Մարդ լեգենդը

Մարդ լեգենդը
«Երկրի ու ժողովրդի բացառիկ նվիրյալ Արցախ Բունիաթյանի քաղաքացիական հոգեհանգիստը… հուղարկավորությունը` «Եռաբլուր» պանթեոնում»… Թերթի այս գույժն անիրական թվաց. մի՞թե լեգենդները հուղարկավորություն ունեն, իսկ ես կարծում էի, թե միշտ ժամանակ կունենամ բացահայտելու մարդու լեգենդ տեսակը, միշտ կհասցնեմ հայոց պատմական հիշողության մեջ պեղել անմահացած ու անհայտացած հերոսներին, որոնցից կերպարավորվել է Դալտոնը` որպես Արցախ Բունիաթյան, ում մարդկային կտավն անաղարտ մնաց ժամանակի բոլոր բացասական գույներից ու երանգներից, ում գոյությունը թեւեր տվեց նրա շրջապատի մարդկանց երազանքներին, ու ապրեւորվեցին ազգի հույսերը:



«Կռված-պրծածները», ազգի բոլոր սխրանքները սեփականաշնորհած «Ազատամարտի վետերանների միություն» եւ այլ հասարակական ու չհասարակական կազմակերպությունների պահեստներում պահեստավորած, դարձան պահանջատեր ու չարիք` մեր ապրելու կողքին: Դալտոնն իր ռոմանտիկ էությամբ վերածնվեց քայլող Արցախի ու, սեփական կյանքը տեղափոխելով Քաշաթաղ, ընտրեց սխրանքներով ապրելու ճանապարհը:   Արցախ Բունիաթյանը լեգենդ էր, Քաշաթաղի լեգենդը, ում մեջ ամբարված էին մարդու համար ի վերուստ սահմանված բոլոր բարձր հատկանիշները: Նրան բժշկի երդում տալ պետք չէր, իր ապրելը երդում էր, իր կյանքը հավերժի ժամանակաշրջանի տարեգրություն` Արցախ անունով:



Ու եթե լիներ Մարդու շքանշան կամ կոչում, Արցախ Բունիաթյանը կդառնար դրա կրողը, որովհետեւ ինքնին երեւույթ է, երբ մարդը, չունենալով որեւէ պաշտոն ու երբեք չփնտրելով իր անձը ցուցադրելու ուղի, այնպես ապրի, որ հասարակությունը մարդու իդեալը հենց նրա մեջ տեսնի: Երեւույթ է, որ մարդը, ֆիզիկապես հեռանալով, նույն պահից էլ  վերադառնա որպես մարդու խորհրդանիշ:  Նրա կողքին խղճուկ գոյություններ են՝ վերադասին «հավատարիմի» կապով ծառայելով, իրենց սոթլիկ գոյության ապագան կերտող, աշխատանքը միայն մերձավորներին  ծառայեցնող կամ էլ իբր իրենց արդեն հաստատած ու  գնահատման վերաբերմունք պարտադրող մարդ-տեսակի չարորակ նորագոյացությունները, որոնց համար իրենց փափուկ կյանքը կառուցելու միջոցների ընտրություն չկա:



Արցախ Բունիաթյանը հանուն իր ազգի արժեքների հաստատման ընտրեց ապրելու համար ամենադժվար ճանապարհն ու դարձավ այն մարդը, ով «աշխարհն է շալակած տանում»: Արցախ Բունիաթյանի հեռանալով, շոշափելի լեգենդը դարձավ պատմության լեգենդ:



Լիլիթ ԵԳԱՆՅԱՆ