Աղբը գողանում են, բայց էլի աղբի մեջ ենք

Աղբը գողանում են, բայց էլի աղբի մեջ ենք
Որքան էլ սիրենք Հայաստանը, չենք կարող շրջանցել այն փաստը, որ մեր երկիրը աշխարհի փնթի երկրների շարքն է դասվում: Բարեբախտաբար, վերջին տարիներին աղբամաններ հայտնվել են Երեւանում, եւ ինչ-որ չափով այդ հարցը լուծված է: Իսկ մայրաքաղաքից դուրս աղբահանությունը խնդիր է, հատկապես ամռան շրջանում աղբի կուտակումներ են առաջանում ոչ միայն բնակավայրերում, այլեւ բնության գրկում, պատմամշակութային հուշարձանների շուրջ՝ որպես քեֆչիների թողած իրեղեն ու շոշափելի ապացույց: Ցավոք, մենք դեռ աղբի հետ վարվելու մշակույթին չենք տիրապետում, նաեւ, արդարացի լինենք, այդ ուղղությամբ քաղաքակիրթ պայմաններ չեն ստեղծվել մեր երկրում:



«Թափոնների կառավարման հատուկ համակարգ կա. առաջին՝ աղբը հավաքվում է, երկրորդ՝ տեսակավորվում, եւ երրորդ՝ վերամշակվում է: Այդ խնդիրը կարող է լուծվել պետական քաղաքականության արդյունքում՝ ստեղծելով թափոնների կառավարման մեխանիզմ: Դեռեւս մշակված քաղաքականություն չունենք այդ ուղղությամբ: Եթե պետական մոտեցում եղավ այդ հարցում, աղբի խնդիրը շատ արագ կլուծվի Հայաստանում»,- ասում է «Քլին Լենդ» ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը:



Աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Քլին Լենդ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է Հայաստանում, 2009-ից:  «Սկզբում՝ պարբերաբար ներդրումների արդյունքում, 2011թ. շահագործվեցին աղբի տեսակավորման գործարանները Վանաձորում եւ Գյումրիում: Մենք ամիսը 3 մլն դրամ էինք վճարում Վանաձորի քաղաքապետարանին՝ որակյալ աղբ ստանալու համար: Բայց ճանապարհին ստվերային միջոցներով տեսակավորվում էր, այսինքն գողացվում էր, քանի որ չկար վերահսկողություն, եւ անորակ աղբն էր հասնում գործարան: Արդյունքում չապահովվեց համապատասխան ծավալ, եւ ժամանակավորապես դադարեցվեցին գործարանների աշխատանքը Վանաձորում եւ Գյումրիում»,- ասում է Աստղիկ Ավետիսյանը:



Իսկ 2012թ. ընկերությունը վերամշակման գործարան հիմնեց Երեւանում, որը գտնվում է Չարբախում՝  նախկին դաշնամուրի գործարանի տարածքում: «Այս պահին վերամշակվում է պոլիէթիլենային թաղանթը եւ պետշիշը: Վերամշակելուց ստանում ենք բյուրեղներ եւ հատիկներ, որոնք հումք են հանդիսանում կենցաղում երկրորդային օգտագործման, այսինքն՝ չի կարելի սննդամթերք փաթեթավորել, առարկաներ ստանալ: Արտահանում ենք Չինաստան, Կորեա, Վրաստան, Գերմանիա»,- շարունակում է տեղեկացնել Աստղիկը:



«Առայսօր 2 միլիարդ դրամի ներդրումներ ենք արել՝ ձեռք բերելով հոսքագծեր»: Ըստ ընկերության հանրային կապերի տնօրենի, գործարանն ունի մեծ հզորություն, որ կարող է օրական մինչեւ 50 տոննա աղբ վերամշակել. «Բայց այսօր ունենք շատ քիչ ծավալ եւ ուզում ենք Երեւանում մասնակցել մրցույթների, ստանալ աղբի տեսակավորման իրավունքը, ինչի արդյունքում կունենանք աղբի մեծ ծավալ՝ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում:  Մենք փուլ առ փուլ ենք մոտենում, մինչեւ 450 միլիարդ դրամի ներդրումներ պետք է արվեն, որ գործարանը դառնա ամբողջական: Մինչեւ տարեվերջ կունենանք նաեւ թղթի վերամշակման արտադրություն»:



Ընկերության ռազմավարության մեջ, նշում է Աստղիկը, մտնում է նաեւ աղբի տեսակավորման մշակույթի տարածումը. «Որ բոլոր վայրերում տեղադրվեն տեսակավորման աղբամաններ, բայց դրա համար երկար ժամանակ է պետք, մենք դեռ թուղթն ու ծխախոտը շպրտում ենք փողոցում, այդ փոփոխությունը նախ մեր մեջ պետք է կատարենք, հետո անցնենք որոշակի փոփոխությունների»:



Ընկերությունը նախատեսում է ամբողջ Հայաստանում ծրագիր իրականացնել. «Մենք արդեն որոշ մարզերում ունենք տեսակավորման բացառիկության իրավունքը 25 տարի ժամկետով եւ հիմա ուսումնասիրություններ ենք անում, թե որ մարզում, որ քաղաքում ինչ ծավալի աղբ կլինի, որպեսզի ըստ այդ էլ կառուցենք գործարաններ»,- ասում է ընկերության հանրային կապերի տնօրենը: Հուսանք, որ մի օր, չգիտեմ թե երբ, բայց կտեսնենք Հայաստանն առանց աղբի:



 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ