Ի՞նչ է ուզում անել ԲՀԿ-ն

Ի՞նչ է ուզում անել ԲՀԿ-ն
«Ընդդիմության միասնական թեկնածու» տերմինը հիմա արդեն արձագանք չի տալիս: Այն իզութոզով կորչում է հանրության քմծիծաղի ու զրահավորված սարկազմի մեջ: Նոր փուչիկ է անհրաժեշտ, ոնց որ այն շուտ պայթեց: Ա՜յ, միասնական շտաբի ստեղծումը լավ էր փչվել, մինչեւ վերջին պահն արդարացրեց իրեն: Հանրությունը խելքամաղ էր եղել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ «հակակարկտային» կայանից ու հավատացած էր, որ օդում կարկուտները փշուր-փշուր կլինեն ու անձրեւի տեսքով կսնուցեն հողը: Ի՞նչ եղավ:



 



ՀԱԿ-ն ու մասամբ «Ժառանգությունը» հավասարվեցին ԲՀԿ-ին: Կամ բոլորն էլ ընդդիմադիր են, կամ՝ իշխանամետ: Սա էր սցենարը, որն իրագործվեց հաջողությամբ: Ո՞րն էր գինը: Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ից ասացին՝  եթե չլիներ միասնական շտաբը, այդ փոքր տոկոսն էլ չէինք ստանա: Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ այդ չնչին տոկոսը ձեռք բերվեց ընդդիմադիր միասնական պայքարի շնորհիվ: Եթե հավատում է, դա նրա անհատական տեսակետը համարենք, փաստն այն է, որ դա հիմնականում դիտվեց որպես փեշքեշ: Վկայությունը՝  ժողովրդի երեսթեքումը ՀԱԿ-ից: Հիմա էլ նույն սցենարը՝ ընդդիմության միասնական թեկնածու: Այսինքն՝  կրկին գործի է դրվում ԲՀԿ-ի գործոնը: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կասեցրեց հնարավոր հետընտրական զարգացումները՝  ցրելով միասնական շտաբը, ապա նախագահական ընտրությունների ժամանակ, միասնական թեկնածուի դեպքում, ԲՀԿ-ն կփոշիացնի բառիս բուն իմաստով իր հետ միավորված ընդդիմադիր կուսակցությունները, որի համար կստանա իր փեշքեշը՝ վարչապետի պաշտոնը, որը խորհրդարանական ընտրություններից հետո նրան չտրվեց՝  ժամանակից շուտ չբացահայտելու համար:



 



Կարծում եմ՝  ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կաշխատի այս պայքարից դուրս գալ չարիքի փոքրագույնով, եթե այդ գործարքներից զերծ է: Նախկին վարկանիշը չունենալով, այնուամենայնիվ, նախագահի սեփական թեկնածուով կարող է փրկել իր կուսակցության դեմքը: ՀԱԿ-ն  ու «Ժառանգությունը», առաջադրելով նախագահի սեփական թեկնածուներին,  այս պարագայում կփրկեն իրենց կուսակցությունները լիակատար փոշիացումից, մինչդեռ իրենց անջատողականությամբ կնպաստեն գործող նախագահի վերընտրվելուն: ՀՅԴ-ն ավելի կարծր, հիմքերն ամուր կուսակցություն է եւ փոշիացման վտանգից հեռու: Ամեն դեպքում, ԲՀԿ-ն քաղաքական դաշտում կարողացավ կատարել իրեն հատկացված դերը: Իրադրային առումով հետագայում հնարավոր է չպահանջվի Օսկանյանի զոհողությունը, որովհետեւ խաղը մի քիչ շուտ է բացվել…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ