1996-ը չի կրկնվի

1996-ը չի կրկնվի
Հարցազրույց Հանրային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանի հետ



 



 



- 1996թ. նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեցին եւ ՀՀ նախագահի միասնական թեկնածու առաջադրեցին Ձեզ: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ համախմբումը, եւ ինչո՞ւ հատկապես հենց Ձեր վրա կանգ առավ ընտրությունը:



 



- Շատ բնական ձեւով տեղի ունեցավ: Ես կարծում եմ, որ դրանում երկու հանգամանք կար. առաջին, որ այն ժամանակվա կուսակցությունները շատ ավելի գաղափարական էին, քան ներկա կուսակցությունները, որովհետեւ իսկապես կապված էին շարժումով եւ այն հեղափոխությամբ, որը տեղի ունեցավ Խորհրդային Միությունում, երբ գաղափարների պայքար էր գնում: Եվ համախմբվեցին այն կուսակցությունները, որոնք շատ թե քիչ նույն գաղափարներն ունեին: Այդ տեսակետից Ազգային ժողովրդավարական կուսակցությունն առավելություն ուներ, որովհետեւ մի կողմից կարողանում էր միավորել ազգային մտածողությամբ մարդկանց, մյուս կողմից էլ՝  նոր ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող մարդկանց: Այդ տեսակետից համախմբվածությունը գաղափարական էր: Օրինակ, կոմունիստները մեզ չմիացան, մեր հարաբերությունները թշնամական չէին, բայց մենք եւ իրենք տարբեր էինք, դրա համար էլ չմիացան:



 



Երկրորդ. թե այդ սպասվելիք միացման մեջ ում թեկնածությունն առաջադրել, դա կախված էր նրանից, թե, այնուամենայնիվ, ժողովուրդն ում ավելի շատ կվստահեր: Սոցիոլոգիական հարցումներն ու ընդհանուր մթնոլորտը ցույց էին տալիս, որ այդ միասնական թեկնածուն, որի շուրջ ավելի կհամախմբվի ժողովուրդը, ես եմ: Ցանկացած ներքին թեկնածուի շուրջ էլի համախմբում տեղի կունենար, ուղղակի մեր հաշվարկներով առավելագույնը կլիներ իմ դեպքում, եւ դա էլ էր բնական, քանի որ պատերազմը նոր էր ավարտվել, իսկ ես պաշտպանության նախարար էի եղել, դրանից առաջ եղել էի վարչապետ, եւ ժողովուրդն այնուամենայնիվ ուզում է տեսնել փորձված մարդ: Այդ ամենով էր պայմանավորված միասնական թեկնածուն:



 



- Ճիշտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, ինչպես ասում են՝ 96-ին շատ նման ժամանակներ են, բայց քաղաքական դաշտը ցամաք է ու ամայի: Կա՞ այն քաղաքական գործիչը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմությունը եւ կառաջադրեր միասնական թեկնածու, ի վերջո, հնարավո՞ր եք համարում այդ միասնությունը:



 



- Չի լինի: Ես կարծում եմ, այս ընտրություններում՝ ոչ: Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու, որն ունի այդ նույն չափ փորձ, եւ միեւնույն ժամանակ ետեւում կա համախմբված այդպիսի ուժ, նման մարդ հիմա գոյություն չունի: Տներում նստած շատ խելոք մարդիկ կան, խոսքը դրա մասին չի, այլ քաղաքական դաշտում մարդ, որի ետեւում կա մեծ քաղաքական ուժ, նաեւ փորձ եւ կարող է ընտրվել, այս պահին միայն ինքն է:



 



- Դուք մշտապես առաջադրել եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, այս անգամ չե՞ք փորձելու:



 



- Ես անիմաստ եմ համարում, ճիշտն ասած, բայց դա առանձին հարց է: Մենք արդեն որոշել ենք կուսակցությունով, եւ այդ որոշումը վերանայման ենթակա չէ:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ