Աննախադեպ երեւույթ հայկական կրթական համակարգում

Աննախադեպ երեւույթ հայկական կրթական համակարգում
Խորհրդային տարիներին, առանց լրացուցիչ պարապելու, շրջանավարտներն ստանում էին բարձր գիտելիքներ: Լոկ դպրոցական գիտելիքներով  կարողանում էին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ շարունակել  ուսումը: Արդեն ութսունական թվականներին Հայաստանի կրթական համակարգն իր աննախընթաց վերելքով հասավ բարձր աստիճանի: Դա ոչ ոք չի կարող ժխտել: Կրթական համակարգը կարող էր մրցակցել ցանկացած զարգացած երկրի կրթակարգի հետ: Այժմ կատարվող փոփոխությունները  բարեփոխություններ անվանելը ճիշտ չէ, քանի որ, ինչպես տեսնում  ենք, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ  սխալներ ու անհեթեթություններ: Այսօր արդեն 12-րդ դասարանի աշակերտները  գրեթե դասի չեն գնում:  Այն ժամանակ, երբ լսում էինք, որ արաբական երկրներում դասն աղոթքով են սկսում, զարմանում էինք, թե ինչքան են հետամնաց, իսկ այսօր արդեն Հայաստանի դպրոցներում դասն աղոթքով են սկսում: Ա՜յ թե ուր հասանք եւ այն էլ՝ 21-րդ դարում:



Խոսենք միայն հայոց լեզվի ու գրականության եւ դասագրքերի փոփոխությունների մասին: Փոփոխվեցին հայոց լեզվի եւ գրականության ուսուցման խնդիրները, ձեւերը, մեթոդներն ու նպատակները: 5-րդ եւ 6-րդ դասարաններում հայոց լեզուն եւ գրականությունն իրենց տեղը զիջեցին «Մայրենի» կոչվող առարկային: 5-6-րդ դասարաններում ետին պլան մղվեց գրականության եւ լեզվի դասավանդման  դրվածքը: Դա ամենամեծ հարվածն էր, որ եկավ հայերենի ուսուցման որակը գցելու գործին: Չէ՞ որ լեզուն ու գրականությունն ազգային գրականության հիմքն են: Ինչո՞ւ  այսպես եղավ: Ոչ մի հմուտ մանկավարժ ու լեզվաբան չի կարող պատասխանել այս հարցին:



Հնչյունաբանությունն ու բառագիտությունն ուսուցանվում էին 4-րդ դասարանում: Դասագրքի հեղինակներն էին նշանավոր լեզվաբաններ Էդվարդ Աղայանն ու Հովհաննես Բարսեղյանը: Այժմ նոր ծրագրով թող այն տեղափոխվեր 5-րդ դասարան: Անհրաժեշտության դեպքում նոր դասագրքում, եթե պետք էր՝ թող որոշակի լրացումներ ու փոփոխություններ կատարեին, բայց հեղինակներն ու դասագրքերը մնային նույնը, եթե պետք էր՝ եղած հեղինակներին ավելանային նորերը, ովքեր լուրջ փոփոխություններ կկատարեին: Դասագրքերում կատարվող փոփոխությունները պետք է շատ զգույշ կատարել եւ այն էլ՝ քննարկման դնելուց հետո:  Չի կարելի տարիներով մշակված, իրեն արդարացրած ավանդույթը, կրթակարգն այդքան անփութությամբ քայքայել ու վերացնել: Այժմ ուսուցման այնպիսի  եղանակներ են ներդնում, որոնք մեր կրթությունը վերածում են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի: 12-ամյա կրթական համակարգը ոչ միայն  փլուզում է հինը, այլեւ նորի առավելությունը ոչնչով չի հիմնավորում:



Կոպիտ սխալ է 5-6-րդ դասարաններում լեզուն եւ գրականությունն իրար միացնելը եւ մեկ առարկա դարձնելը: Ոչ մի լեզվում նման երեւույթ դեռ չի կատարվել: Տարրական դասարաններում այդպես վարվել կարելի է, բայց միջին դասարաններում լեզուն եւ գրականությունը պետք է ուսուցանել առանձին-առանձին: Չափազանց շատ է ուսուցիչների բողոքն այս հարցի վերաբերյալ:



4-րդ դասարանում ունեինք հայոց լեզվի եւ գրականության օրինակելի դասագրքեր: Երկար տարիներ դրանք օգտագործվում էին, եւ չի հանդիպել մի ուսուցիչ, որ բողոքեր դրանից: Անհրաժեշտության դեպքում դրանք որոշակի լրացումներով կարելի էր օգտագործել 5-րդ դասարանում: Եթե որեւէ մասնագետ ցանկանում է փոփոխություն կատարել գործող դասագրքում, ապա միայն հանձնաժողովով: Քննարկելուց հետո միայն այն կարելի է մտցնել գործածության մեջ՝ պահպանելով հին հեղինակների եւ ավելացնելով նորերի անունները, ինչպես անում են ուրիշները՝  ռուսները, գերմանացիները: Օրինակ՝ 5-րդ դասարանի ռուսերեն դասագրքի հեղինակներն արդեն վեցն են, եւ այն լույս է տեսնում մոտ 30 տարի: Արդյունքը գերազանց է:  Եթե ռուսերենի մեկ դասագրքի ստեղծմանը մասնակցում են 5-6 համահեղինակներ, ապա հայերենի 3-4-րդ դասարանների դասագրքերը կազմում է մի անձնավորություն մեն-մենակ՝ բազում սխալներով:  Իսկ այս տարվա 5-րդ դասարանի դասագրքի խմբագիրն էլ հենց գրքի հեղինակն է՝ Դ. Գյուրջինյանը:



Այսօր Հայաստանում դասագիրքը բիզնեսի աղբյուր է դարձել:



«Մայրենի» կոչված դասագրքում ծանր վիճակում են հայտնվել ե՛ւ գրականությունը, ե՛ւ լեզուն, որոնց սահմանները քանի գնում՝ նեղացնում են: 5-րդ եւ 6-րդ դասարաններում լեզուն եւ գրականությունն իրար միացնելով եւ նրանց սահմանները կրճատելով՝ տուժում են ե՛ւ գրականությունը, ե՛ւ լեզուն:  Միջին դպրոցում ետին պլան մղելով գրականության ուսուցումը՝ աշակերտներին զրկեցինք գեղարվեստական գիրք կարդալուց, որովհետեւ քննությունները մեծ մասամբ հարցաշարեր են, որոնք աշակերտներին գրեթե ոչինչ չեն տալիս: Ո՞վ  պարտադրեց մեզ այս կրթական համակարգը, որը ոչ մի տեղ իրեն չի արդարացրել: Հայկական դպրոցի կրթական համակարգից գրեթե դուրս է մղվում ազգային դաստիարակությունը: Հին, 4-րդ դասարանի դասագրքից հանեցին «Հայկի ապստամբության մասին», «Վահագնի ծնունդը», «Սասունցի Դավիթը» եւ այլ հայրենասիրական թեմաներ, որոնք անչափ պետք էին այդ տարիքի երեխաներին, ու նրանք սիրով սովորում էին: Դրանց փոխարեն «Մայրենի» կոչված խոտան դասագրքում զետեղեցին «Մուրացկանն ու հարուստը», «Այգեպան Մոսին», «Արդուկն ու մարդուկը» եւ նման նյութեր:



Տեսե՛ք, թե ինչ է մեզ հարկադրում Բոլոնիա կոչված կրթակարգը: Դժվար թե որեւէ երկրում ազգային գրականության հանդեպ նման վերաբերմունք  դրսեւորվի: Ո՞ւր կորավ մեր ազգային ու պետական մտածողությունը, որ արթնացել էր հայի մեջ 90-ական թվականներին: Այսօր ամեն հայ, երբ որեւէ պաշտոնի է տիրանում, մտածում է միմիայն այն մասին, թե ինչպես դառնա միլիոնատեր: Երկիրը նաեւ այս պատճառով է դատարկվում: Հայաստանը մնում է առանց հայերի: Մեր կրթական համակարգի աշխատողների մեծ մասն անգրագետ է, մասնագետներ չեն: Կրթության նախարարության մի բարձր պաշտոնյա զարմացած հարցնում է ինձ. «Իսկ գրականությունը գիտությո՞ւն է»: Էլ ի՞նչ կարող ենք սպասել կրթության բնագավառի այս «մասնագետներից»: Ո՞ւր ենք գնում մենք եւ ո՞ւր տանում մեր երեխաներին: Այսօր աշակերտը դժվարանում է պատմել նույնիսկ սովորած  դասը, գրել շարադրություն:



Չպետք է մոռանալ, որ պետության հիմքը, որակը կրթական համակարգով են որոշում, իսկ ազգային դպրոցի հիմքը մայրենի լեզուն ու գրականությունն են: Այս մասին դեռեւս հին հույներն էին գրում: Հայկական դպրոցներում վերջին տարիներին գրականության դերն իջեցված է: Աշակերտն այլեւս չի կարդում ոչ միայն համաշխարհային, այլեւ հայ գրականության դասական գործերը: Իսկ «Գիրք չկարդացողը չի կարող գրագետ ու իմաստուն լինել»: Չի կարդում ոչ միայն աշակերտը, այլեւ ուսուցիչը: Եթե «Կրթություն» թերթը  1988թ.  լույս էր տեսնում 16 հազար տպաքանակով, եւ մեծ սիրով կարդում էին բոլոր մանկավարժները, ապա այսօր այն լույս է տեսնում երեքուկես հազար տպաքանակով, որը գրեթե ոչ մի ուսուցիչ չի կարդում, չնայած ուսուցիչների քանակն այսօր ավելի շատ է: Բազմաթիվ ուսուցիչների հարցրել ենք, թե  ինչու չեն կարդում «Կրթություն» թերթը, մեծ մասը պատասխանել է, որ այնտեղ այլեւս ուսուցչին հետաքրքրող նյութ չկա: Ամբողջը հանրապետության նախագահի, կաթողիկոսի կամ կրթության նախարարի նկարներն են,  նրանց ելույթները, դպրոցների տեսչական ստուգումներին վերաբերող հաշվետվություններ, կրոնական թեմաներով բազմաթիվ հոդվածներ, որոնք ուսուցիչներին պետք չեն եւ չեն հետաքրքրում:



Հարցաշարային ուսուցման ձեւը աշակերտին կտրեց գրքից եւ ոչ մի  դրական բան չտվեց: Սա տեսանք եւ հասկացանք բոլորս: Պատճառը դա էր, որ մեզ մոտ գիրքը կորցրեց իր արժեքը: Քանի՞ գրախանութ փակվեց միայն Երեւանում: Սա եւս ազգային աղետ է եւ այն էլ՝ 21-րդ դարում:  Մեր պետական այրերը, որոնք ուզում են ապացուցել, որ իրենք ունեն ազգային մտածողություն, պետք է մտածեն կրթության որակի վերականգնման, փոփոխման ու կարգավորման մասին:



Համլետ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ



ՀՀ վաստակավոր ուսուցիչ