Դեպի «Ապահով Հայաստան»

Դեպի «Ապահով Հայաստան»
Ազգային ժողովում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 28, իսկ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Հիշեցնենք, որ  նախագիծը կառավարությունը հրատապ կարգով էր ներկայացրել ԱԺ, եւ էթիկայի հանձնաժողովում առաջարկվում է քաղաքական հավասարակշռություն հաստատել:



 



Մինչ քվեարկությունը ԱԺ խմբակցությունները հանդիպում  ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու օրինագծի փոփոխությունները: Թեեւ նախագծի վիճարկվող դրույթների վերաբերյալ վերջնական փոխհամաձայնություն խմբակցությունները  ձեռք չէին բերել, սակայն, ինչպես ԱԺ դահլիճում հայտարարեց  Արփինե Հովհաննիսյանը, «փոխհամաձայնության եզրեր կան»:



 



Հիշեցնենք, որ դեռ նախօրեից է այս նախագիծը բուռն քննարկվում, նախագծով մասնավորապես  նախատեսվում է փոխել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման կարգը: Ներկայումս էթիկայի հանձնաժողովում տեղերը բաշխվում են հավասարության սկզբունքով, եւ բոլոր խմբակցություններից մեկական պատգամավոր է ներկայացված, սակայն, իշխանության առաջարկով, պետք է տեղերը բաշխել ըստ քաղաքական ուժերի համամասնության, եւ այն չպետք է լինի քաղաքական մարմին: Հավասարակշռությունն ապահովելու համար առաջարկվեց «իշխանական» եւ «ոչ իշխանական խմբակցություններ» բառերը կիրառել «ոչ ընդդիմադիր» եւ «ընդդիմադիր» բառերի փոխարեն, իսկ որոշումն ընդունված համարել, եթե «որոշմանը կողմ է քվեարկել ոչ իշխանական եւ իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամ» բառերով: Մինչդեռ ընդդիմությունը պահանջում է հանել այդ ձեւակերպումները, քանի որ խորհրդարանում, ի դեմս ԲՀԿ-ի, կա քաղաքական ուժ, որն իրեն այլընտրանք է հռչակել, եւ եթե ԲՀԿ-ն իշխանություն չէ, ապա ընդդիմություն էլ չէ:



 



Խորհրդարանական ընդդիմությունը եւ ԲՀԿ-ն հայտարարել են, որ եթե իրենց առաջարկները չընդունվեն, ապա հանձնաժողովից հետ կկանչեն իրենց անդամներին, եւ հանձնաժողովում կմնան միայն ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները: Էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը քվեարկությունից առաջ ասաց, որ իրենց խմբակցությունը եւս դեմ  է քվեարկելու օրինագծի առաջին ընթերցման ժամանակ, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: Իսկ համաձայնություն պետք է ձեռք բերվի հետեւյալի շուրջ. ԲՀԿ-ն առաջարկում է 6 պատգամավորի փոխարեն հանձնաժողովում ընդգրկել 7 պատգամավոր. 2-ը՝ ՀՀԿ-ից, 1-ը՝ ՕԵԿ-ից, 3-ը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ժառանգությունից», իսկ մեկ պատգամավոր էլ՝ «այլընտրանքային» ԲՀԿ-ից, որպեսզի, ըստ Ս. Մարգարյանի, այդ հանձնաժողովը ներկայացնի ԱԺ քաղաքական հավասարակշռությունը: «Պետք չի հաթաթա տալ, որ մենք չենք մասնակցելու, հանձնաժողովի անդամ չենք լինելու: Նման բան մտքներիցդ հանեք»,- նիստի վերջում ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «ՀՀԿ-ն ընդդիմություն եղել է եւ երբեք չի վախեցել»։



 



ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովից ոչ թե առավելություն է ուզում, այլ, ըստ Սահակյանի, հավասար պայմաններ:  «Հիմա ընդդիմությունն ասում է՝ ճշմարտության կարեւորագույն գործոնը մենք ենք: Ի՞նչ է նշանակում 70 պատգամավորի փորձ անել խայտառակել, իբրեւ թե էթիկայի կանոններ են խախտել, այդ գաղափարն ում մոտ առաջացել է, իրեն է նվաստացնում: Մենք այս նախագծով փորձեցինք նորից քննարկել»,-ասաց նա:



 



Մի բան ակնհայտ է, որ իշխանությունը «չորով» որոշել է ընդդիմությանը զրկել իրականում սիմվոլիկ գործառույթ ունեցող էթիկայի հանձնաժողովում ունեցած մեծամասնությունից, ընդ որում սա միակ տեղն է, որտեղ իշխող ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմում: Այդ հանձնաժողովի որոշումներն իրավական հետեւանքներ չունեն, դրանց իմաստը որեւէ պաշտոնյայի հակաէթիկական կերպարը բացահայտելն է: Հանձնաժողովը ընդամենը նիստեր էր գումարում, հայտարարության տեքստ ընդունում, որը հանձնաժողովի նախագահը, այժմ դա Նիկոլ Փաշինյանն է, ընթերցում է ԱԺ ամբիոնից: Միայն այսքանը: Հենց այսպես է իշխող ՀՀԿ-ն հպարտորեն տանում երկիրը դեպի «Ապահով Հայաստան», որտեղ ինքն ամբողջովին  ապահովագրված կլինի ընդդիմադիրների թեկուզ սիմվոլիկ, բայց տհաճ որոշումներից: