Ինչպե՞ս կդասավորվի Օսկանյանի ճակատագիրը

Ինչպե՞ս կդասավորվի Օսկանյանի ճակատագիրը
Չի բացառվում, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխին կուտակված սեւ-մութ ամպերն առաջիկայում ավելի թանձրանան: Եվ Օսկանյանին անձեռնմխելիությունից «բարեհաջող» զրկելուց հետո գործը հասնի նրան կալանավորելու սցենարին: Նախ հիշեցնենք, որ նախօրեին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես եւ սպասվում էր, Ազգային ժողով ներկայացրեց միջնորդագիր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Դատախազությունից սրա վերաբերյալ պարզաբանել են, որ խոսքը գնում է Օսկանյանին միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցի հարց չի բարձրացվում:



Սակայն չկա որեւէ երաշխիք, որ Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո չի բարձրացվի նաեւ խափանման միջոցի հարցը: Նշենք նաեւ, որ ԱԺ ներկայացված գրավոր միջնորդությունն ԱԺ-ում կքննարկվի հերթական քառօրյայի առաջին օրը` հոկտեմբերի 1-ին, արտահերթ կարգով: Հենց այդ քննարկումից եւ պատգամավորների քվեարկությունից ու իշխանության տրամադրվածությունից կուրվագծվի՝ դատախազությունը մոտ ապագայում հանդես կգա՞ արդյոք Վարդան Օսկանյանին ձերբակալելու միջնորդությամբ, թե՞ գործը կավարտվի միայն ճնշումներով:



ԲՀԿ-ԻՆ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՓՉՎՈՒՄ Է ԲՀԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՓՈՒՉԻԿԸ



ԱԺ ուղարկած դատախազի միջնորդության հրապարակումից հետո հայկական ԶԼՄ-ներում մեկը մյուսի հետեւից վերլուծականներ գրվեցին եւ տեսակետներ հնչեցին: Օսկանյանի, ինչպես նաեւ ԲՀԿ-ական նախկին նախարարների դեմ ուղղակի կամ նրանց պաշտոնավարման տարիների տարբեր դրվագների առնչությամբ քրեական գործերի հարուցման հնարավորության մեջ ոմանք քաղաքական տարբեր ենթատեքստեր տեսան: Մի մասը գործընթացի հիմնական նպատակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու մասին դիրքորոշում ստանալու հետ է կապում, մյուս մասն էլ ԲՀԿ-ականների դեմ սկսված արշավը ոչ այնքան ԲՀԿ-ին ճնշելու, որքան ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր փուչիկը փչելու գործընթացի ապահովում է դիտարկում: Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն է ճիշտ: Իսկ թե որ տեսակետին են հակված խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, կերեւա քվեարկության արդյունքներից:



ՈՎ ԻՆՉՊԵՍ ԿՔՎԵԱՐԿԻ



Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին ԱԺ խմբակցությունների եւ անկախ պատգամավորների քվեարկության արդյունքներն ըստ ամենայնի կհստակեցնեն՝ իշխանությունները հեռուն գնացող սցենարնե՞ր կծրագրեն, թե՞ կբավարարվեն միայն ճնշումներով: Եթե գործընթացը ծառայեցվում է սոսկ քաղաքական եւ ոչ իրավական նպատակներով, ապա կփորձեն հասկանալ, թե ինչպես կուտվի իրենց եփած ճաշը: Ենթադրվում է, որ բացառապես քաղաքական դրդապատճառի դեպքում ՀՀԿ-ն ամեն ինչ կանի, որպեսզի երկուշաբթի ԱԺ բերման ենթարկի ոչ միայն խմբակցության բոլոր 68 պատգամավորներին ու ՀՀԿ-ին հարող անձանց, այլեւ կոալիցիոն կրտսեր գործընկեր ՕԵԿ-ի 5 պատգամավորներին, քանի որ քվորում ապահովելու համար առնվազն 66 «կողմ» ձայն է հարկավոր:



Թեպետ, հաշվի առնելով Օսկանյանի հեղինակությունը, մի զգալի խումբ ՀՀԿ-ականներ մասնակցության դեպքում էլ կարող են փակ քվեարկության պարագայում «դեմ» արտահայտվել դատախազի միջնորդությանը: ՀՀԿ-ականները երեկ խուսափում էին պատասխանել, թե ինչպես են քվեարկելու: «Երբ որ կարդանք դատախազի առաջարկությունը, եւ երբ հարցը քննարկվի, մեր տեսակետը կներկայացնենք»,- պարզաբանեց Գալուստ Սահակյանը: «Համենայնդեպս, մենք հակված ենք մտածելու, որ, ի վերջո, Վարդան Օսկանյանը, որը պնդում է իր անմեղությունը, կարողանա ապացուցել, որ ինքն անմեղ է: Այդ հնարավորությունը պիտի տրվի»,- կարծում է ՀՀԿ խմբակցության նախագահը:



Գրեթե նույնը կրկնեցին որոշ անկուսակցական պատգամավորներ, այդ թվում՝ Տաճատ Վարդապետյանը: Վանաձորցի Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ միայն դատախազի միջնորդության փաստերին ծանոթանալուց եւ ԱԺ քննարկումից հետո կձեւավորվի դիրքորոշումը. «Ըստ էության, ես քաղաքական տեսանկյունից չեմ դիտարկելու հարցը, ով ում թիմից, ինչ. դա ինձ չի հետաքրքրում, ես մասնագիտական մոտեցում եմ ցուցաբերելու՝ որպես փաստաբան»: Մինչ վերջերս ՀԱԿ խմբակցության պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ միանշանակ «կողմ» է քվեարկելու դատախազի միջնորդությանը, մինչդեռ որոշ ՀԱԿ-ականներ հայտնել են, թե դա քաղաքական հետապնդում է, եւ իրենք «դեմ» են քվեարկելու: Իսկ Փաշինյանը նախկինում ասել է, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե ինչ է գրված լինելու միջնորդագրում: Նա քվեարկելու է «Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի հարթակին կանգնածի բարձունքից»: Իսկ այդ բարձունքից Օսկանյանին «հասնում է» պատժվելը:



Երեկ պարզեցինք, որ Փաշինյանը կարող է միայնակ չլինել ՀԱԿ-ում այս տեսակետով: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մինչեւ չտեսնի-չծանոթանա, ոչինչ չի կարող ասել: Նկատեցինք, որ ՀԱԿ որոշ պատգամավորներ նախապես են կարծիք հայտնել եւ քաղաքական աստառ տվել Օսկանյանի գործին: «Այդ դեպքում այդ որոշ պատգամավորներին էլ հարցրեք,- խորհուրդ տվեց Ջհանգիրյանը՝ նշելով:- Ես իրավաբան եմ եւ մինչեւ չծանոթանամ, որեւէ բան չեմ կարող ասել, պատգամավորներն էլ առանձնապես խանդավառված չեն լինի Օսկանյանի հարցում»: Մինչդեռ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատեց, թե դեռ չգիտեն՝ միջնորդագրում ներկայացված փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, բայց տեսանելի է, որ «սա հատվածական մոտեցում է եւ անպայման ունի քաղաքական ենթատեքստ»: Հակոբյանն ասաց, որ խմբակցությունը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ քվեարկությանը, թե՞ ոչ, բայց հաստատ «կողմ» չեն քվեարկելու:



Չնայած դրան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը չցանկացավ ասել, թե ինչպես է քվեարկելու: «Դուք այնպես եք ուզում անեք, որ ԱԺ աշխատանքներն անիմա՞ստ լինեն: Քննարկելու ենք, ապա քվեարկելու, կգաք-կտեսնեք եւ կիմանաք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր տեսակետն անփոփոխ է մնացել Օսկանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ: Իսկ Արզումանյանն ասել էր. «Ես, որպես մի քանի անգամ քաղբանտարկյալ եղած մարդ, մշտապես պայքարել եմ, որ քաղբանտարկյալներ չլինեն Հայաստանում: Վստահ եմ, որ ես եւ իմ ընկերներն ամեն ինչ կանենք, որ պարոն Օսկանյանը չհամալրի քաղբանտարկյալների շարքերը: Հանգամանքներին, գործին ծանոթ չլինելով՝ մի բան ինձ համար ակնհայտ է, որ այստեղ կա քաղաքական դրդապատճառ, եւ հետապնդումը քաղաքական բնույթի է»: ՀՅԴ-ականներից ոմանք նույնպես նախկինում կարծիք են հայտնել, թե կատարվածը քաղաքական հետապնդում է, բայց թե ինչպես կքվեարկեն, չհաջողվեց պարզել:



ԲՀԿ-ն ՊԱՀՈՒՄ Է ԻՆՏՐԻԳԸ



Ամենաուշագրավը ԲՀԿ դիրքորոշումն է: Դեռեւս գործի նախափուլում ԲՀԿ-ական գործիչները հանդես եկան ոչինչ չասող, հերթապահ հայտարարություններով: Այն դեպքում, երբ այլ ուժեր շտապել էին քաղաքական հետապնդում որակել: Երեկ կեսօրից հետո Կոնյակի գործարանում տեղի ունեցած կուսակցական ակտիվի հավաքից հետո տարածեցին մի հայտարարություն, որում ասվում է, որ ԲՀԿ-ն գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը «համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքներն անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստանն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգնմանը»:



ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՓԱՍՏԵ՞Ր ՈՒՆԻ



Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների մասով ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այս տարվա մայիսի 25-ին: Այն հարուցվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով: Քրգործը հարուցելու որոշումը մերժելու պահանջով թե Վարդան Օսկանյանը, թե «Սիվիլիթաս» հիմնադրամն այս ամիսների ընթացքում դիմել են դատական ատյաններին, սակայն բոլոր դեպքերում էլ նրանց հայցերը մերժվել են: Նախօրեին վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու պահանջը: «Սիվիլիթասը» հայտարարեց, որ պատրաստվում է դիմել վճռաբեկ դատարան:



Հատկանշական է, որ «Սիվիլիթասը» ԱԱԾ-ի եւ հարկային մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց հենց այն փուլում, երբ նախկին արտգործնախարարը սկսեց քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը: Դատախազի միջնորդությունը Վարդան Օսկանյանը եւ նրա փաստաբանները «քաղաքական հետապնդում» են անվանում: Վարդան Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ փողերի լվացման հանցակազմը գոյություն ունենալ չի կարող, իսկ քրեական գործը հարուցված է միայն այդ հոդվածով: Նշենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը, ըստ ԱԱԾ-ի պարզաբանման, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները, 2011թ. «Պոլիմեր մատերիալս» եւ «Հանթսման ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Մինչդեռ խոսակցություններ կան, որ այդ գումարը ոչ թե տրամադրվել է հիմնադրամին, այլ անձամբ Օսկանյանին: