Եթե Մակեդոնացին գար ընտրության, վախեցած կփախներ

Եթե Մակեդոնացին գար ընտրության, վախեցած կփախներ
Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում արդեն չորրորդ անգամ համայնքապետ է ընտրվել  Գարեգին Բ կաթողիկոսի կրտսեր եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը: Սակայն նույն գյուղում համայնքապետի թեկնածու առաջադրված անկուսակցական Վահան Ղուկասյանը հավաստիացնում է, որ «Ոսկեհատում ընտրություն, որպես այդպիսին, չի եղել, որովհետեւ գյուղապետի, նրա տղաների ու նրանց շուրջ հավաքված մարդկանց կողմից վախի մթնոլորտն այն աստիճան էր, որ պատկերացնել հնարավոր չէ»:



Վահան Ղուկասյանի ձեռքի տակ կա նաեւ տեսագրություն ընտրությունների ընթացքի վերաբերյալ, որտեղ արձանագրված են մի շարք խախտումներ՝ բաց քվեարկելու պահանջ, սպառնալիքներ, կուտակումներ ընտրատեղամասի դիմաց, ինչ-որ մարդկանց անարգել ելքումուտք ընտրատեղամաս եւ այլ խախտումներ: «Առավոտյան, երբ գնացի ընտրության, միանգամից աչքիս զարնեց տեղամասի մոտ հավաքված 20-30 շքեղ մեքենաներն իրանց էկիպաժով: Հավատացնում եմ, որ եթե Մակեդոնացին գար ընտրության, հաստատ վախեցած հետ կփախներ: Այնպիսի մի վախի մթնոլորտ էր ստեղծվել, որ ճնշում էր բոլորին»,-պատմում է Ղուկասյանը:



Նա մոտեցել է, պահանջել պահպանել օրենքով սահմանված 50 մետրը, հանձնաժողովի նախագահից պահանջել է արձանագրություն կազմել, սակայն չի կազմվել: «Դրսում կարծես մարդաորս էր, մարդկանց կանչում-համոզում, սպառնում էին եւ մտցնում ներս՝ որոշ դեպքերում պահանջելով բաց քվեարկություն իրականացնել, որ իրենց աչքով համոզվեն: Բացի դա, տեսագրության մեջ էլ երեւում է, որ նույն մարդը կրկնակի քվեարկություն է իրականացնում երկու տարբեր անձնագրերով, իսկ հանձնաժողովի նախագահն այդպես էլ չի արձանագրել դա,-ասում է Ղուկասյանը՝ ավելացնելով:- Հանձնաժողովի նախագահն անգործության էր մատնված: Ի պաշտոնե ինչ վերապահված էր իրեն, ոչինչ չէր անում: Ընտրության ժամանակ գրանցված դեպքերից 1-2-ը հերիք էին, որ ընտրությունը դադարեցներ, բայց ինքը նույնիսկ արձանագրություն չկազմեց»:



Վահան Ղուկասյանի խոսքով, բաց է քվեարկել նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայություն իրականացնող Տեր Հակոբ Խաչատրյանը՝ ցույց տալու համար, թե ինչքան են նվիրված Ներսիսյան գերդաստանին: «Ընդհանրապես ընտրությունների օրը մեկը մյուսին հերթ չէր տալիս՝ իրենց նվիրվածությունն ապացուցելու Ներսիսյաններին»:  Ընտրության ավարտից հետո քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը համեմատաբար հանգիստ է անցել, քանի որ, թեկնածուի խոսքով, գյուղապետն ու իր որդիներն արդեն իրենց գործն արել-վերջացրել էին՝ մարդկանց բերել էին ընտրության, եւ հաշվարկի ժամանակ այլեւս մտահոգության առիթ չէր կարող լինել: «Ես գտնում եմ, որ եթե մաքուր ընտրություն տեղի ունենար, բացառվում է, որ 10 տարի բացարձակ ոչինչ չարած մարդը վերընտրվեր»,-համոզված է Վահան Ղուկասյանը:



Նա իր ձեռքի տակ եղած տեսագրությունը ոչ մի տեղ չի ներկայացրել, ոչ իրավապահներին, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ հավատացած է, որ ոչինչ չի փոխվի: «Ես պարզապես երկրի ղեկավարությանը եւ ոստիկանության ղեկավարությանը ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Նույն ոստիկանության աշխատակիցները եւս անգործության էին մատնված (տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ընտրության ընթացքը հսկող ոստիկանները, մի սենյակում հավաքված, նստած զրուցում), քանի որ իրենք էլ էին վախեցած գյուղապետի ու նրա որդիների շքախմբից: Սա առաջին դեպքը չէ: Գյուղապետի տղաները միշտ անպատիժ են մնում: Մեր գյուղը նրանց համար ազատ հանցագործություններ կատարելու գոտի է, ոչ մի անգամ չեն պատժում»,- ասում է Վահան Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ձայն տված 145 «անվախ գյուղացիներին»: