ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հույսեր են կապում վարչապետի հետ

ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հույսեր են կապում վարչապետի հետ
Հայաստանի Հանրապետությունում ահագնացող կոռուպցիայի դեմ իշխանության մղած պայքարի ձեւը թեեւ հասարակությանը հավատ չի ներշնչում, սակայն պայքարը, այնուամենայնիվ, շարունակվում է: Դա հասարակության եւ միջազգային կառույցների պահանջն է, եւ իշխանությունը, գոնե բացահայտ, չի կարող հրաժարվել դրանից: Օրեր առաջ դեմքի լուրջ արտահայտությամբ Տիգրան Սարգսյանն ընդդիմադիր գործիչներին ու ՀԿ-ներին հրավիրեց մասնակցելու  կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:



 



Թեեւ սույն խորհուրդը հիմնադրվել է դեռեւս  2004 թվականին, բայց կարծես որեւէ հաջողություն առայսօր չի արձանագրել, ավելին՝ պատկերը գնալով ավելի աղետալի է դարձել: Վարչապետի բեմադրած ներկայացման մոտիվները լավ հասկանալով՝ ՀԱԿ-ը մերժել էր հրավերը: Դե, քանի որ առաջարկը հնչել էր վարչապետի կողմից, ԲՀԿ-ն եւս  մերժել էր: Ինչպես եւ սպասվում էր, հրավերն ընդունել էին դաշնակցականներն ու «Ժառանգությունը»: Ինչո՞ւ որոշեցին մասնակցել եւ ի՞նչ սպասելիքներ ունեն, արդյո՞ք իրենց առաջարկները հաշվի կառնվեն եւ ըստ այդմ հակակոռուպցիոն քայլեր կձեռնարկվեն, զրուցեցինք մասնակիցների հետ: Արծվիկ Մինասյանը, որն ԱԺ-ում ՀՅԴ-ից տնտեսական գծով հիմնական գրոհողն է կառավարության վրա, սպասելիքներից առայժմ չխոսեց, ասաց, որ դեռեւս սպասում են Տիգրան Սարգսյանի պատասխանին: Իսկ իրենց գնալը պետք էր, քանի որ մեկ տասնամյակ պայքարում են՝ հակակոռուպցիոն կոնկրետ գործողություններ առաջարկելով:



 



«Երկրորդ հարցը եղել ու մնում է անկախ մարմնի ստեղծումը, որը, զերծ լինելով կառավարող ուժի ամբողջական ազդեցությունից, պետք է հնարավորություն տա մասնակցություն ապահովել ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Մեր մյուս պահանջը եղել է այն, որ  վերահսկող մարմինները ընդդիմությանը պետք է ազդեցություն ունեցող լծակներ տան, օրինակ՝ Վերահսկիչ պալատում, Տնտեսական մրցակցության եւ այլ հանձնաժողովներում»,- ներկայացրեց Մինասյանը: Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի այս խորհրդի ստեղծման ժամանակներից Դաշնակցության նախաձեռնությամբ Հայաստանը միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնցով սահմանված են կոնկրետ գործողություններ, հակակոռուպցիոն միջոցառումներ. «Սակայն, ինչպես ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդը, այդ մակարդակում մնացել է՝ առանց հաշվի առնելու կոնվենցիայով ամրագրված  մոտիվները: Մինչդեռ հստակ արդյունք պետք է լիներ»:



 



Եվ ահա,  8 տարվա զրոյական արդյունքով, փորձում են ժողովրդին համոզել, թե գործ են անում, ավելին՝ ընդդիմախոսներին էլ ներքաշում են գործողությունների մեջ՝ խորհրդակցական իրավունքով: «Վարչապետը խոստացավ, որ քննարկման առարկա կդարձնի  մեր առաջարկները եւ հաջորդ նիստի ժամանակ կներկայացնի իրենց մոտեցումները: Դրանից հետո կկարողանանք գնահատել՝ անկե՞ղծ է վարչապետն իր հայտարարությունների մեջ, թե՞ հերթական անգամ փորձ է արվում շփոթեցնել հասարակությանը»,-եզրափակեց կառավարության ընդդիմախոսը: «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը կոռուպցիայի դեմ պայքարն իմիտացիա բնութագրելը դեռ վաղ է համարում: Իրենց ներկայացրած 26 կետանոց հակակոռուպցիոն փաստաթղթից թե քանիսը կհայտնվի վարչապետի քննարկման օրակարգում, կերեւա առաջիկայում: «Մենք առաջարկություններ ներկայացրինք՝ ստեղծել համապետական մարմին, որի մեջ պետք է ընդգրկվեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, եւ գործի թափանցիկ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: