Հրաժեշտ Աննա Մանյանիի հայկական տեսակին

Հրաժեշտ Աննա Մանյանիի հայկական տեսակին
Կինոյում ես մարդ եմ զգում ինձ ու դերասանուհի, դառնում եմ ինքնավստահ: Գալյա ՆՈՎԵՆՑ



Գալյա Նովենցին շատերը գնահատում էին որպես կանացի կոլորիտային մոտ երեք տասնյակ կերպավորումներով հայկական կինոարվեստին ուրույն հմայք ու տիպականություն հաղորդող տաղանդավոր կինոդերասանուհի:  Հավասարապես հետաքրքիր թե դրամատիկական, թե կատակերգական դերերում: Ինչ էլ մարմնավորեց կինոէկրանին՝ մայր, քույր, դուստր, Հայաստանի ժողովրդական արտիստուհին միշտ հավաստի էր, խորունկ ու հարազատ: Սկսած առաջին կինոդերից՝ քրդուհի Նազիից (Ֆ. Դովլաթյան, «Բարեւ, ես եմ», 1965) մինչեւ միջազգային ճանաչման արժանացած Սիրանույշը (Ա. Մկրտչյան, «Մեր մանկության տանգոն», 1984), ռուսական որբանոցի տնօրինուհի Գայանեն (Կենտրոնական հեռուստատեսության պատվիրած «Ռիսկի խումբ» եռամաս հեռուստաֆիլմում, 1989) եւ հայ կնոջ կերպարի վերջին էկրանավորումը (Ար. Աղաբաբով, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1991):



Շուրջ 20 տարի նրա անունը չիջավ մեր էկրանից՝ ուշագրավ աշխատանքներ ներկայացնելով ժամանակի բոլոր հայ կինոբեմադրիչների ֆիլմերում: Լավագույն կինոկերպարը, անշուշտ, Սիրանույշն էր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» կինոպատումի մեջ: Հրաշալի դերասանական զույգ կազմելով Մհեր Մկրտչյանի (Ռուբեն) հետ՝ Նովենցը ծիծաղի ու արցունքի ներդաշն համադրությամբ ստեղծում է հետպատերազմյան հայ կնոջ հավաքական կերպար՝ արտահայտելով մեկուկես տասնյակ դրվագային կինոդերերով կուտակած կատարողական ողջ  ներուժը: Եվ պատահական չէ, որ հանրապետական, միութենական եւ միջազգային բարձրագույն պարգեւներում, որոնց արժանացել է «Մեր մանկության տանգոն», առանձնակի նշվել է Գալյա Նովենցի վարպետությունը:



Վենետիկի համաշխարհային 42-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհելիս այսպես բնութագրեցին  նրա արվեստը. «Ֆիլմում գերիշխողը դերասանուհի Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արեւելյան տեսակը»: Ոչ մի կասկած չկար, որ Սիրանույշով սկսվելու է մի նոր վերընթաց շրջափուլ Նովենցի էկրանային կյանքում: Ավաղ, անցյալ դարի 90-ականների հեղաբեկումնային իրադարձությունների համընդհանուր փլուզման ուժգին թափին անկարող եղավ դիմագրավել նաեւ հայրենական կինոարտադրությունը (հոգեվարք, որ շարունակվում է մինչ օրս): Ոմանց նման Նովենց դերասանուհին էլ իր ստեղծագործական եռանդը կենտրոնացրեց թատրոնում: Ասենք, բեմարվեստում նա վաղուց էր հաստատվել, չնայած համաժողովրդական սեր ու ճանաչում վայելում էր որպես  կինոդերասանուհի:



... Ընտանեկան-բարեկամական թատերական միջավայրում ամրապնդված մանկական նախասիրությունները, ոմանց հանգույն, նրան էլ առաջնորդել են Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Սովորելով անվանի բեմադրիչ-մանկավարժ Արմեն Գուլակյանի դերասանական արվեստանոցում՝ ի հայտ է բերել բնավորություն կերտելու բնատուր կարողություններ: Իր Գալչիխայով («Անմեղ մեղավորներ») եւ Նադինկայով («Կտակ») արժանացել է հեռատես մանկավարժի հուսադրող գնահատականին. «Գալյա Նովենցն ունի մեծ առավելություն՝ նա երբեք չի կեղծում: Ունի կերպարի զգացողություն, դերից դեր փոխվում է: Ունի ամեն ինչ՝ լավ դերասանուհի դառնալու համար»: Ինստիտուտն ավարտելուց հետո, Երվանդ Ղազանչյանի հետ նոր թատերական ընտանիքի դաշինք կազմած, շրջանավարտների խմբի հետ Նովենցն էլ ոտք է դրել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոն: Սկսնակ դերասանուհու խաղացանկը ձեւավորվում էր շատերի համար այդպես էլ երազանք մնացած հերոսուհիների դերակատարումներով:



Երբ Երվանդ Ղազանչյանն ավարտում է նաեւ Վարդան Աճեմյանի ռեժիսորական կուրսը, խաղընկեր ամուսինների ստեղծագործական որոնումների ուղին ձգվում է դեպի Գ. Սունդուկյանի անվան (1962-70թթ.), Լենինականի Ա. Մռավյանի անվան (1970-76թթ.), Երեւանի դրամատիկական (1976-80թթ.) թատրոններ, որտեղ Նովենցը հանդես է գալիս Ղազանչյանի մի շարք բեմադրություններում. Ֆ. Գ. Լորկա, «Բեռնարդա Ալբայի տունը»- Մարտիրիո, Ալ. Շիրվանզադե, «Պատվի համար» - Մարգարիտ, Բ. Բրեխտ, «Կուրաժ մայրիկը եւ նրա երեխաները»- Կատրին, Ա. Չխաիձե, «Կամուրջ» - Մարիկա Չոդրիշվիլի, Ժ.-Պ. Սարտր, «Անշիրիմ մեռյալներ» - Լյուսի, Ժ. Հարությունյան, «Հունիս էր, արեւ...» - Սուսան... Դարաշրջաններով եւ մարդկային նկարագրերով անգամ իրարամերժ կերպարներ: Դեպի թատերաշխարհ առաջին ինքնավստահ քայլերն էին անում երկու որդիները՝ Հակոբը եւ Ստեփանը:



Այնուհետ Գալյա Նովենցը հաստատվում է իր անդավաճան կինոխաղընկերոջ՝ Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնում (1991թ.): Մութ ու ցուրտ 90-ականներին ստեղծված այս միակ թատրոնում դերասանուհին իրեն հատուկ խաղաղ դրամատիզմով մարմնավորում է մի շարք հուզառատ կերպարներ՝ գրեթե բոլորը վիշտ ու հոգս ունեցող, կարեկցանք հարուցող ներաշխարհով կանայք:



Անջնջելի է մնացել Գալյա Նովենցի Լիսիստրատեն (Արիստոփանեսի համանուն կատակերգության Երվանդ Ղազանչյանի բեմադրության մեջ): Նրա հերոսուհին պարզ ու հասարակ մի կին էր՝ մյուսներից իր խոհեմությամբ ու կամքի ուժով առանձնացող: Մերթ քնքուշ էր ու կանացի, մերթ՝ անկիրթ ու աղմկոտ: Հանդիսատեսը կրակոտ ու անհանգիստ խառնվածքով նրա աթենուհուն միշտ սպասում էր որպես ներկայացման  կենտրոնաձիգ,  առաջատար ուժի: Եվ դերասանուհին մինչեւ վերջ կարողանում էր մնալ այդ ուժը, ով իր գրկում գուրգուրած նորածին մանկան հաղթական ճիչով ի զորու էր վերջակետելու երկարատեւ արյունոտ պատերազմը:



Գալյա Նովենց - մարդուն, իր ներքին անսեթեւեթ ամբողջ հմայքով, առիթ ունեցա ճանաչելու նրա միսիս Սեւիջի (Ջ. Պատրիկ, «Տարօրինակ միսիս Սեւիջը», բեմ.՝ Հրաչյա Աշուղյան) առաջին բեմելից հետո: Արմեն Ջիգարխանյանի դիպուկ բնորոշմամբ. «Դժվար է ասել՝ որտեղ է սկսվում մարդը եւ  որտեղ վերջանում նրա ստեղծագործությունը»: Զուսպ ու համեստ, անաղմուկ ու սակավախոս հայոց պարկեշտ տիկին, ով կյանքի ճակատագրական հարվածներից ամենեւին չէր չարացել, չնայած աչքերում մշտապես դառնաղի թախիծ էիր կարդում:



Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ



թատերագետ