500-ամյա վերաբերմունք

500-ամյա վերաբերմունք
Երեւանը դեռ գրքի համաշխարհային մայրաքաղաք է: Էդպես են ասում կազմակերպիչները: Էդպես գիտենք: Մի քանի ամիս առաջ այս պատվավոր կոչումը հայկական հանձնաժողովն ընդունեց խոշորածավալ խանդավառությամբ: Հետո Մատենադարանի բեմից հնչեցին մեծ-մեծ խոսքեր: Դատարկության մեջ ճոռոմաբանելու արհեստին տիրապետող պատվիրակությունը փառաբանում էր գիրքը, նրա հանդեպ մեր 500-ամյա վերաբերմունքը` գրատպություն, մատյաններ, հնություններ, բացառիկ արժեքներ, որոնք պատկանում են ոչ միայն մեզ, այլեւ ողջ աշխարհին, ու այսպես շարունակ: Չէին մոռանում նաեւ գրողներին` հին-հին առարկաների հանդեպ կեղծ հոգատարությամբ ու կարեւորությամբ մեկումեջ հիշատակելով նրանց առկայությունը: Էդքան արժեքները թվարկելուց հետո թե ինչու էին հիշել գրողներին, էդպես էլ ոչ ոք չհասկացավ: Հետո եղան փուչիկներ, երգեր, գույներ, գեղգեղանքներ, կանգնեցվեց տառերով մարդանման արձան, քաղաքում տեղ-տեղ առկայծեցին պաստառներ «Գիր հավերժություն» ու էլի նման բաներ: Որպես Արաբկիր համայնքի մշտական բնակիչ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` համայնքում գրքային էդ պաստառների բացակայությունից բողոքող մեկը, օրերից մի օր փողոցներով քայլելիս հանկարծ հանդիպեցի փափագած պատկերների, որոնք երեսի պնդությամբ ժամանակավորապես զբաղեցրել էին բանկերի ու խանութների տեղը:



Ավտոբուսների ցուցապակիներին իր հայտնի բլուզով հպանցիկ երեւաց ու անհետացավ Հեմինգուեյը, երեւի ձանձրանալով՝ ուղղություն վերցրեց Չարբախի ձիարշավարան, որից հետո Սեւան` ձուկ բռնելու: Հետո գրքի համաշխարհային մայրաքաղաքի կայքում տեղադրվեցին ու տեղադրվում են նորություններ` «Գրքերի շնորհանդես «Ոսկե ծիրանում»», «Գրական թեյախմություն», «Գիրք եւ կինո», «Սերո Խանզադյանի հիշատակին», «Ղեւոնդ Ալիշանի հիշատակին», «Գրիգոր Զոհրապի հիշատակին», ասես դամբանագրերի պարտադիր շարքից, հետո կարճ, բովանդակալից տեղեկատվություն նոր լույս տեսած գրքերից, ցուցակում «աշխարհահռչակ», միլիոնավոր ընթերցողների սրտերը գրաված նորվեգացի Յո Նեսբոյի վեպը, «մեծանուն» ֆինն գրող Մատի Յոնեսուի «Չարի քահանան» եւ էլի ու էլի համբավավոր գրքեր, գործեր, որոնք բարձր են պահում գրքի համաշխարհային մայրաքաղաքի ու նրա քաղաքացիների պատիվը:



Բայց պատվի հարցը ինքն իրեն վաղուց դուրս է նետել պատուհանից: Տոնը պատիվ ձեռք բերելու համար չեն անում: Պարզ երջանկությունն ու ուրախությունն ի՞նչ կապ ունեն պատվի հետ: Եվ ուրեմն, եթե գիրքը մեզ պիտի երջանկացներ, թող միջոցառումներն իրականացնողների թեթեւ ձեռքով ամեն օր տարվա մեջ հիշեցներ իր ներկայության մասին, դառնար մեր հրճվանքը: 2012-ը կիսվել է ու իր հանդարտ ընթացքով գնում է թվի փոփոխում: Գրքի համաշխարհային մայրաքաղաքն ապրում է իր նույն կյանքով: Նույն քաղաքն է, նույն մարդիկ, նույն գրախանութները, նույն կեցությունը: Տոնի մասին ոչ մի առանձնահատուկ հիշեցում, ոչ մի վկայություն, ոչ մի ճիչ:



«Ֆեյսբուքում» լցվող` «Տեսեք, թե ոնց ենք գիրք սիրում ու ինչ ընթերցող ենք» ֆլեշ-մոբների լուսանկարները ոչինչ չեն նշանակում ու մնում են որոշակի խմբերի եւ այդ խմբերի անդամների ակտիվության տիրույթում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ են այն մարդիկ, ովքեր համացանցից ու «Ֆեյսբուքից օգտվելու հնարավորություն թերեւս չունեն, բայց լրիվ իրավունք ունեն տեղեկանալու նման միջոցառումների մասին, իրավունք ունեն միացնել հեռուստացույցը եւ լսելու այդ տեղեկատվությունը կամ տեսնելու հաղորդումներ, նյութեր` նվիրված գրքի համաշխարհային մայրաքաղաքին, գրականությանը: Այս տարի նշելով հայ գրատպության 500-ամյակը՝ 500 տարի հետո գուցե Հայաստանում նորից կտոնեն հենց այս 500-ամյակը, որովհետեւ մնացյալն իր ետեւից հիշատակման արժանի ոչինչ չի թողնի` միայն ծերունական հիշողություններ վաղնջական ժամանակներից: