Ո՞ւր կորան ծառուկյանական մեքենաները

Ո՞ւր կորան ծառուկյանական մեքենաները
Գյումրիում ձյան մաքրման աշխատանքները Վարդանիկի մեթոդներով են կատարվում: Գյումրեցիներից շատերը դժգոհում են, որ Վարդան Ղուկասյանի ժամանակ էլ մի բան չէր, հիմա էլ: «Մի քիչ անզգույշ քայլես՝ կընկնես-ջարդուխուրդ կլինես»,-ասում է տարեց զրուցակիցս՝ 77-ամյա Վաղինակ պապը: Կոտրվածքներ ստանալու մտավախությունից զատ, վարորդներն էլ պետք է զգուշանան. ամառային անվադողերով երթեւեկելն այս սեզոնին դժբախտ պատահարների պատճառ կարող է դառնալ: Քաղաքում երկրորդական փողոցները, մայթերն ընդհանրապես չեն մաքրվում:



 



Քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց,  որ մայթերն էլ են մաքրվում,  մայթերի ասֆալտը խորդուբորդ է՝ տրակտորներից մեկը վնասել են, բայց արդեն սարքել են: Նա օրինակ բերեց  Կիրովի ճեմափողոցը, որ ամեն առավոտ ավլում են: Նշենք, որ նախ մի ճեմափողոցով չի կարելի սահմանափակվել, բացի այդ՝ մեր աչքի տեսածի՞ն հավատանք, թե՞ պարոն Մանասյանի խոսքերին: Ինչպես ռուսը կասեր՝ «доверяй, но проверяй»: Դեռ մայթերը մի կողմ թողնենք, գլխավոր փողոցներից որն էլ մաքրվում է, ձյունը մայթերին են թափում, մինչդեռ ձյուն մաքրող հատուկ տեխնիկայով այն պետք էր հեռացնել մայթերից, սակայն, ըստ Կ. Մանասյանի, իրենք չունեն այդպիսի մեքենաներ: Նրա խոսքերով, ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են  Հաղթանակի պողոտայում, Սայաթ-Նովա, Լենինգրադյան փողոցներում, մաքրվել են Շիրակացի փողոցը, Երեւանյան խճուղին, գիշերվա ժամերին մաքրվել են Պարույր Սեւակ եւ Չարենցի փողոցները:



 



Մեր այն հարցին, թե ինչու քաղաքապետարանը չի օգտագործում Գագիկ Ծառուկյանի նվիրած  ձյուն մաքրող 10 մեքենաները, Կ. Մանասյանն ասաց, որ դեկտեմբերի 20-ին առաջին անգամ փորձարկում են իրենց տրված երկու նոր տրակտորները, որոնք Մուշ-2 թաղամասի համար են նախատեսված: Մյուսները կահավորված չէին ձյուն մաքրելու համար, դրանք ավելի շատ գյուղատնտեսական աշխատանքների համար են նախատեսված:



 



«Դժվարություններ ունեցել ենք  առաջին գերեզմանոց տանող, դեպի Շահումյան փողոց, մսի կոմբինատ, Կազաչի պոստ տանող ճանապարհների մաքրման հարցում, մաքրելու ենք նաեւ կենտրոնական փողոցներն իրար կապող փողոցները: Մեկ գործող խոշոր գրեյդեր ունենք, եւս 1-ը պետք է ոտքի հանենք, եթե ձյուն մաքրող 2 հատ մեքենա էլ հանենք, կդառնա 7-ը:  Ունեցած «ԶԻԼ» մեքենաներով փողոցները պետք է մաքրել անմիջապես ձյան գալուց հետո, իսկ աղ ու ավազ ցանվում են փողոցների վտանգավոր հատվածներում»:



 



Կ. Մանասյանը հավելեց, որ ձմեռվա համար անհրաժեշտ 30 տոննա աղ, մոտ 600 խմ ավազ են կուտակել: 2012 թվականին սանմաքրման աշխատանքների համար համայնքային բյուջեով 181 մլն դրամ է նախատեսված եղել, 2013-ի համար պարզ կլինի, երբ բյուջեն հաստատվի:



 



Նշենք, որ Շիրակի մարզի Ախուրյանի, Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում եւս իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ: Որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են: Օրինակ, Անիի տարածաշրջանի Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհը: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են 3 ձյունմաքրիչ մեքենաներ, 2 գրեյդերներ եւ 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Արթիկում դժվարանցանելի է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի Մեծ Մանթաշ-Ալագյազ հատվածը: Ախուրյանում աշխատում են 6 ձյունմաքրիչ մեքենաներ, 3 գրեյդերներ եւ 5 ինքնաթափ բեռնատար մեքենաներ:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ