Սկսնակ ժուռնալիստներ կան, որ հենց մեր աչքի դեմն են մեծանում

Սկսնակ ժուռնալիստներ կան, որ հենց մեր աչքի դեմն են մեծանում
Հարցազրույց «Վիտամին» ակումբի  հումորիստ  Արմուշի  հետ



-Արմուշ, հանդիսատեսը քեզ տեսնում է հիմնականում «Վիտամինի» եթերում, ուրիշ զբաղվածություն չունե՞ս, սերիալներում նկարահանվելու առաջարկներ դեռ չե՞ս հասցրել ստանալ:



- Դեռ ոչ, չնայած մենք էլ ունեցել ենք մեր սիտքոմը՝ «Գերդաստանը», որտեղ խաղում էինք, բայց հիմա կանգնեցրինք, որովհետեւ ուրիշ նոր նախագծեր ենք ուզում անել, հետո «Բանակումը» հենց սկսեց, առաջին երեք ամիսը ես ու Վաչեն նկարվեցինք, բայց հետո դուրս եկանք...



- Ինչի՞, փողի կարիք է՞լ չունեիր:



- Փողի համար չէինք գնացել, ուղղակի մեր գործընկերներն էին, նրանց հետ ենք աշխատում:



- Իսկ այսօր միայն հումորով հնարավո՞ր է փող վաստակել:



- Եթե քո աշխատանքը սիրում ես ու լավ ես անում, ամեն ինչ էլ հնարավոր է: Աշխատասեր եղար՝ տաքսու վարորդ էլ լինես թե թատրոնի դերասան, կարող ես գումար վաստակել ու նորմալ ապրել, լավը եղար՝ ամեն տեղ էլ լավը կլինես:



- Նկատե՞լ ես՝ այսօր ժողովրդի շրջանում ավելի շատ ինչ կարգի հումորներն են պահանջարկ վայելում:



- Դա հիմնականում մեր առօրյան է, մեր կենցաղը, ուրիշ թեմա չկա: Մեր հումորներն արվում են էն ամենի վրա, ինչը որ ակտուալ ա այդ շրջանում, դրանք հիմնականում կենցաղային հումորներն են, որոնք էլ հիմնված են իրական դեպքերի վրա:



- Քաղաքական հումորներին ո՞նց ես նայում:



- Չենք անում քաղաքական հումորներ, մեր ծրագրում երբեք չենք արել:



- Ինչո՞ւ:



- Սցենարական մեր ոճի մեջ չի մտնում, եթե արել ենք՝ շատ քիչ, մենք, այսպես ասած, ավելի շատ ժողովրդական ենք.... ժողովրդի ծոցից դուրս եկած...



- Իսկ գուցե ավելի շատ զգուշանո՞ւմ եք…



- Չենք զգուշանում, մեր մոտ քաղաքական գործիչներ էլ են եղել հյուր, ինչի՞ց պիտի վախենանք:



- Կհիշեցնե՞ս ովքեր են եղել:



- Դե հիմա ո՞րը հիշեմ, մի քանի հոգի են եղել, ստեղ արդեն էական տարբերություն չկա:



- Ինչ ես կարծում, այսօր ավելի շատ հումորայի՞ն նյութի պակաս կա, թե՞ հումորիստների:



- Ոչ թե հումորիստների, այլ լավ նյութի պակաս կա, իսկ ամենակարեւորը՝ լավ հումորային սցենարիստների, բայց, փառք Աստծո, «Վիտամինը» չունի, որովհետեւ լավագույն սցենարիստներից 4-ը մեր մոտ են:



- Իսկ երբեւէ սպառվելու խնդրի առաջ չե՞ք կանգնել:



- Ոչ թե սպառվելու... այլ ուղղակի «Վիտամինը» ռեկորդ խփեց, 2 տարի ընդմիջում չի ունեցել եւ միշտ եթերում է եղել, ամեն շաբաթ նոր ծրագիր ենք գրել, դա էլ մեր սցենարիստների շնորհիվ: Լինում են դեպքեր, որ հոգնում ես, պիտի հանգստանաս, բայց աշխատանքը, ծրագիրը դրանից չի տուժում:



- Այսօր շատ են ասում նաեւ, որ հումորն էժանացել է, համաձա՞յն ես:



- Նայած ում համար եւ ինչ հումորի մասին է խոսքը, գոռոզություն չլինի, բայց ես մերի մասին էդ կարծիքը չունեմ, մնացածն էլ... մարդիկ աշխատում են հիմա, իսկ հեռուստադիտողին չես ստիպի, մեկ ա՝ ինքը որը սիրեց, դա է նայելու:



- Նայո՞ւմ եք «32 ատամը», իրենց հումորի մասին ի՞նչ կարծիք ունես:



- Իրանք էլ իրանց հումորն ունեն, իրանց ուղղվածությունը: Մեր տղերքն են, մեր ընկերները, էլի գործ են անում, ու իրանք էլ իրանց հանդիսատեսն ունեն: Ու ոնց որ իրանց հանդիսատեսը մեզ չի սիրում, այնպես էլ մեր հանդիսատեսը՝ իրանց, բայց դե, մենք նման բաներ հաշվի չենք առնում եւ ուրախանում ենք, որ մեր ընկերներն աշխատում են: Էդ շատ մեծ նշանակություն ունի:



- Ամեն դեպքում մրցակցությո՞ւն կա:



- Չէ, ընդհանրապես, հետո՝ էդ մրցակցությանը մենք ուշադրություն չենք էլ դարձնում ու մեր գործն ենք անում:



- Կա՞ մի կերպար՝ լինի տաքսու վարորդ, թե տեգոր կին, ում խաղն ավելի լավ է մոտդ ստացվում:



- Էդպես առանձնացրած չկա, որովհետեւ տարբեր կերպարներ ենք ընտրում, բայց դե, հետաքրքիր ա, որ ամեն անգամ մի նոր համարով մի նոր կերպար ա ի հայտ գալիս, ու ինձ թվում ա՝ հումորիստների հաջողությունն էլ հենց էդտեղ ա, որ տարբեր կերպարներ են կերտում, ու չես ֆիքսվում մի կերպարի վրա:



- Իսկ, ասենք, տվյալ ոլորտին անդրադառնալուց առաջ ինչքա՞ն ժամանակ եք ուսումնասիրում այդ ոլորտի առանձնահատկությունները, ինչպես, օրինակ, վերջերս լրագրողական թեմայով արված մանրապատումների դեպքում:



- Ուսումնասիրելու բան չկա, մենք էս քաղաքի տղերքն ենք, ցավդ տանեմ, 35 տարի ա՝ ստեղ եմ ապրում, ու ինչ լինում ա, մեր աչքի դեմն ա լինում, դրա համար էլ ամեն ինչից տեղյակ ենք լինում, սկսնակ ժուռնալիստներ կան, որ հենց մեր աչքի դեմն են մեծանում...



- Փաստորեն, անձնական փորձն էս դեպքում լրիվ ծով ա եղել:



- Բա իհարկե:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ