Խմորումներ ՀՀՇ-ում

Խմորումներ ՀՀՇ-ում
«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, ՀՀՇ կուսակցությունը պետք է սեպտեմբերին համագումար հրավիրեր: Կանոնադրային այդ խախտումը կուսակցությունը որոշել էր շտկել նոյեմբերին, սակայն այս ամսին ևս համագումար չի հրավիրվի: Պատճառը միայն այն չէ, որ ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել նախագահական ընտրությունների հարցում, կան ավելի «նուրբ» հանգամանքներ. ՀՀՇ շարքերում դժգոհություն կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, և ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, ապա ՀՀՇ-ում լուրջ զարգացումներ կընթանան, որն էլ իր արտահայտությունը կգտնի առաջիկա համագումարում:



«Քաղաքական իրավիճակի հետ կապված կանոնադրական թեթև խախտում, այո, եղավ, այնուհանդերձ, համագումարը մինչև հունվար անպայման տեղի կունենա, տղաները կգան Դուբլինից, ուր պետք է մասնակցեն Եվրոպայի լիբերալների համագումարին, հաջորդ 1-2 օրվա ընթացքում քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք, կորոշենք համագումարի օրը, կլուծենք դահլիճի հարցըե,-ասաց ՀՀՇ փոխնախագահ Վահագն Հայոցյանը: ՀՀՇ նախագահ կրկին Արամ Մանուկյանի՞ն կընտրեք` հարցրինք: «Այո, իհարկե, չնայած նման հարց դեռ չի քննարկվել, այլ թեկնածու մենք չենք էլ դիտարկում»:



Իսկ «դիտարկողներ» կան:  Մեր  տեղեկություններով, քննարկվում է նաև Աժ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի թեկնածությունը: Հիշեցնենք` ՀՀՇ վարչության նախագահն ուղիղ չի ընտրվում, նրան ընտրում է վարչությունը: