Չեմ հասկանում

Չեմ հասկանում
Ես անշուշտ հասկանում եմ, որ մարդը կարող է աճել ու փոխվել, վերանայել իր հայացքները, մոտեցումները: Ի վերջո՝ ներել իրեն ցավ պատճառած մարդկանց՝ ըմբռնելով, որ դա կարող էր լինել չգիտակցված ու ոչ միտումնավոր: Բայց երբ ժամանակին իրար կոկորդ կրծող հակառակորդները կարող են մի օր դառնալ բարեկամներ եւ իրար դիֆերամբներ ձոնել, չեմ հասկանում:



 



Դրանից անսկզբունքայնության, անողնաշարության, անինքնասիրության հոտ է փչում: Ասենք, ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպես կարող է մեկը մյուսին «դատարկ դհոլ» անվանել, հետո նրա ձեռքը բռնել, նրան «գերեզմանից» հանել ու կենդանացնել, նրա «սատարումի» հետ հույսեր կապել: Կամ՝ ինչպես կարող է մեկը մյուսին մեղադրել պետության փողերը մսխելու՝ «ղումար» խաղալու մեջ, հետո նրա ներկայացուցիչը դառնալ Ազգային ժողովում՝ ներկայացնելով նրա շահերն ու մոտեցումները: Նույնկերպ չեմ հասկանում, թե ինչպես է ավազակապետությունը քանդելու խոստում տված անձը համագործակցության ծրագրեր մշակում այդ ավազակապետության հիմնասյուներից մեկի հետ, ով օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչն է եւ երկար տարիներ այդ իշխանության մաս է կազմել:



 



Նաեւ չեմ հասկանում այն անձանց, ովքեր տասնյակ տարիներ քաղաքականության մեջ են եւ այդպես էլ իրենց տեղը չեն գտնում քաղաքական դաշտում՝ մեկ աջ են, մեկ՝ ձախ, մեկ կենտրոնամետ, մեկ արեւմտամետ են, մեկ՝ ռուսամետ: Չեմ հասկանում նաեւ ընտրությունից ընտրություն անհայտությունից ծլող անձանց, ովքեր «դամ բռնողների» դերն են կատարում՝ որպես նախագահական ընտրությունների պարտադիր ատրիբուտ: Եվ ինչպե՞ս կարելի է հասկանալ նրանց, ովքեր երկար ճանապարհ են անցել իրենց զինակիցների, գործընկերների հետ, ապա մի անիմաստ պատճառով բաժանվել ու մոռացել միասին կերած աղուհացը: