ավելի դանդաղ, բայց գործում են: Էական փոփոխություններ չկան, բայց դրա կողքին կան սպառնալիքներ, ռասիստական մոտեցումներ, թե գնացեք ձեր երկիրը, բայց դա պետական մակարդակով ծրագիր չէ, անհատական բնույթ է կորում:



-Սիրիայի մյուս քրիստոնեա համայնքները միմյանց հետ շփվո՞ւմ են, աջակցո՞ւմ են իրար, թե՞ ապրում ու գործում են մեկուսի:



-Սիրիայում հայերի հետ միասին մոտ երկու մլն քրիստոնեական համայնք կա, միմյանց հետ սերտ շփվում են, վտանգի պահին համախմբվում են, իսկ վերջին 10 տարում ավելի մերձեցան հայերը եւ մյուս սիրիաբնակ քրիստոնեաները:



-Պատերազմից համայնքը շա՞տ է տուժել, հայեր ծառայո՞ւմ են սիրիական բանակում:



-Պատերազմն առայժմ երկրի ներսում է՝ ընդդիմության ու իշխանության միջեւ է պայքար գնում, իսկ եթե արտաքին ճակատով բռնկվի, հայերի վիճակը շատ ավելի ծանր կլինի: Հայերը, որպես այդ երկրի քաղաքացի, ծառայում են պետական բանակում եւ արդեն 4 հայ զինծառայող է զոհվել, իսկ խաղաղ բնակիչներից այս վերջին շրջանում արդեն 7-8 հոգի զոհ կա:



-Արտաքին ճակատը վտանգավոր է հատկապես Թուրքիայի՞ ներխուժումով, որը փորձում է տարածաշրջանում գերիշխող դիրք գրավել, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին:



-Եթե Թուրքիան ճակատ բացի, ինչպես որ ուզում է, հայերի վիճակը շատ ծանր կլինի. բարեբախտաբար Ռուսաստանն իր վետոյի իրավունքը կիրառեց: Ես Թուրքիայի վրա բացարձակ անվստահ չեմ, շատ վատ ծրագրեր ունի, նաեւ հայ համայնքին վերաբերող հարցում: Եթե ներխուժում լիներ, Թուրքիան պիտի ղեկավարեր, իսկ դա Սիրիայի հյուսիսային սահմանից էր լինելու, որն անմիջապես տանում է Հալեպ, որտեղ մեծ թվով հայություն կա: Թուրքիայի ծրագրերը միշտ էլ թունավոր են, եթե հիշում եք, Կիպրոս ներխուժելուց թուրքերն անմիջապես Մելքոնյան հաստատությունը ռմբակոծեցին: Բացի այդ, արաբ ծայրահեղականներին կարող են բորբոքել հայերի դեմ, այդ սցենարն էլ վտանգավոր է, եւ պետք չէ խաբվել թուրքերին: Մեկ րոպե առաջ կողմնորոշվելու միտքս, որ վերեւում ասացի, հենց թուրքիայի ներխուժմանն էր վերաբերում:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ