Ազգային ժողովում խառն էին

Ազգային ժողովում խառն էին
Գլխավոր դատախազի միջնորդության քննարկումն ԱԺ-ում երեկ ընթանում էր մեծ աժիոտաժով: Հովիկ Աբրահամյանը «նոն ստոպ» տարբերակով իր մոտ էր կանչում ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանին, պահանջում բերման ենթարկել բացակա պատգամավորներին, հետո ֆրակցիայի քարտուղար Հովհաննես Սահակյանին էր կանչում, նրան եւս «ուղարկում» նույն առաջադրանքով: Վերջիններս շաբաթ-կիրակի օրերին էլ բացառապես ՀՀԿ-ականներին զանգահարելով են զբաղված եղել: Օրվա երկրորդ կեսին արդեն ԱԺ միջանցքում էին Սամվել Ալեքսանյանը, Թոխմախի Մհերը, իսկ Գալուստ Գրիգորիչն իրենից գոհ շրջում էր միջանցքում եւ հարցին` ապահովեցի՞ք, արձագանքեց. «Մենք քվորումի խնդիր չունեինք էլ»: 



Նույնանման աժիոտաժի մեջ էին նաեւ ԲՀԿ պատգամավորները, որոնք հենց նիստի սկզբում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի իրենց ներկայացուցչին`  Վահագն Մախսուդյանին, փոխարինեցին Տիգրան Ուրիխանյանով: Ըստ ԲՀԿ-ականների` Մախսուդյանը կոմպրոմիսային ֆիգուր է՝ այդ պատճառով: Հզոր ելումուտի մեջ էին Ուրիխանյանն ու Օսկանյանը: Նիստը դեռ չսկսված` մի խումբ եվրոպացիներ անցան Օսկանյանի դռան մոտով. բոլորը կարծեցին, թե ԵՄ դեսպաններն են, սակայն պարզվեց, որ Գերմանիայից պատվիրակություն է, գնում են ԱԺ նախագահի մոտ՝ չգիտես ինչու, մեծ պտույտ կատարելով ԱԺ միջանցքներով:



Դա հերիք չէր, Օսկանյանի դռան մոտով յուրօրինակ հագնված, երկար մորուքով մարդիկ էին անցնում. բոլորը քարացած նայում էին: Պարզվեց` մեր բարեկամ երկիր Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն է, որը նույնպես գնում էր ԱԺ նախագահի մոտ: