Հաջողություն ԲՀԿ-ի աշխատանքներին

Հաջողություն ԲՀԿ-ի աշխատանքներին
ԲՀԿ վերջին հայտարարությունը (հուսանք, որ սա ԲՀԿ-ի հայտարարությունն է եւ ոչ թե Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիքը) կարող է շատ բան փոխել ՀՀ քաղաքական կյանքում: Ուշադրություն՝ ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի վերադիրքավորումներում, այլ քաղաքական կյանքում ամբողջությամբ:



Այդ հայտարարության երեք հիմնական կետերն են.



 



1.Մենք մինչ անձերին անդադառնալը, առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:



 



2. Մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի:



 



3. Այս ճանապարհին, մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:



 



Երկու ձեռքով կողմ լինելով ԲՀԿ այս առաջարկներին՝ կցանկանայինք հենց սկզբից նշել, որ ԲՀԿ-ն նոր հեծանիվ չի ստեղծել: Այս նույն առաջարկները, գրեթե նույն բառերով, բազմիցս հնչեցրել է ՀՅԴ-ն, որ այսօր էլ պաշտպանում է ՀՀ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը: Ընդամենը մի քանի օր առաջ այս նույն ծրագրային դրույթները ներկայացրեց նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում միակ վերապահումը, թերեւս, թեկնածուի պաշտոնում իրեն տեսնելն էր: Վերջապես ԲՀԿ հայտարարության երրորդ կետի շուրջ էր, որ տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չլսված-չտեսնված մի բան՝ ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» համատեղ բողոքի ակցիա: Այս ամենը նշանակում է, որ ԲՀԿ հայտարարության շուրջ չհամախմբվելու որեւէ պատճառ չունեն խորհրդարանական հիշյալ քաղաքական ուժերը (ի՞նչ կա որ, ամենավերջում կարող են քննարկել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության հարցը): Այսինքն՝ ԲՀԿ հայտարարությունը ռեալ հիմք կարող է հանդիսանալ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» ֆորմատով բլոկի առաջացման համար: Միանգամայն ենթադրելի է նաեւ, որ այս համագործակցությանը ներգրավվելու հայտեր կլինեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների կողմից եւս, ինչն էլ իր հերթին համաժողովրդականության գույներ կհաղորդի այս շարժմանը, եթե կարելի է այսպես անվանել հնարավոր ապագա համագործակցությունը:



 



ԲՀԿ հայտարարությունը որքան էլ արդիական հնչի, որքան էլ կարեւոր լինի մեր վիճակում հայտնված երկրի համար, այնուամենայնիվ, ռեալիզացիայի տեսանկյունից, շատ կարեւոր է, թե ինչ վերաբերմունքի կարժանանա այն իշխանությունների կողմից, դիցուք՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի: Այդ հայտարարության մեջ նրանց ամենաշատը, կարծում ենք, կհուզի հետեւյալ հատվածը. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»: Ահա այսպիսի օրակարգ է առաջարկվում այս հայտարարությամբ: Ի՞նչ անել:



 



Մեզ թվում է, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ամենաօրիգինալ որոշումը կլինի՝ միանալ այս նախաձեռնությանը: Նախ՝ ոչ մի ամոթ բան չկա, որ Սերժ Սարգսյանն այս անգամ նախագահ ընտրվի ոչ թե հինգ, այլ չորս տարով, եւ ապա՝ ոչ մի երաշխիք չկա, որ Սերժ Սարգսյանից ավելի լավ մեկ ուրիշը կկարողանա հիմքեր ու նախադրյալներ ստեղծել խորհրդարանական կառավարման համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համար: ԲՀԿ հայտարարության մեջ ասվում է, չէ՞, որ անձերը կարեւոր չեն: Ուրեմն էլ ինչո՞ւ կարեւորել՝ Պողոսը կլինի նախագահ, թե՞ Պետրոսը:



 



Նկատենք, որ ԲՀԿ հայտարարության մեջ հստակ ակնարկ կա նաեւ այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո այս խորհրդարանը չի ցրվելու եւ շարունակելու է իր աշխատանքները մինչեւ 2017 թվականը: Սա լրացուցիչ խթան է խորհրդարանական մեծամասնության համար պաշտպանելու ԲՀԿ առաջարկությունները եւ մի բան էլ Սերժ Սարգսյանին ոգեւորելու, որ նա էլ պաշտպանի դրանք: Մանավանդ, եթե իրենց հաջողվի մինչեւ 2017 թվականը անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ապա այդ ժամանակ կկարեւորվի վարչապետի դերակատարությունը, իսկ ՀՀԿ-ին դա ձեռնտու է այնքանով, որ խորհրդարանական ընտրություններում նոր հաղթանակ տանելու պարագայում ստիպված չեն լինի մի հատ էլ նախագահական ընտրություններում հաղթել: Այն ժամանակ վարչապետ կնշանակեն եւ վերջ:



 



Անձամբ Սերժ Սարգսյանն իր օրիգինալ որոշումով կարող է նաեւ վերջ տալ մեր աննորմալ ապաքաղաքական վիճակին: Հասարակությունն այլեւս հոգեկան շեղման եզրին է հասել: Այդ ինչպե՞ս է պատահում, որ ՀՀ նախագահով, վարչապետով, բանակով, ոստիկանապետով, գլխավոր դատախազով, ընդդիմությունով, այլընտրանքով պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բոլոր այլանդակությունները վերագրում ենք համակարգի փտած կողմերին ու պաշտոնյաներին, բայց ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել ոչ մեկից, ոչ էլ մյուսից: Այսքանը դեռ քիչ է, էն սարի պես տղեն էլ չի կարողանում ասել՝ ինքը առաջադրվելո՞ւ է, թե՞ չի առաջադրվելու: Դրանից, չգիտես ինչու, անասելի հուզվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքնաթիռում հանդիպում են Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովն էլ, իբր խառնել են Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ավտոները, դիմավորում են ՀՀ երկրորդ նախագահին: Մի խոսքով՝ կատարյալ շիլաշփոթ, որից ելքեր է հուշում ԲՀԿ հայտարարությունը:



 



Մասնավորապես այն ձեռնտու է նաեւ Գագիկ Ծառուկյանին, ով էլ, թերեւս այս ամենի մեծագույն մեղավորներից է: Հայտարարությունն այս պահին նրան թույլ է տալիս ոչ միայն մի փոքր էլ հետաձգել հաջորդ դասը, այլեւ անհրաժեշտության դեպքում, առանց ավելորդ երաժշտության, նահանջել ավելի ապահով քաղաքական դիրքեր: Ասենք, որ անձերին կարեւորություն չտալու այս որոշումը շատ բան իր տեղը դրեց: Իրենց ամբիցիաների ձեռքը կրակն ընկած շատ գործիչներ, այդ թվում նաեւ պետական, վերջապես կհասկանան, որ դեպի առաջընթաց տանող բոլոր ճանապարհները քաղաքական ու համաժողովրդական կոնսոլիդացիայի միջով են անցնում: Իսկ այս հայտարարությունը հենց կոնսոլիդացիայի է հրավիրում:

 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ