Մենք հպարտ կքայլենք Շենգենով

Մենք հպարտ կքայլենք Շենգենով
Մինչ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի՝ Բրյուսելում արձանագրություն ստորագրելը, բոլորը միաբերան պնդում էին, որ ՀՀ քաղաքացիների համար դեպի Շենգենյան երկրներ վիզային ռեժիմների մեղմացումը լուրջ առաջընթաց է Հայաստան-ԵՄ հարաբերություններում, որ մեզ էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը: Սակայն, երբ եղան առաջին մեկնաբանությունները, թե ինչ է իրենից ներկայացնում այդքան թմբկահարված արձանագրությունը, պարզվեց, որ մեր արտգործնախարարը դարձյալ այն արձանագրությունը չի ստորագրել, որ մեզ խոստացվում էր:



 



Կարող ենք բոլորին վստահեցնել, որ մինչ խնդրո առարկա արձանագրության ստորագրումը, առնվազն Հայաստանում ոչ մի խոսք չի ասվել դրա մյուս երեսի մասին: Իսկ այդ երեսին սեւով սպիտակին գրված է, որ Հայաստանն էլ պարտավորվում է համապատասխան ընթացակարգով հետ ընդունել եվրոպական երկրներում ապաստանած այն հայաստանցիներին, ովքեր անօրինական հիմունքներով են գտնվում այնտեղ: Ամբողջության մեջ այս արձանագրությունն այլեւս երկսայրի թուր է իշխանության ձեռքին՝ ընդդիմության դեմ պայքարում: Կարող են ասել, որ դրանում վատ բան չկա, այն մի բան էլ օգուտ է մեզ, որովհետեւ նպաստում է ներգաղթին, իսկ մյուս կողմից էլ՝ կարող են գլուխ գովել, թե մերձեցել ենք Եվրամիությանը:



 



Իրականում տեղի է ունեցել այն, որ մենք գոնե չենք հեռացել ԵՄ-ից, բայց, որպեսզի չհեռանանք, պարտավորվել ենք նրանց համապատասխան կառույցների որոշումով հետ ընդունել մեր այն միգրանտներին, ովքեր, թեկուզ անօրինական եղանակով, ապրում ու մի կտոր հաց են վաստակում այդ երկրներում: Չենք խոսում արդեն Հայաստան եկող օգնությունների մասին, որոնք զգալիորեն կնվազեն միգրանտներին արտաքսելու դեպքում:



 



Մեկ-երկու տարի առաջ, երբ Էրդողանն սպառնում էր Թուրքիայից քշել անօրինական կարգով այնտեղ ապրող ու աշխատող հայերին, մենք վայնասուն էինք բարձրացրել ողջ աշխարհով, թե այդ ի՞նչ անմարդկային կերպար է Էրդողանը: Իսկ օրերս Էդվարդ Նալբանդյանը վավերացրել է հերթական պրոտոկոլը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Էրդողանի բանավոր հայտարարության եվրոպականացված գրավոր տարբերակը: Ճիշտ է, եվրոպացիները եւ ՀՀ իշխանությունները, իրենց ասելով, հեշտացնում են մեր մուտքը Շենգենի գոտու երկրներ, բայց երեւի եվրոպացիներին պետք էր փոխանցել, որ այդ ֆրոնտում Թուրքիայից իրենք դեռ շատ հետ են: ՀՀ քաղաքացիները վաղուց է, ինչ ազատ ելումուտ ունեն Թուրքիա, իսկ ԵՄ-ն այսքան տարի միայն պոչ է խաղացնում մեզ մոտենալ-չմոտենալու գործընթացներում:



 



Պրոտոկոլի հիմնական երեսը, որտեղ նշված են հեշտացված կարգով Եվրոպա մեկնելու թույլտվություն ունեցող կատեգորիաները, ուղղակի զավեշտ է հիշեցնում: Պարզվում է, որ այդպիսիք են ուսանողները, լրագրողները, առողջական խնդիրներ ունեցողները, գործարարները, գիտնականները: Եվ սա դեռ ամբողջը չէ: Բավական է, որ ճակատիդ գրված չլինի հանցագործ: Նման բան երեւի կարելի էր անել մի երկրի քաղաքացիների համար, ովքեր ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարողանա կեղծ ուսանողական գրքույկ, լրագրողի վկայական, բժշկի թուղթ, ՍՊԸ-ի գրանցման վկայական կամ գիտությունների թեկնածուի կոչում հանել՝ հեշտացված կարգից օգտվելու նպատակով: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ պարոն Նալբանդյանի ստորագրությամբ վավերացված սույն պրոտոկոլը առնվազն հայերիս համար նաեւ հոգեբանական կողմ ունի, մեր մենթալիտետը փոխելու չգրված պահանջ՝ չխաբել դիմացինին, նույնիսկ եթե նա եվրոպացի է:



 



Կփորձենք, իհարկե, բայց մյուս կողմից էլ հետաքրքիր է, թե հանձնում-ընդունումների (սեփական կամքով մեկնողների եւ ուրիշի կամքով վերադարձվողների) ինչ հաշվեկշիռ ենք ունենալու ապագայում: Չստացվի՞ այնպես, որ հեշտացված կարգով Հայաստանից մեկնող ուսանողներին, լրագրողներին, ինժեներներին, գիտնականներին, բիզնեսմեններին հեշտացված կարգով տանեն, իսկ նպաստառուներին, աշխատել չսիրող անհույս տարրին, եվրոպացիների տնամերձներում քաղհան անողներին եւ տատիկ-պապիկ պահողներին մարդասիրական ուղերթով մեզ ուղարկեն:



 



Երեւի շատերը մեզ կմեղադրեն եզան տակ հորթ փնտրելու մեջ, կեղծ տագնապ կորակեն մեր այս մտահոգությունը: Վնաս չունի: Մեր պարտքն այս մասին խոսելն էր եւ հերթական անգամ հիշեցնելը, որ լավ ու էժան պանիրը թակարդում է լինում, իսկ կարեւոր ընտրություններից առաջ այն լրիվ անվճար է դառնում: Եթե մեր կառավարության նախընտրական որեւէ խոստում երբեւէ իրականացված լիներ, երեւի Եվրոպան ուղղակի բացեր իր դռները Հայաստանի առաջ, եւ կարիք չլիներ այսքան ճոռոմացնելու մի արձանագրություն, որի մեջ ընդամենը սիրուն խոսքեր կան, իսկ տակը՝ ոչինչ: «Նախընտրական «իմպորտնի» փուչիկ». մեր կարծիքով, հենց այսպես պետք է բնորոշել ԵՄ եւ ՀՀ իշխանությունների՝ մի ուրիշ ձեւ մերձեցման այս արարողությունը:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ