Վաղը ընտրություն է

Վաղը ընտրություն է
Սաֆարովյան դեպքերը հետին պլան մղեցին եւ մայիսի 6-ի ընտրություններն ու դրանց արդյունքները, եւ Տիգրան Առաքելյանի ու մյուսների դաժան դատավճիռը, եւ Կասկադի ծխող կնոջ քանդակն ու Վանո Սիրադեղյանի վերադարձի խոսակցությունները: Անգամ ՏԻՄ ընտրություններն ու առաջիկա նախագահականը, որ մշտապես թեժ ու կրքոտ բախումների առիթ է դառնում եւ մի կես տարի զբաղեցնում բոլորի մտքերը, այս իրադարձությունների բովում մոռացվել է: Մինչդեռ մեր պետության եւ առաջընթացի համար ավելի կարեւոր բան, քան ընտրություններն են, չկա: Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն է. մի շարք վայրերում համայնքապետեր ու ավագանու անդամներ են ընտրվելու: Հատկապես փոքր բնակավայրերում այս ընտրությունները, կարելի է ասել, գրեթե ավերածություններ են անում: Գյուղը բաժանվում է երկու-երեք թշնամի բանակների, գործի են դրվում բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցները:



Մարդիկ այնքան են թշնամանում, որ համայնքապետի ընտրվելուց հետո մյուս թեւի կյանքը խիստ բարդանում է տվյալ բնակավայրում, եւ պահանջվում է մի քանի տարի, որ այդ թշնամությունը փոքր-ինչ հարթվի: Երբեմն ժամանակն էլ չի օգնում, եւ այդ թշնամությունը շարունակվում է մինչեւ մյուս ընտրություններ, երբ պարտված թիմը ռեւանշի հնարավորություն կստանա:



Բայց սա էլ ոչինչ՝ առավել անընդունելին տարբեր քաղաքական ուժերի ու պաշտոնյաների միջամտությունն է ներհամայնքային ընտրություններին՝  ճնշումներ հարկայինի կողմից, սպառնալիքներ մարզպետարանից, պաշտոն զբաղեցնող ազգականներին ահաբեկել եւ այլն, եւ այլն: Ինչպես նաեւ հուսալքության եւ դատապարտվածության տրամադրությունների տարածում, թե, միեւնույնն է՝ չես հաղթելու, եթե անգամ հաղթես, չեն թողնելու աշխատես, գործ կսարքեն վրադ եւ այլն: