Նախագահական ընտրությունների ինտրիգը

Նախագահական ընտրությունների ինտրիգը
Սովորաբար ընտրությունից հետո է պարզվում, թե ինչ մեխանիզմ է կիրառել իշխանությունը՝  հաղթանակի հասնելու համար: Ընտրացուցակների կեղծումը, մեռելների ակտիվությունը, կնիքի ցնդումը… Ընտրությունից ընտրություն ավելի են կատարելագործվում կեղծիքի մեխանիզմները: Նախագահական այս ընտրություններն այս առումով տարբերվում են նախորդներից. հենց սկզբից պարզ է, թե ինչ մեխանիզմով են ընթանալու ընտրությունները:



 



Միանգամայն լուրջ ընդունեք, եթե ասեմ, որ այս ընտրությունները լինելու են հնարավորինս արդար ու թափանցիկ: Ինչո՞ւ: Ընտրությունը տեղի է ունեցել  ընտրությունից առաջ. սա է ամենակարճ պատասխանը: Ասում են՝  դրսի տրամադրվածությունից է կախված, թե ով է լինելու ՀՀ նախագահը: Բան չունեմ ասելու, այդ ասպարեզում բավականին փորձ ունենք, բայց սա այն դեպքն է, երբ գործող նախագահը հավասարապես գործել է եւ դրսի, եւ ներսի համար: Եվ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այլեւս կարիք չունի դրսի ուժերի սատարմանը, որովհետեւ գործող նախագահը մրցակից չունի: Ովքե՞ր են նրա մրցակիցները՝ Ծառուկյա՞նը, Րաֆֆի՞ն, Քոչարյա՞նը,  թե՞ կոալիցիոն մյուս ուժերը… Նրանք բոլորը մի մարդ են, մի կուսակցություն, մի շունչ: Քաղաքական ողջ դաշտն ամայացված է, եւ հանկարծ մի ծիտ ծլվլում է՝  ես կամ, ուրեմն բնությունը կենդանի է: Գալուստ Սահակյանը, Շարմազանովն ավետում են՝  գործող նախագահը մրցակից չունի: Սա է դաժան իրականությունը:



 



Անգամ եթե Գագիկ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, չոգեւորվեք, նա դա անելու է գործող նախագահի, դրսի համար: Դա առավել վտանգավոր է, քանի որ այդ դեպքում դուրսը միջից էլ ճղվի, չի կարող կասեցնել իշխանության վերարտադրությունը: Գործող նախագահը հասել է այն բանին, որ ներսում խաղ, թպրտոց չկա, իսկ դրսի հետ էլ կարող է ամենայն անկեղծությամբ պայմանավորվել, որ ընտրություններն անցնեն թափանցիկ: …Խաղն ավարտված է մինչեւ խաղի սկսվելը. սա է այս նախագահական ընտրությունների ինտրիգը: Այս էլ որերորդ անգամ՝  ընտրություններից առաջ «թշնամանում են» ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, ընտրությունից հետո «անաբաջի» դառնում, եղած-չեղածը կիսում: Այս անգամ ԲՀԿ-ի բաժինն ավելի մեծ է լինելու, բաժին կստանան նաեւ արմատական ընդդիմադիրներից շատերը: Փայաբաժին ուզողները շատանալու են, ճնշումը ժողովրդի նկատմամբ՝  մեծանալու: Առաջարկվող ելքերն անիրատեսական են, ուշանում է, տեսականից գործնականին անցնելու քայլերը  հետագայում առաջարկվելուց կիրառելի չեն լինելու: Դա լավ է կշռադատել իշխանությունը, եւ հնարավորինս, Գագիկ Ծառուկյանի հետ մեկտեղ,  ուշացնելու են իրենց դիրքորոշումը, եւ հանրության միավորումն անհնար է դառնալու: Մնում է սպասել, որ վերքն այնքան հասունանա, որ թարախը պայթի: Կդիմանա՞ տերն այդ ցավին…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ